Ընտրություններ 2012. երկու ընդդիմադիր կուսակցություններ կրկին միավորվել են ընտրական օրինագծում
100%-ոց համակարգի անցնելու թեման անսպասելիորեն արդիական դարձավ այն բանից հետո, երբ 2011 թ. դեկտեմբերի 27-ին երկու ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ` առաջարկելով հրաժարվել մեծամասնական համակարգից և անցնել 100%-ոց համամասնականի: Բազմաթիվ կուսակցություններ ողջունեցին առաջարկությունը, ի թիվս որոնց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, ինչպես նաև քաղաքացիական խմբեր և մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Նման առաջարկությամբ երկու կուսակցություններն առաջին անգամ հանդես եկան 2010 թ. օգոստոսի 4-ին` ընտրական օրենսգրքում լրացուցիչ փոփոխություններ կատարելու նախաշեմին: Սակայն խորհրդարանական մեծամասնությունը չընդունեց առաջարկությունները և չաջակցեց արտախորհրդարանական ընդդիմությունը: 2011 թ. գարնանն ընդունվեց նոր ընտրական օրենսգիրքը, և ապա խաղաղություն տիրեց` մեծ մասամբ պայմանավորված իշխող կոալիցիայի և ՀԱԿ-ի միջև երկխոսությամբ: Սակայն երկխոսությունը չստացվեց, և արդյունքում Կոնգրեսի առջանորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անցյալ տարվա վերջին կենտրոնացավ ընտրական օրենսգրքի վրա և առաջարկեց դրանում նոր փոփոխություններ կատարել, մասնավորապես, համամասնական ընտրակարգի անցման մասին: Ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես, Կոնգրեսի նախկին անդամ, այժմ լիբերալ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, կարծում են, որ 131 մանդատից 41 մեծամասնականը հնարավորություն են տալիս իշխանությանը գրեթե 30-տոկոսանոց առավելություն ստանալ: Դա նախօրոք զրկում է ընդդիմությանը խորհրդարանում մեծամասնություն լինելու հնարավորությունից: 100%-ոց համամասնական ընտրակարգին անցնելը չի բխում ՀՀ քաղաքացիների շահերից, հայտարարել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: Նրա խոսքով` «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները, իրենց շարքերում վառ անհատականություններ չունենալով, փորձում են «իրենց կողմը քաշել վերմակը»: Պատգամավորը նաև կարծիք է հայտնել, որ նախաձեռնությունը սահմանափակում է մարդու ընտրվելու իրավունքը, ինչպես նաև զրկում է մարդկանց իրենց ընտրատարածքից պատգամավոր ընտրելու իրավունքից: Փոփոխությունները նախաձեռնողների փաստարկներից մեկն էլ այն է, որ արդեն երկար տարիներ ՀՀ խորհրդարանում մեծամասնական ընտրատարածքներով ընտրվում են հիմնականում օլիգարխներ և անում են դա հիմնականում ընտրակաշառքների հաշվին: «Լրագիր» թերթը նշում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է այն մասին, որ մտադիր չէ օլիգարխներին խորհրդարան թույլ տալ և ընդգրկել նրանց Հանրապետական կուսակցության ցուցակում: Թերթի կարծիքով` մեծամասնական ընտրատարածքների բացակայությունը այդ տեսանկյունից ձեռնտու է նաև Սերժ Սարգսյանին: Այդ առաջարկությունը կարող է նույնիսկ ընդունվել` հաշվի առնելով այն, որ այդ հարցում Սերժ Սարգսյանի և ընդդիմության շահերը կարող են համընկնել: Ըստ էության բոլորը նշում են կոալիցիոն մյուս կուսակցության` «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշման կարևորությունը, որը նույնպես պակաս միամանդատ պատգամավորներ չունի: Խորհրդարանում թվաքանակով երկրորդ կուսակցությունը դեռ չի արտահայտել իր վերաբերմունքը օրինագծի նկատմամբ:
Other Articles in ԱԺ 2012
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.