Ընտրություններ 2012. գլխավոր ընդդիմությունից անջատված կուսակցությունը հավանաբար դաշինք կկազմի «Ժառանգության» հետ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասում է, որ այս պահին տարբեր ձևաչափերով բանակցում են «Ժառանգության» հետ հնարավոր դաշինքի շուրջ: Ինչպիսի՞ն կլինի դաշինքի ձևաչափը` դեռևս հայտնի չէ: «Ժառանգության հետ ենք բանակցում, որովհետև կա գաղափարական հոգեհարազատություն: Դա է թերևս պատճառը, որ մենք գաղափարական առումով որևէ խնդիր չունենք և շատ ակտիվ համագործակցում ենք հարցերի շատ լայն սպեկտրով: Մենք վստահ ենք, որ միասնական ենք գնալու ընտրություններին` կեղծիքները բացառելու, ընդհանուր դիտորդներ, վստահված անձինք ներկայացնելու առումով»,- ասում է Արզումանյանը, որը 1996-1998 թթ. Հայաստանի արտգործնախարարն է եղել և աջակցել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին 2008 թ. նախագահական ընտրություններում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ այս պահին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունները շարունակվում են: «Բազմաթիվ խնդիրների շուրջ մեզ հետ համամիտ են` խորհրդարանական կառավարում, ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ... բայց ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի, երբ «Ազատ դեմոկրատները» հրապարակեն իրենց ծրագիրը»,- ասում է Սաֆարյանը: «Ազատ դեմոկրատները» մյուս բոլոր ընդդիմադիր ուժերի հետ պատրաստվում են համագործակցել այլ ձևաչափերով: Հայ ազգային կոնգրեսի հետ հնարավոր դաշինք կազմելու մասին Արզումանյանն ասում է, որ դա նման կլիներ «նույն գետը երկու անգամ մտնելուն»: «Ազատ դեմոկրատների» գերակշիռ մասը ՀՀՇ նախկին անդամներ են: 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի 11 նախընտրական շտաբերից 7-ը ղեկավարել են «Ազատ դեմոկրատների» անդամներ: Ինքը` Արզումանյանը, ղեկավարել է Լևոն Տեր- Պետրոսյանի նախընտրական շտաբի աշխատանքները: ՀՀՇ-ն պաշտոնապես լքել է 2011-ի օգոստոսին, երբ ՀՀՇ-ական ազատական գաղափարախոսությունը նահանջ ապրեց: «Ցավոք, ՀՀՇ-ն այսօր վերածվել է ոչ թե առանձին կառույցի, այլ Հայ ազգային կոնգրեսին սպասարկող օժանդակ կառույցի»,- ասում է նա: «Ազատ դեմոկրատները» կողմնակից են երկրի կառավարման խորհրդարանական համակարգին: «2013-ին չարժի ունենալ նախագահի թեկնածու. եթե լինի մեկը, ով կհայտարարի, թե գալիս է կառավարման համակարգը փոխելու ծրագրով, մենք նրան կպաշտպանենք»,- ասում է նա: Արզումանյանը հերքում է մամուլում տարածված այն լուրերը, թե «Սիվիլիթաս» հիմնադրամում տեղի է ունեցել երեք նախկին արտգործնախարարների`Ալեքսանդր Արզումանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի հադիպումը, որի ընթացքում էլ քննարկվել են դաշինք կազմելու հնարավորությունները: «Վարդան Օսկանյանին հանդիպել եմ վերջերս, երբ հրավիրված էի «Սիվիլիթասում» կազմակերպված քննարկմանը: Օսկանյանը 2008 թ. մարտի 1-ի կարևորագույն պատասխանատուներից մեկն է»,- ասում է նա:
Other Articles in ԱԺ 2012
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.