Տեր-Պետրոսյանը չի բացառում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը` զգուշացնելով նրան ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով հանդես գալու առնչությամբ

Տեր-Պետրոսյանը չի բացառում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը` զգուշացնելով նրան ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով հանդես գալու առնչությամբ

Ֆոտոլուր

Հայաստանի հիմնական ընդդիմադիր դաշինքի ղեկավարը չի բացառել իշխանամետ խոշոր կուսակցության հետ համագործակցելու հնարավորությունը` ենթադրելով, որ նրա տարաձայնությունները կոալիցիոն ավելի խոշոր գործընկերոջ հետ համընկնում են իր բլոկի շահերին:

Ուրբաթ Երևանում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, կանխատեսել է, որ իշխանական օղակներում բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ ու պաշտոնանկումներ դեռ էլի կլինեն, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, որ իշխող կոալիցիայի ներսում լուրջ տարաձայնություններ են ծագել, մասնավորապես Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) միջև։ Կարծիք կա, որ ԲՀԿ-ն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ ստեղծված կուսակցություն է:

Միևնույն ժամանակ Տեր-Պետրոսյանը հորդորել է ԲՀԿ-ին հստակորեն սահմանազատվել Քոչարյանից, որպեսզի խուսափի «2008 թ. մարտի 1-ին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից»։ Առաջին նախագահը նաև ասել է. «Բարգավաճ Հայաստանն» իր դեմքն իսպառ կկորցնի նաև այն պարագայում, եթե, բավարարվելով կրտսեր եղբոր կարգավիճակով, խորհրդարանական ընտրություններին մասնակցի հանրապետականների հետ կազմած միասնական ցուցակով»։

«Իհարկե, առայժմ դժվար է գուշակել, թե որքան հեռուն կգնան իշխանական կոալիցիայի ներսում ծագած տարաձայնությունները, բայց եթե պարզվի, որ «Բարգավաճ Հայաստանն» անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից և պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ ազգային կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները»,- ասել է Տեր-Պետրոսյանը` շեշտելով, որ դա ոչ թե Կոնգրեսի պաշտոնական, այլ իր անձնական տեսակետն է։

Վերջերս լրատվամիջոցներում չհաստատված լուրեր էին շրջանառվում, թե ԲՀԿ-ն հնարավոր է գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին մասնակցի հանրապետականների հետ կազմած միասնական ցուցակով։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում լրատվամիջոցները շարունակ քննարկում էին կոալիցիոն գործընկերների միջև խորացող տարաձայնությունները` որպես ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի և նրա նախորդի` Քոչարյանի միջև ոչ բացահայտ մրցակցության նշան: Նման ենթադրությունների ավելի մեծ տեղիք տվեցին այս ամսվա սկզբին Հայաստանի հյուսիսային քաղաքներից Իջևանում քաղաքապետի ընտրությունները, որտեղ ԲՀԿ թեկնածուն հաղթեց գործող ղեկավարին, որին աջակցում էր ՀՀԿ-ն:

Որոշ վերլուծաբաններ ասում են, որ Իջևանում ԲՀԿ հաջողությունը խոսում է գալիք տարվա մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցության ավելի մեծ հավակնությունների մասին:

Տեր-Պետրոսյանը հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած այն ենթադրությունները, թե ՀԱԿ-ը սատարել է ԲՀԿ-ին Իջևանի քաղաքապետի ընտրություններում: «Եթե տարբեր ընդդիմադիր ուժերի, այդ թվում` Կոնգրեսի տեղի կառույցների կողմից իսկապես այդպիսի աջակցություն ցուցաբերվել է, ապա դա կարելի է միայն ողջունել»,- ասել է Տեր-Պետրոսյան` ենթադրելով, որ պայքարը եղել է ռեժիմի դեմ, այդ իսկ պատճառով արդարացված է:

ՀԱԿ-ը ներկայացրել է նաև իր համակարգող Լևոն Զուրաբյանի խոսքով` Սերժ Սարգսյանի հրաժարականի համար առկա մի շարք իրավաքաղաքական հիմքեր: Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի մասին «հռչակագրում» նշված էին Սահմանադրության դրույթների տասնյակ խախտումներ, որոնք երկրի ներկայիս ղեկավարը ենթադրաբար թույլ է տվել նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ և հետո:

Զուրաբյանն ասել է, որ ՀԱԿ-ն այս առումով իրավական պայքար կտանի` «լայն զանգվածների» աջակցությամբ: Ընդդիմադիրը հայտարարել է, որ երթ կանցկացվի դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
ԱրմենիաՆաուի էջերում