Ընտրություն 2012. «Բարգավաճ Հայաստանը» միանում է «Ժառանգության»` համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությանը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ստորագրել է խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանին ուղղված դիմումի տակ, որով խնդրում են խորհրդարանական լսումներ հրավիրել` ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու համար: Սաֆարյանն ասում է, որ դեռևս 2007-ի գարնանն իրենց կուսակցության կողմից ընդունված ծրագրով միաձայն քվեարկել են 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու սկզբունքի օգտին: «Կուսակցության քաղաքական խորհրդում և խորհրդարանական խմբակցությունում այս հարցի վերաբերյալ դեռ քննարկումներ չեն եղել և որոշում չի ընդունվել: Մեր ձգտումը` միանալ այս առաջարկին, պայմանավորված է մեր ցանկությամբ` հասարակության ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, լսել կողմ և դեմ կարծիքները և նոր դրանից հետո հարցը դնել քաղաքական քննարկման»,- ասում է Սաֆարյանը: Առաջարկվում է ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման և վերահսկման նպատակով ընտրական օրենսգրքում վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: «Քաղաքական կուսակցությունը, եթե իսկապես քաղաքական կուսակցություն է և ունի գաղափարական հենք, անպայման ձգտել է և ձգտելու է համամասնական ընտրակարգով առավելագույն տեղերի: Մնացած տարբերակները, որպես կանոն, քննարկում են այն ուժերը, որոնք հիմնականում մտածում են` ոնց պետք է Ազգային ժողովի պատգամավոր դառնան փողի իշխանությամբ, վարչական լծակով կամ այլ ոչ ժողովրդավարական ձևերով»,- ասում է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Ազգային ժողովի 131 պատգամավորներից 90-ը գործող ընտրական օրենսգրքով ընտրվում են համամասնական, 41-ը` մեծամասնական ընտրակարգով:
Other Articles in ԱԺ 2012
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.