Հրազդանի բարոմետրը. փետրվարի 12-ի քաղաքապետի ընտրությունները էական են մայիսի խորհրդարանական ընտրությունների համար

Հրազդանի բարոմետրը. փետրվարի 12-ի քաղաքապետի ընտրությունները էական են մայիսի խորհրդարանական ընտրությունների համար

Ֆոտոլուր

Հրազդանում մեկնարկել է փետրվարի 12-ին նշանակված քաղաքապետի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Հրազդանցիները ընտրություն են կատարելու գործող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածուների միջև:

Չորեքշաբթիից մեկնարկած քարոզարշավում միմյանց դեմ պայքարում են Հրազդանի գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը և ՀԱԿ-ի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: Օրեր առաջ ինքնաբացարկ է ներկայացրել հանրապետական, Հրազդանի քաղաքապետի խորհրդական Հովհաննես Պրտավյանը:

Սասուն Միքայելյանը 2008 թ. հետընտրական իրադարձությունների հետևանքով ազատազրկվել էր զանգվածային անկարգությունների կազմակերպման և ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու մեղադրանքով և երեք տարի կալանավայրում անցկացնելուց հետո 2011-ի մայիսին համաներմամբ ազատ արձակվել:

Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը այդ պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:
Վերլուծաբանների կարծիքով` Հրազդանի քաղաքապետի ընտրություններն էական ազդեցություն կունենան մայիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների վրա:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ եթե Իջևանի քաղաքապետի ընտրությունների նման իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն պարտվի, ապա դա բարոյահոգեբանական ազդեցություն կունենա իշխանության վրա:

«Հասարակությունը տեսնում է, որ այլևս ընտրակաշառքներն ու ընտրակեղծիքները չեն օգնում իշխանություններին հաղթելու: Առաջանում է անվստահություն իշխանությունների, ու վստահություն` ընդդիմության հանդեպ»,- ասում է Բոզոյանը:

Նոյեմբերին կայացած Իջևանի ընտրություններում 5044-ը քվեարկել էին ԲՀԿ թեկնածու Վարդան Ղալումյանի օգտին, 3406-ը` ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի:

Երևանից 45 կմ հեռավորության վրա գտնվող Հրազդանում բնակչության թիվը 65.000 է, ընտրողների թիվը` 44.500, սակայն ընտրողների գրեթե 40 տոկոսը բացակայում է քաղաքից:
ԱրմենիաՆաուի էջերում