Պատերազմ Իրանո՞ւմ. Իրանի դեմ հավանական հարվածը կարող է «սառեցնել» հայկական նավթագազային նախագծերը

Պատերազմ Իրանո՞ւմ. Իրանի դեմ հավանական հարվածը կարող է «սառեցնել» հայկական նավթագազային նախագծերը

Map: www.armenianow.com

Լրատվական գործակալությունների հաղորդմամբ` ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի միավորված կոմիտեի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին անցյալ շաբաթ այցելել էր Իսրայել` քննարկելու Իրանին հարվածներ հասնելու հնարավորության հարցերը:


Դեմփսին հասկացրել է, որ «ԱՄՆ-ը խնդրում է Իսրայելին ինքնուրույն չգործել Իրանի դեմ»: Սակայն իրական հարված պատրաստվո՞ւմ է, թե՞ ոչ` այդ մասին, բնականաբար, չի հաղորդվում:

Ինչպե՞ս կանդրադառնան Իրանի դեմ ռազմական գործողությունները Հայաստանի վրա:

Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկական օվկիանոսի ջրատարածքի նավահանգիստների հետ կապող երկաթգծի կառուցման հեռանկարը: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվեց 2007 թ.:

Արդեն նախապատրաստվել է երկաթգծի կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը (երկարությունը կկազմի շուրջ 540 կմ, որից ավելի քան 460 կմ-ը ընկնում է Հայաստանի տարածքին. ամենայն հավանականությամբ երկաթգիծը կկառուցվի Գագարին-Գավառ-Մարտունի-Ջերմուկ-Վայք-Սիսիան-Կապան-Մեղրի երթուղիով, իսկ իրանական հատվածը կկառուցվի մինչև Մերանթ կայարան): Այս կարևորագույն նախագիծը վտանգի տակ կլինի:

Հայաստանն ու Իրանը ձեռնամուխ են եղել նաև մեկ այլ խոշոր նախագծի` Իրանի Թավրիզ քաղաքից մինչև հայկական Երասխ կայարան նավթատարի կառուցման իրականացմանը: Բնական է, որ դա էլ «կսառեցվի»:

Ծանր հարված կարող է հասցվել Իրան-Հայաստան գազամուղի կայուն շահագործման հեռանկարներին, որի առաջին հատվածը բացվեց 2007 թ. մարտին Ագարակ սահմանամերձ քաղաքում` երկու երկրների նախագահների ներկայությամբ:

Այդ գազամուղի նշանակությունն անհնար է գերագնահատել, եթե հիշենք, թե 1992 թ.-ից ինչ երկար ճանապարհ է անցել նախագիծը, որը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել Հայաստանի կախվածությունը բնական գազի մատակարարման միակ աղբյուրից` Ռուսաստանից` բավական անկայուն Վրաստանի տարածքով:

Բացի այդ, որոշակի զարգացումների դեպքում Թեհրանը կարող է կորցնել իր «ուժեղ գործոնի» նշանակությունը հատկապես իսլամական տարածաշրջանում: Բավական է նշել, որ հենց ուժեղ իրանական գործոնն էլ խանգարեց 1991-1994 թթ. Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերին` ողջ մահմեդական աշխարհով ջիհադ հայտարարել հայերին և Ղարաբաղյան պատերազմին կրոնական երանգավորում հաղորդել:

Այսպիսով, Իրանի դեմ ագրեսիայի ցանկացած ձև կարող է սառեցնել բոլոր նախագծերը, չհաշված ավելի արմատական սցենարների զարգացման դեպքում քաղաքական հետևանքները: Սակայն կլինի՞ արդյոք պատերազմ:

Նույնպիսի բարդ իրավիճակ Իրանի շուրջ ստեղծվել էր 2004-2005 թթ., երբ գրեթե ամեն շաբաթ ազդարարվում էին օդային հարվածներ հասցնելու «ստույգ ժամկետները»: Այն ժամանակ լիցքաթափման գործում կարևոր դերակատարում ունեցան Չինաստանն ու Ռուսաստանը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` վետոյի իրավունք ունեցող մշտական անդամները:

2004 թ. Պեկինի և Թեհրանի միջև ածխաջրածինների մասին պատմական համաձայնագիր կնքվեց, որից անմիջապես հետո Չինաստանը հայտարարեց, որ իր երկիրը չի պաշտպանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործողությունները Իրանի միջուկային էներգիայի ծրագրի դեմ: Ռուսաստանը նույնպես հայտարարեց, որ չի պաշտպանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:

Այսօր էլ Պեկինի և Մոսկվայի դիրքորոշումները կարող են վճռորոշ լինել:

ԱրմենիաՆաուի էջերում