Թեր և դեմ փաստարկներ. Ազգային ժողովում համամասնական ընտրակարգի անցնելու հարցով լսումներ են նշանակվել

Թեր և դեմ փաստարկներ. Ազգային ժողովում համամասնական ընտրակարգի անցնելու հարցով լսումներ են նշանակվել

Ֆոտոլուր

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը որոշել է խորհրդարանական լսումներ անցկացնել փետրվարի 15-ին` խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում կատարելու հարցով:

ԱԺ-ում փոքրամասնություն կազմող երկու ընդդիմադիր խմբակցությունները` ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», դեռ անցյալ տարեվերջից էին ներկայացրել գործող օրենսդրությունում փոփոխություններ կատարելու առաջարկը, որը թույլ կտա խորհրդարանի 131 անդամներին ընտրել միայն կուսակցական ցուցակներով (գործող օրենսդրությամբ` 41 պատգամավորներ ընտրվում են մեծամասնական ընտրակարգով):

Այս քայլը ստացել էր արտախորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև իշխանամետ ուժերի որոշ ներկայացուցիչների աջակցությունը: Մասնավորապես, այս հարցով լսումներ անցկացնելու առաջարկին էր միացել նաև իշխող կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստանը»:

Մինչ այդ ՀՀԿ-ն և նրա համախոհները, որոնք չեն աջակցում համամասնական ընտրակարգին անցում կատարելուն, պնդում են, որ այս քայլը դեռևս ժամանակավրեպ է Հայաստանի համար, և եթե իրականացվի, կվնասի խորհրդարանում մարզերի ներկայացվածությանը:

Չորեքշաբթի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ընդունած որոշումից հետո Հանրապետական խմբակցության անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը ասել է, որ իրենք պատրաստակամ են լսումներ անցկացնել, որպեսզի այլ շահարկումների տեղիք չտան:

«Հարցը քննարկվել էր խմբակցությունում և որոշվել, որ կանցկացվեն խորհրդարանական լսումներ: Սակայն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցի վերաբերյալ կուսակցությունն իր դիրքորոշումը չի փոխել: Մենք դեմ ենք ընդդիմության առաջարկին և դա արտահայտելու ենք քվեարկությամբ»,- ասում է նա:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ լսումների հնարավորություն տալը չի նշանակում, որ ՀՀԿ-ն փոխել է իր դիրքորոշումը: Սակայն նրա խոսքով` որոշ հանրապետականներ կողմ են մեծամասնական ընտրակարգը վերացնելուն:

«Քվեարկությունը բաց է լինելու, և դժվար է ասել, որ նրանք կկարողանան քվեարկել իրենց խղճի մտոք»,- ասում է Սաֆարյանը:

Ավելի վաղ ՀՀԿ մամուլի խոսնակ և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկին ԲՀԿ աջակցությանը, նշել էր, որ իրենց կոալիցիոն գործընկերն ազնիվ ու անկեղծ չէ իր գործողություններում:

«Կոալիցիոն հուշագրով իրենց` կոալիցիոն բոլոր ուժերի վրա, պարտավորություն է դրված իրականացնելու ՀՀ նախագահի ծրագրերը, մինչդեռ կոալիցիոն գործընկերոջ խոսքն ու գործն իրարից տարբերվում են»,- ասել էր Շարմազանովը: (Այս մեկնաբանությունը հստակ ակնարկ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հաճախակի կրկնվող արտահայտությանը` «Մեր խոսքը գործ է»:)

Ի պատասխան հնչել էր ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պատասխանը:

«Խոսքի և գործի անհամապատասխանության, կատարյալ անգործության ու ավելին՝ գործունեության վնասարարության այնպիսի դասական օրինակներ կան, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք հերթով թվարկել»,- ասել է Զոհրաբյանը:

Փետրվարի 15-ին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու խորհրդարանական լսումների ժամանակ նախաձեռնության հեղինակները հնարավորություն կունենան 10-ական րոպե ելույթ ունենալու: Այնուհետև իրենց տեսակետները կարտահայտեն ընդդիմախոսները, որից հետո խոսքի հնարավորություն կտրվի լսումների մասնակիցներին: Լսումներին մասնակցելու անձանց ցուցակը կազմելու են պետաիրավական հանձնաժողովն ու կուսակցությունները:
ԱրմենիաՆաուի էջերում