Ընտրություններ 2012. ընդդիմությանը կարող է միավորել ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը
Միավորման համար հենք կարող է ծառայել ընտրական օրենսգրքում փոփոխությունները` 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման առաջարկությունը: Ընդդիմադիր կուսակցությունների` «Ժառանգության» և ՀՅԴ-ի խմբակցություններն արդեն խորհրդարան են ներկայացրել համապատասխան օրինագիծը: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ` ուրբաթ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ու պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հանդիպել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և այդ կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանի հետ: («Ազատ դեմոկրատները» ընդդիմադիր կուսակցություն է, որը ստեղծվել է անցյալ տարի գլխավոր ընդդիմադիր ՀԱԿ-ի նախկին համախոհների կողմից, ի թիվս որոնց` նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի: Կուսակցությունը ծրագրում է նաև մասնակցել այդ տարի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:) Հանդիպում է եղել նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար անձնակազմի հետ: Մարտիրոսյանի խոսքով` հանդիպումները զուտ աշխատանքային են եղել, իսկ քննարկումների թեման խառը ընտրահամակարգից 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունն էր: Հայկական մամուլն արդեն գրում է, որ եթե նույնիսկ իշխող Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները կասեցնեն ընտրական օրենսգրքում փոփոխությունները, և դրանք չընդունվեն, ապա օրինագիծն ընդունելու ընդդիմադիր ուժերի համատեղ աշխատանքը կարող է օգնել նրանց հաղթահարելու երկարամյա առճակատումը: Հիմնական ընդդիմադիր ուժերը` ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, ըստ էության, բացառում են իրենց միջև երկխոսությունը`18-ամյա վաղեմության դեպքերի պատճառով, երբ Հայոց համազգային շարժում կուսակցությունը (այժմ` ՀԱԿ-ի հիմքը) նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, զանգվածային ճնշումներ իրականացրեց դաշնակցականների նկատմամբ, ինչի հետևանքով ներկայիս գրեթե ողջ ՀՅԴ ղեկավարությունը հայտնվեց ճաղերի հետևում: Նրանց ազատ արձակեցին միայն Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո, և այդ օրվանից ՀՅԴ-ն լոյալ է Քոչարյանի և անհաշտ Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Կհաջողվի՞ արդյոք հաղթահարել այդ հակասությունները: Հաշտեցման առաքելությունը բազմիցս ստանձնել է «Ժառանգություն» կուսակցությունը: Նրա առաջնորդ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս հայտարարել է, որ ընդդիմությունը պետք է միավորվի` չնայած հակասություններին: Սակայն առայժմ նրա միջնորդական գործողությունները հաջողությամբ չեն պսակվել: Ընդդիմության միավորումը, միևնույն ժամանակ, կարող է փոխել Հայաստանի քաղաքական ուժերի դասավորությունը: Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ակնարկել է, որ բանակցությունների արդյունքում «մոտավոր, շատ մոտավոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել»: Նա նշել է, որ ծրագրվում է քաղաքական համաժողով` «Ժառանգության» և ՀՅԴ-ի առաջարկությանն աջակցած ուժերի մասնակցությամբ: Իսկ նրանց թվում է նաև Հայ ազգային կոնգրեսը: Մարտիրոսյանը չի կարծում, թե տվյալ նախաձեռնության շուրջ քննարկումները կարող են հանգեցնել ընդդիմադիր բլոկի ստեղծմանը, սակայն դաշինքի հնարավորություն է տեսնում համագործակցության առումով: Մյուս կուսակցությունների ներկայացուցիչները նույնպես բացառում են նախընտրական ընդդիմադիր բլոկի ստեղծումը:
Other Articles in ԱԺ 2012
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.