Հայաստանի ընդդիմությունը կփորձի խորհրդարանում ապահովել «ծանրակշիռ» ներկայություն` բարձրացնելու Սարգսյանի իմփիչմենթի հարցը

Հայաստանի ընդդիմությունը կփորձի խորհրդարանում ապահովել «ծանրակշիռ» ներկայություն` բարձրացնելու Սարգսյանի իմփիչմենթի հարցը

Ֆոտոլուր

Ուրբաթ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, թե քանի որ արտահերթ ընտրությունները չեն ստացվում, ՀԱԿ-ը կձգտի գալիք տարվա ընտրությունների ժամանակ Ազգային ժողովում ապահովել «ծանրակշիռ» ներկայություն, որպեսզի կարողանա բարձրացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը:

Ելույթ ունենալով Երևանի Ազատության հրապարակում հավաքված մի քանի հազար աջակիցների առաջ` առաջին նախագահն ասել է, որ իր ընդդիմադիր դաշինքը շարունակում է ամեն ինչ անել` ստիպելու իշխանություններին արտահերթ ընտրություններ կազմակերպել: Սակայն նա շեշտել է, որ անկախ իրադարձությունների անկանխատեսելի զարգացումներից իրենք պարտավոր են այսօրվանից ևեթ զբաղվել արդար ընտրություններ կազմակերպելու «մեխանիկական» հարցերով:

«Հայաստանի ներքաղաքական պայքարը թևակոխում է նախընտրական փուլ,- ասել է Տեր-Պետրոսյանը: - Եթե առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա Կոնգրեսը կձգտի ԱԺ-ում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որ առանձին կամ այլ ուժերի հետ կազմակերպած դաշինքով ի վիճակի լինի բարձրացնել Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը»:

Ըստ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի` հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան: Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հանրահավաքի գրեթե բոլոր ելույթ ունեցողներն անդրադարձել են տապալված արաբական վարչակարգերին, մասնավորապես` Թունիսում Բեն Ալիին, Եգիպտոսում Հոսնի Մուբարաքին և վերջերս դաժանորեն սպանված գնդապետ Մուամար Քադաֆիին, որը երկար ժամանակ ղեկավարել է Լիբիան: Սակայն նրանք իշխանությունը բռնի տապալելու կոչեր չեն արել:

Սեպտեմբերի 30-ին հարյուրավոր ընդդիմադիրներ Ազատության հրապարակում մասնակցեցին ավելի քան մեկշաբաթյա նստացույցի: Այդ ժամանակ ընդդիմությունը հայտարարել էր, որ կքննարկի «շուրջօրյա» բողոքի ակցիաներ կազմակերպելու հարցը, մինչև բավարարվի արտահերթ ընտրություններ կազմակերպելու իրենց պահանջը:

Վերջին հանրահավաքի ընթացքում, սակայն, Տեր-Պետրոսյանը չշտապեց անհապաղ լայնածավալ բողոքի ակցիաներ կազմակերպելու կոչեր անել: Փոխարենը ընդդիմությունը երթով անցավ Երևանի կենտրոնական փողոցներով:

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը նախատեսվում է նոյեմբերի 25-ին, երբ, Տեր-Պետրոսյանի խոսքով, կորոշվի իրենց հետագա գործելակերպը:

2008 թ. փետրվարին տեղի ունեցած վիճահարույց ընտրություններից հետո շուրջօրյա բողոքի ակցիաները հանգեցրին իրավապահ մարմինների և ցուցարարների միջև բախումների, որոնց զոհ գնաց տասը մարդ: Ռեպրեսիվ գործողությունները անկախությունից ի վեր Հայաստանում ամենախոր քաղաքական ճգնաժամի պատճառ դարձան:
ԱրմենիաՆաուի էջերում