2011 թ. քաղաքականություն. քաղաքական երկխոսության, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից հեռացման/հրաժարականների, նախընտրական հրմշտոցի տարի
2011-ն առանձնահատուկ էր կոալիցիոն գլխավոր դերակատարների` Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների առճակատումներով, որն սկսվեց տարեսկզբին ու փոքր-ինչ հանդարտվեց կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո: Ստորագրված հուշագիրը հայաստանյան ներքաղաքական կյանքում նոր մշակույթ ձևավորեց, որը սակայն քննադատության արժանացավ արտակոալիցիոն գրեթե բոլոր ուժերի և անկախ վերլուծաբանների կողմից: Քաղաքական գարունը բացվեց «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում (այդ ժամանակ դեռևս փակ էր հիմնական ընդդիմության համար) «Ծոմ ազատության» 15-օրյա հացադուլով, , որն էլ ջրի երես հանեց ընդդիմադիր երկու թևերի` Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգության» միջև տարաձայնությունները ` հասնելով անգամ վիրավորանքների: ՀԱԿ-ի համար տարին հակասական էր. մի կողմից հաղթանակներ` Ազատության հրապարակի վերանվաճում, համաներում, իշխանության հետ երկխոսության հնարավորության ստեղծում, մյուս կողմից` ներքին բախումներ: ՀԱԿ-իշխանություն երկխոսության առկախումից հետո` սեպտեմբերին, ընդդիմադիրները սկսեցին հանրահավաքային պայքարի նոր շրջանը, որը հոկտեմբերին ուժգնացավ` վերածվելով շուրջօրյա , սակայն անարդյունք պայքարի: Տարին նշանավորվեց հրաժարականների շքերթով, որոնք, ի տարբերություն նախորդ տարվա փոխատեղումների, բնորոշվեցին ոչ թե «կոսմետիկ բարեփոխումներով», այլ զուտ «նախընտրական դիրքավորմամբ»: Օրենսդիր մարմնի լիազորությունների հնգամյա ժամկետը լրանալուց կես տարի առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց պետության երկրորդ դեմքը` ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը` հայտարարելով, թե պատրաստվում է գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը 2012-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Աբրահամյանը դարձավ անկախ Հայաստանի արդեն հինգերորդ խոսնակը, որ չպաշտոնավարեց մինչ խորհրդարանի լիազորությունների ավարտը: Աբրահամյանին փոխարինեց ՀՀԿ մեկ այլ ներկայացուցիչ` փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Վերջին պահին իր թեկնածուին առաջադրեց խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը, որը չկարողացավ լուրջ մրցակցություն ստեղծել կոալիցիայի խոշոր քաղաքական ուժի` ՀՀԿ թեկնածուի հետ պայքարում: Սակայն հրաժարականներն այսքանով չավարտվեցին. իր դիմումի համաձայն պաշտոնից հրաժարվեց ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանը` հայտարարելով, թե պատրաստվում է օգնել Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու գործում: Հրաժարական տված բարձրաստիճան պաշտոնյաների շարքում էին նաև 11 ամիս պաշտոնավարած Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Մինչ իշխանական վերնախավում վերադասավորումները շարունակվում էին, Հանրապետական-«Բարգավաճ» առճակատման նոր բռնկումներ սկսվեցին ՀՀ վարչապետ հանրապետական Տիգրան Սարգսյանի` «կոտրած տաշտակի» վերլուծություն-առաջարկ արեց ԲՀԿ-ին: Աշնան վերջը ԲՀԿ-ականների համար դժվարին ժամանակաշրջան էր, երբ սկսվեց, Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ` «վհուկների որսը». թմրանյութերի հետ կապված մեղադրանքներով ձերբակալվեցին կուսակցության մի քանի անդամներ և աջակիցներ, իսկ այնուհետև լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, թե հնարավոր է, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցեն կոալիցիոն համամասնական ցուցակով: Այս տարի առանձնահատուկ կերպարով հանդես եկավ ՀՀ տեխնոկրատ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը, դուրս գալով իր «դասախոսի» կերպարից, հայտնվեց մեկ այլ դերում` հիշելով իր պապի խորհուրդը. «Կյանքում ընկերություն չանել էն մարդկանց հետ, որոնք չեն խմում»: Խորհրդարանական փոքրամասնություն կազմող կուսակցություններից Դաշնակցությունն էլ տարվա վերջին մոռացության տվեց իր ընդդիմադիրի կեցվածքը և կառավարության հրաժարականի, քննադատության հետ մեկտեղ ընտրեց իշխող Հանրապետականի ԱԺ թեկնածուին: Նման քվեարկությունն ի ցույց դրեց «Ժառանգության» և ՀՅԴ-ի միջև առկա մրցակցությունը: 2011-ի ընթացքում չմոռացվեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մինչ տարվա սկզբին չէին դադարում ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու մասին քննարկումները, սեպտեմբերին Քոչարյանն ինքը պատասխան տվեց բոլոր հարցերին` հայտարարելով, որ >«չի բացառում» իր վերադարձը: Սակայն տարին առանձնացավ դրսից հնչող կոշտ քննադատությամբ ու դրանց հեղինակների բարձր դիրքով: Իշխանությունների համար սառը ցնցուղ էր սեպտեմբերին սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ելույթը, որն իշխանություններին մեղադրեց Հայաստանը «հայաթափելու» և երկրում «ներքին արյունահոսություն» ստեղծելու մեջ: Դրան հաջորդեց հայտնի ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանի քննադատությունը երկրում կոռումպացված համակարգի, տնտեսության կործանման մասին: Սակայն առավել խոցելի ու ազդեցիկ էր ֆրանսահայ մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի խոսքը` իշխանությունների կողմից «ներքին ցեղասպանություն» իրականացնելու վերաբերյալ: Սակայն հետագայում պետական լրատվական գործակալության միջոցով Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հետագայում հերքեց, թե նման բան է ասել, սակայն շատերն այս հերքումը որակեցին զուտ դիվանագիտական, դրդված քայլ:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.