Հենց առաջնորդի բերանից. կուսակցության ղեկավարն իր անձնական հեռախոսահամարն է տրամադրում հավանական ընտրազանգվածին

Հենց առաջնորդի բերանից. կուսակցության ղեկավարն իր անձնական հեռախոսահամարն է տրամադրում հավանական ընտրազանգվածին

Ֆոտոլուր

«Ինձ օրեկան հարյուրավոր մարդիկ են զանգում», ասում է Կարապետյանը:

Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, որին պատկանող «ԱԼՄ» հեռուստաընկերությունը զրկվեց հեռուստակապուղուց, կտրուկ միջոցների է դիմում՝ սեփական բջջայինի հեռախոսահամարը տրամադրելով հավանական ընտրազանգվածին, որպեսզի վերջինս ականջալուր լինի իր ուղերձին:


Հունվարի 19-ին Երևանում անցկացված չորրորդ հանրահավաքի ժամանակ էլ, որը, ի դեպ, իր չափերով գրեթե չէր զիջում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին, մարդկանց բաժանվեցին թերթիկներ, որոնց վրա գրված էին Կարապետյանի հեռախոսահամարները (010 249399, 091 424020):

«Ոչ մի արտառոց բան էլ չեմ արել. իմ համարները միշտ էլ հասանելի են եղել մարդկանց: Ուղղակի այս անգամ իմ հեռուստաընկերությունը փակելով` իշխանությունը մտածեց, թե ես կկորցնեմ բոլորին հանրահավաքների մասին տեղյակ պահելու հնարավորությունը: Ես էլ որոշեցի բոլորին բաժանել իմ համարները և նաև վերցնել նրանց հեռախոսահամարները, որպեսզի փոխադարձ կապ ստեղծվի: Բացի այդ, ինձ աջակցող մարդիկ հարուստ չեն և չունեն համակարգչից ու ինտերնետից օգտվելու հնարավորություն»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Կարապետյանը:

Մամուլով շրջանառվող` գրեթե 11.000 մարդու հետ հեռախոսով կապ ունենալու թիվը, Կարապետյանի հավաստմամբ, շատ ավելի է:

«Ամեն օր զանգում են հարյուրավոր մարդիկ, ովքեր հիմնականում զրուցում են երկրի անկայուն վիճակից»,- ասում է Կարապետյանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը չի կարծում, թե նորամուծությունը Կարապետյանի հետևորդների թիվն ավելացնի: Նա համաձայն չէ նաև այն կարծիքին, թե հանրահավաքներին ներկա համեմատաբար մեծ բազմությունը վկայում է Կարապետյանի կուսակցության ազդեցիկ ընդդիմադիր ուժ դառնալու մասին:

«Կուզի այնտեղ Կարապետյանը կանգնած լինի, կուզի մեկ այլ ընդդիմադիր ուժ, միևնույն է` մարդիկ կհավաքվեն, քանի որ գտնվում են սոցիալան ծանր վիճակում, և պետության վարած սոցիալական ու տնտեսական քաղաքականությունն օրեցօր ավելի է վատթարացնում նրանց վիճակը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Բոզոյանը:

Սակայն քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանն ասում է, որ այժմ կա մարդկանց մի զանգված, որը նոր առաջնորդ է փնտրում քաղաքականության մեջ, և այս դեպքում եթերազրկված հեռուստաբանավեճեր վարողը դարձել է հենց այդ մարդը:

«Բայց իրականում միայն նման տեխնոլոգիաներ կիրառելով հնարավոր չէ մեծ ընտրազանգված հավաքել, Կարապետյանը պետք է նաև գրագետ աշխատի»,- համոզված է Բադալյանը:

Նրա համոզմամբ` ներկայիս քաղաքականությամբ Կարապետյանն ավելի շատ «ջուր է լցնում իշխանական ջրաղացին», քանի որ դժգոհ ընտրազանգվածին բողոքի ակցիաների հավաքելով` հնարավոր է թուլացնել դժգոհության ալիքը ընտրություններից առաջ:

«Ու, չգիտես ինչու, բոլորը մոռանում են, որ 2007-2008 թթ. նա կանգնած է եղել նույն իշխանության կողքին բոլոր հեռուստաընկերությունների հետ և սև փիար է իրականացրել ընդդիմության առաջնորդի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ»,- ասում է Բադալյանը:

ԱրմենիաՆաուի էջերում