Դիտորդներ. «Մեզ հետաքրքրում է գործընթացը»Մայիսի 12-ի ընտրություններին ներկա կլինեն մի քանի հարյուր նման դիտորդներ 25 երկրներից: Նրանց կմիանան նաև 4500 հայաստանցի դիտորդներ: Քանի որ «ազատ ու արդար» արտահայտությունը դարձել է «Որոշում-2007»-ի նշանաբանը, հանրապետությունում լիահույս են, որ հատուկ վերապատրաստում անցած դիտորդների այս խումբը անկախացումից հետո առաջին անգամ Հայաստանին բավարար գնահատական նշանակելու հիմքեր կունենա: Չնայած դիտորդական առաքելությունները պատժամիջոցներ չեն կիրառում, ամբողջ հույսն այն է, որ այսօր Հայաստանն ավելի վճռականորեն է տրամադրված վաստակելու միջազգային հանրության հարգանքը` արդար ընտրություններ անցկացնելով: Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը նշել է, որ մայիսին կայանալիք ընտրություններն առանձնակի կարևորություն ունեն: «Կուսակցությունների վարկանիշը երկրորդական է, այսօր առաջնայինն ազատ, ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է»: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սահմանել է դիտորդների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց գործունեության շրջանակները: Ըստ այդ կանոնների` դիտորդական առաքելությունը պետք է հավաքի տեղեկություններ ընտրական գործընթացի մասին, ինչպիսին են ընտրական տեղամասերի բացումը և փակումը, քվեարկությունը, քվեների հաշվարկը և պատրաստի անկախ ու անաչառ զեկույց: Դիտորդները չեն կարող միջամտել ընտրությունների ընթացքին կամ ընտրական հանձնաժողովների աշխատանքին: Նրանք իրավունք չունեն նաև շփվելու ընտրողների հետ: Դիտորդները պետք է գրանցվեն ԿԸՀ-ում ընտրությունների օրից ոչ ուշ, քան 10 օր առաջ: Արտասահմանից ժամանած դիտորդներից բացի (որոնց հրավիրում են Հայաստանի պետական մարմինները), դիտորդներ կարող են ընտրվել նաև ժողովրդավարության զարգացմանը նպաստող և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական կազմակերպություններից: Դիտոդների ծախսերը հոգում են ուղարկող կազմակերպությունները` ներառյալ աշխատավարձն ու օրապահիկը: Իր կողմից, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է ապահովել դիտորդների անվտանգությունը: ԿԸՀ-ը առայժմ գրանցել է ութ տեղական և չորս արտասահմանյան կազմակերպություններ, որոնք մոնիթորինգ կանցկացնեն մայիսի 12-ին: «Միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացումը պետք է նախևառաջ Հայաստանին, և դա ավելի կարևոր է, քան մի քանի միլիոն դոլարը»: ԺՀՄԻԳ-ի Ընտրությունների դիտարկման առաքելության (ԸԴԱ) հիմնական խմբի 13 փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ անդամ 12 երկրներ, այժմ գտնվում են Երևանում: Նրանց կմիանան 29 երկարաժամկետ և 300 կարճաժամկետ դիտորդներ: Եթե հիմնական խմբի անդամները պրոֆեսիոնալներ են, որոնց ներգրավում է ԺՀՄԻԳ-ի Վարշավայում տեղակայված գրասենյակը, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներին ապահովում են ԵԱՀԿ 55 անդամ երկրները: ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար դեսպան Բորիս Ֆրլեցն ասում է, որ Հայաստանի վերջերս բարեփոխված ընտրական օրենսգիրքը ժողովրդավարական ընտրությունների հնարավորություն է ընձեռում, սակայն իշխանությունների առջև ծառացած մարտահրավերը դրանց օրինական անցկացումն է, որպեսզի այս և գալիք ընտրություններն անցկացվեն ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորություններին համապատասխան: «Հայաստանը ժողովրդավարական և արդար ընտրություններ անցկացնելու շատ լավ հնարավորություն ունի, և ես կուզենայի հատկապես շեշտել, որ մենք շահագրգռված ենք դիտարկելու հենց այդպիսի ընտրություններ: Դրանից մեր աշխատանքը կդառնա շատ հեշտ ու շատ կարճ: Մեզ չեն հետաքրքրում արդյունքները` ով կհաղթի, իսկ ով` ոչ: Մեզ հետաքրքրում է ընտրությունների ընթացքը»: Դիտորդական խմբեր կուղարկի նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գործադիր կոմիտեն, որը կապահովի 150 դիտորդներ նախկին խորհրդային 12 հանրապետություններից, ինչը նախորդ տարիների համեմատությամբ ռեկորդային ցուցանիշ է: Եվս 30 դիտորդ կուղարկի ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովը: «Եթե Հայաստանում կայանալիք ընտրությունները չհամապատասխանեն միջազգային չափանիշներին, ապա հանրապետության մասնակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին կվերանայվի»: Տեղացի դիտորդների թիվը կանցնի 4500-ից: Տեղական կազմակերպություններից ամենաշատ դիտորդներ ունի «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը` 3000, իսկ ամենաքիչը` «Ընտրական համակարգի կենտրոն» ՀԿ-ը` 10 դիտորդ: «Ընտրությունը քոնն է» կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանն ասում է, որ իրենց դիտորդների թվում կան սփյուռքահայեր և Հայաստանում սովորող ութ արտասահմանցի ուսանողներ: Կազմակերպությունը կոչ է արել քաղաքացիներին դիտորդ դառնալու. «Ի՞նչ կարող է անել քաղաքացին, որ օգնի մայիսին կայանալիք ընտրությունների ազատ ու արդար անցկացմանը: Գործել, դառնալ ընտրությունների դիտորդ»: ՀԿ-ը դիտորդներին ընտրությունների օրը վճարում է 2000 դրամ (մոտ 5,5 դոլար)` ճանապարհածախս և նախաճաշ: «Երբեմն մարդիկ բողոքում են դիտորդներից` ասելով, թե ընտրությունների ժամանակ ակնհայտ խախտումներ են եղել, իսկ դիտորդները ոչինչ չեն արել: Սակայն որոշ մարդիկ պարզապես շփոթում են դիտորդներին վստահված անձանց հետ ու նաև նրանց պարտականությունները»,- ասում է Համբարձումյանը: Նա նաև ասում է, որ դիտորդներին խնդրել են չխոսել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Եղել են դեպքեր, երբ դիտորդներից հարցազրույց են վերցրել առավոտյան, երբ ընտրությունները դեռ նոր են սկսվել, և նրանք ասել են լրագրողներին, որ առայժմ ընտրակեղծիքներ չեն գրանցվել: Իսկ նրանց խոսքը հաղորդել են երեկոյան, երբ արդեն մեծաթիվ խախտումներ են գրանցվել»: Առաջին անգամ Հայաստանում դիտորդների շարքում կլինեն հաշմանդամներ: Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց աջակցող «Ունիսոն» ՀԿ-ը ընտրություններին կուղարկի 18 հոգանոց դիտորդական խումբ, որոնցից 7-ը հաշմանդամ են: Ընտրությունների օրվա մոտենալու հետ հաճախանում են արդար ու ազնիվ լինելու կոչերը: Որոշ փորձագետներ նույնիսկ ասում են, թե մայիսի 12-ը ամենակարևոր ընտրությունն է նորանկախ Հայաստանի 15-ամյա պատմության մեջ:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.