Էթիկայի հարց. նոր կառույցը կվերահսկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը

Էթիկայի հարց. նոր կառույցը կվերահսկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը

Photo: www.president.am

Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հրավիրեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաջին նիստը

Հունվարի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը, որի գործունեության տիրույթը ներառելու է 500 բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումը, շահերի բախման դեպքերի և էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը և այլ գործառույթներ:

Հայաստանն այն երկրներից է, որտեղ ունևոր մարդկանց վարկանիշ չի կազմվում: Հավանաբար այն պատճառով, որ հարուստ մարդկանց գերակշիռ մասը կա´մ գործադիր պաշտոնյա է, կա´մ պատգամավոր, որոնց օրենքով արգելվում է բիզնեսով զբաղվել:

Միջազգային ֆինանսական կազմակերպության վերլուծության համաձայն` հենց խոշոր բիզնեսն է Հայաստանում կոռուպցիայի և ստվերային եկամուտի որջը: Համաշխարհային բանկի տվյալներով` Հայաստանի էկոնոմիկայում ստվերային հատվածը կազմում է ՀՆԱ-ի 35-40%-ը: Հայաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը պնդում է, որ ստվերային մասնաբաժինը կազմում է 55%: Դա նշանակում է, որ բյուջե է մտնում հարկերի միայն կեսը:

Սակայն ոչ ոք չի կարող ստույգ ասել` ով և որքան պետք է հարկ վճարի, որովհետև ոչ ոք չի հաշվում քաղաքացիների իրական եկամուտը և գույքը: Ըստ ԱՄՀ-ի` հատկապես շատ է «ստվերը» լեռնահանքային արդյունաբերությունում, որի սեփականատերերը հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ են:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է հանձնաժողովի անդամների հետ, և պետության ղեկավարի խոսքով` հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է և «արդար կառավարման» համակարգի ներդրումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը: Նա շեշտել է, որ որևէ ազդեցություն չի կարող լինել հանձնաժողովի անդամների վրա, բացի օրենքի ազդեցությունից և նրա բարոյական չափանիշներից:

Արդյոք կկարողանա՞ հանձնաժողովն իրականացնել իր առաքելությունը` կախված է իշխանության քաղաքական կամքից: Հայաստանում սկսվում է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ակտիվ նախապատրաստական շրջանը: Ընդդիմադիր ՀԱԿ-ի տվյալներով` 131 պատգամավորների կեսից ավելին բիզնես ունի, ինչն օրենքով արգելված է: Նախագահ և իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որր ապագա խորհրդարանում չպետք է լինեն օլիգարխներ և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ: Կուսակցության ղեկավարությունն արդեն հայտարարում է, որ ՀՀԿ կուսակցական ցուցակներում ներկայիս պատգամավորների մեծ մասը չի լինի:

Հնարավոր է էթիկայի հանձնաժողովը «կօգնի» ՀՀԿ ղեկավարությանը ազատվելու քրեականացված բիզնեսը ներկայացնող իր պատգամավորներից, ինչպես նաև մրցակիցներից` ի դեմս կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության:

Հայաստանում արդեն մի քանի տարի պարտադիր է պաշտոնյաների եկամուտների հայտարարագրումը, սակայն ոչ ոք չի հետևել հայտարարագրման հավաստիությանը: Անցյալ տարիներին ներկայացված հայտարարագրերից հետևում է, թե հայ պաշտոնյաները աշխարհի ամենաչքավոր պատգամավորներն են: Սակայն նրանցից շատերի ապրելակերպը, բիզնեսը, հիմնականում` մենաշնորհային, վկայում էին հակառակի մասին: Հնարավոր է էթիկայի հանձնաժողովը կկարողանա լույս սփռել հայկական օլիգարխիայի «ստվերի» վրա:
ԱրմենիաՆաուի էջերում