Ընտրություններ 2012 . ՀԱԿ-ը մայիսին խորհրդարան մտնելու համար կպայքարի նախընտրական դաշինքով

Ընտրություններ 2012 . ՀԱԿ-ը մայիսին խորհրդարան մտնելու համար կպայքարի նախընտրական դաշինքով

Ֆոտոլուր

Լևոն Զուրաբյան

Մոտ երկու տասնյակ քաղաքական կուսակցություն և կազմակերպություն, որոնք ներկայումս կազմում են Հայաստանի հիմնական ընդդիմադիր դաշինքը, որոշել են միասին պայքարել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանն ասում է, որ, չնայած տարբեր մոտեցումներին, եկել են մեկ ընդհանուր կոնսենսուսի։ 18 կուսակցություններն իրենց կուսակցական շահերից վեր են դասել Հայաստանում ժողովրդավարության հաստատումը:

«ՀԱԿ-ը ստեղծվել է սահմանադրական կարգի վերականգնման համար։ Սպառելով երկխոսության ճանապարհով սահմանադրական կարգը վերականգնելու հնարավորությունը` ՀԱԿ-ը կարգախոս հռչակեց [նախագահ] Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։ Առաջիկայում շարունակելու է այդ կարգախոսի շուրջ ժողովրդի համախմբումը` դրա համար օգտագործելով խորհրդարանական ընտրությունները»,- նշվում է ՀԱԿ-ի տարածած հայտարարությունում։

Զուրաբյանը նաև ասել է, որ մայիսին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար դաշինքի նախընտրական ցուցակը դեռևս քննարկման փուլում է, և արդյունքներն ավելի ուշ կհրապարակվեն: ՀԱԿ-ը կքննարկի նաև մեծամասնական ընտրատեղամասերում առաջադրվելիք թեկնածուների անունները, թեև այդ ընտրակարգին դեմ են թե´ դաշինքը և թե´ ընդդիմադիր մյուս ուժերը:

«18 կուսակցությունների դաշինքն աննախադեպ բան է [Հայաստանի համար]։ Բարդ է ցուցակի շուրջ համաձայնության գալը։ Մենք արել ենք գլխավորը՝ կուսակցությունները որոշել են ստեղծել դաշինք` առանց ցուցակը քննարկելու։ Նշանակում է` ավելի բարձր են դնում սկզբունքները, քան` քաղաքական առևտուրը»,- ասել է Զուրաբյանը։

«Իշխանությունները լուրջ ակնկալիք ունեին, որ չենք գա համաձայնության։ Ոչինչ, մենք իրենց կհիասթափեցնենք»,- հավելել է նա:

Միևնույն ժամանակ, Զուրաբյանը տրամաբանական է համարում, որ ցուցակի առաջին տեղում լինի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը մինչ օրս գլխավորում է 2008-ի նախագահական ընտրություններից հետո հիմնված դաշինքը:

Անդրադառնալով իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և նրա կրտսեր գործընկերոջ` «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության միջև ենթադրյալ տարաձայնություններին` Զուրաբյանը նշել է, որ եթե իշխող ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև նշմարվող հակասությունները խորանան, ապա դա հնարավորություն կստեղծի, որ ընտրություններն անցնեն ազատ և թափանցիկ։

«ՀՀԿ-ն ուզում է հնարավորինս անաղմուկ կեղծել ընտրությունները։ Եթե կոալիցիայի գործընկերներից մեկը չի ցանկանում ենթարկվել, դա ստեղծում է լրջագույն նախադրյալներ, որ նվազեցվեն ՀՀԿ-ի կողմից իրականացվող կեղծիքները»,- ասում է ընդդիմադիր գործիչը` հավելելով, որ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցելու բոլոր ուժերի, այդ թվում`ԲՀԿ-ի հետ ընտրակեղծիքների դեմ ճակատ կազմելու համար:

Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` Զուրաբյանն անիմաստ է համարում արդեն իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը: Միևնույն ժամանակ նաև հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու պահանջը դեռ ուժի մեջ է:

«ԱԺ հերթական ընտրությունը Կոնգրեսի համար ցատկահարթակ է լինելու»,- ընդգծել է Զուրաբյանը:
Միևնույն ժամանակ ընդդիմադիր գործիչը չի համաձայնել քննադատների և վերլուծաբանների այն կարծիքին, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն ուղղված ընդդիմության համատեղ ջանքերը տապալված են, քանի որ ԱԺ ընդդիմության ձայները բավարար չեն այն ընդունելու համար։

«Եթե հնարավոր լինի ապահովել հասարակության և քաղաքական ուժերի համախմբումը, անգամ պառլամենտում այդ նախագծի ընդունումը ես իրատեսական կհամարեի»,- ասել է Զուրաբյանը:
ԱրմենիաՆաուի էջերում