Ընտրական նախաձեռնություններ. միջազգային կառույցները խոստանում են ծրագրեր ֆինանսավորել արդար ընտրություններին նպաստելու համար

Ընտրական նախաձեռնություններ. միջազգային կառույցները խոստանում են ծրագրեր ֆինանսավորել արդար ընտրություններին նպաստելու համար

Ֆոտոլուր

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան

Եվրամիությունն ու ԵԱՀԿ-ն խոստանում են աջակցել Հայաստանին 2012 և 2013 թթ. կայանալիք համապետական ընտրություններին և 1,7 միլիոն եվրո արժողությամբ ծրագրով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը:

Մինչդեռ քաղաքական ուժերն ու քաղաքացիական ակտիվիստները մտավախություն ունեն, որ գումարները «չեն ծառայի իրենց նպատակին», քանի որ ի սկզբանե դրանք հատկացվում են ոչ ազատ ինստիտուտներին:

Հինգշաբթի անցկացված ասուլիսում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրանն ասել է, որ ծրագրի շրջանակներում ուսուցում կստանան տեղական դիտորդները, ընտրական հանձնաժողովների ավելի քան 2000 անդամներ։

Գումար կհատկացվի նաև ոստիկանության հանրային կարգը պաշտպանող ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հզորացման, մասնավորապես մարզային 6 գրասենյակների բացման համար:

Սակայն քաղաքացիական ակտիվիստներն ահազանգում են, որ «հերթական անգամ գումարները մսխվելու են` առանց լուրջ արդյունքներ տալու»:

«Ամեն ընտրություններից առաջ միջազգային կազմակերպությունները լուրջ գումարներ են ներդնում վերապատրաստման ծրագրերի վրա, սակայն ամեն անգամ ընտրություններն անցնում են էլ ավելի խայտառակ, խելացի ու դաժան ճնշումներով»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ըստ նրա` հանձնաժողովի անդամները, ոստիկանները կամ ՄԻՊ-ի աշխատակիցները, որոնք բոլորը իշխանությունների կողմից վերահսկվող և նրանցից կախման մեջ գտնվող մարդիկ են, որքան էլ կրթվեն, վերապատրաստվեն, եթե վերևից ունեն խախտումներ անելու կամ խախտումները չնկատելու և պարտակելու հրաման, միևնույն է` կանեն:

«Մենք դեռ նախորդ ընտրությունների ժամանակ առաջարկում էինք գումար ներդնել բոլոր ընտրատեղամասերում տեսաձայնագրման սարքեր տեղադրելու և ողջ գործընթացը նկարահանելու համար, սա կարևոր երաշխիք ու նյութեղեն ապացույց կլիներ, սակայն դա չարվեց»,- ասում է Սաքունցը:
ԱրմենիաՆաուի էջերում