Հրազդանի ընտրություններ. քաղաքապետի պաշտոնի մրցապայքարը դիտարկվում է որպես 2012-ի խորհրդարանական ընտրությունների փորձաքար

Հրազդանի ընտրություններ. քաղաքապետի պաշտոնի մրցապայքարը դիտարկվում է որպես 2012-ի խորհրդարանական ընտրությունների փորձաքար

Ֆոտոլուր

Ընդդիմության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանին բանտից ազատվելիս դիմավորում են իր աջակիցները: Մայիսի 27, 2011 թ.:

Քաղաքական վերլուծաբանները առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ «ստուգարք» և «փորձաքար» բառերով են բնորոշում ուղիղ մեկ ամսից կայանալիք Հրազդանի (Կոտայքի մարզ) քաղաքապետի ընտրությունները, որտեղ պայքարելու են իշխող Հանրապետական կուսակցության և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:

Փետրվարի 12-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Հրազդանի գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը և ՀԱԿ-ի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Միքայելյանը 2008 թվականի հետընտրական իրադարձությունների հետևանքով ազատազրկվել էր զանգվածային անկարգությունների կազմակերպման և ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու մեղադրանքով և երեք տարի կալանավայրում անցկացնելուց հետո 2011-ի մայիսին համաներմամբ ազատ արձակվել:

Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը այդ պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:

Ընդդիմադիր թեկնածուն հայտարարել է, որ ամեն կերպ պայքարելու է ազատ և արդար ընտրությունների անցկացման համար և որ չի հանդուրժելու ընտրակեղծիքները: «Եթե փող են բաժանելու, շատ վատ բան է լինելու, ամեն քայլի գնալու եմ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է 54-ամյա քաղաքական գործիչը:

Նոյեմբերին իշխող քաղաքական ուժը Իջևանի քաղաքապետի ընտրություններում պարտվեց իր կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին, և նաև այդ պատճառով քաղաքական դաշտի ուշադրությունը ակնդետորեն սևեռվել է Հրազդանի ընտրությունների վրա:

Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ այս ընտրությունները շատ կարևոր են երկու քաղաքական ուժերի համար տեխնոլոգիական և քաղաքական տեսանկյունից:

«Այս ընտրությունները Ազգային ժողովի ընտրություններից առաջ բավական կարևորագույն ստուգարք են լինելու: Իհարկե, եթե Հրազդանում անցնի ՀԱԿ-ի թեկնածուն, ապա դա չի նշանակում, թե այդ ուժն ամբողջ հանրապետությունում ունի բարձր վարկանիշ: Բայց սա որոշակի ստուգարք է` ճշտելու ՀԱԿ-ի` որպես կառույցի թույլ և ուժեղ կողմերը զուտ տեխնոլոգիական տեսանկյունից»,- ասում է Բադալյանը:

Բադալյանի կարծիքով` սա նաև խիստ կարևոր «քաղաքական ստուգարք է», և երկու ուժերը պետք է ամեն ինչ անեն հաղթելու համար, քանի որ պարտության հոգեբանական ազդեցությունը ծանր է լինելու նրանց համար:

Բադալյանն ասում է, որ ԲՀԿ-ն` ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի հետ միասին որպես երեք ուժերից մեկը, իր ստուգարքը Իջևանում հանձնեց, հիմա հերթը ՀԱԿ-ինն է:

«Եթե ՀԱԿ-ը կարողանա հաղթել, սա բավական լուրջ հարված է հասցնում Հանրապետականին` ոչ թե զուտ մի համայնքում կորուստ ունենալու իմաստով, այլ որովհետև դա հոգեբանորեն ազդելու է: Պետական կառավարման ապարատն արդեն խիստ կասկածելու է Սերժ Սարգսյանի ընդունակություններին, որովհետև, ի վերջո, Հրազդանի հանրապետական քաղաքապետն է պարտվում ընտրություններում»,- ասում է Բադալյանը:

Թեև քաղաքագետ Երվանդ Բոզոյանը չի կարծում, որ այս ընտրությունները լուրջ բեկում կլինեն ԱԺ ընտրություններից առաջ, սակայն նա ևս համակարծիք Բադալյանի հետ, որ երկու ուժերի կամ հաղթանակը, կամ պարտությունը մեծ հոգեբանական ազդեցություն է թողնելու ողջ քաղաքական դաշտի վրա:

Բադալյանը նաև համոզված է, որ արդար ընտրությունների անցկացումը կախված է ՀԱԿ-ից և նրան պաշտպանող ընտրազանգվածից:

«Իշխանությունը, միևնույն է, փորձելու է կեղծել ընտրությունները, որովհետև դա բնորոշ է ավտորիտար կառավարման համակարգին: Եթե ՀԱԿ-ը պասիվ եղավ, դա կաշխատի, քաղաքապետ կդառնա հանրապետական թեկնածուն, և Հանրապետականի կողմից վերահսկվող ԶԼՄ-ները դա կներկայացնեն, որ տեսաք` մենք ուժեղ ենք, Իջևանը պատահականություն էր, ՀԱԿ-ն այլևս չունի այն ուժը և այլն»,- կարծում է Բադալյանը:
ԱրմենիաՆաուի էջերում