Ընտրություններ 2012. տնտեսական զարգացումը կարող է դառնալ Հայաստանում նախընտրական քարոզարշավի գլխավոր շեշտադրո՞ւմը

Ընտրություններ 2012. տնտեսական զարգացումը կարող է դառնալ Հայաստանում նախընտրական քարոզարշավի գլխավոր շեշտադրո՞ւմը

Ֆոտոլուր

Անցյալ տարվա համեմատությամբ ապրանքների գները Հայաստանում 20%-ով աճել են:

Գնաճի, կենսամակարդակի նվազման, ինչպես նաև աշխարհում ամենաարդար ընտրություններ անցկացնելու իշխանությունների խոստումների ֆոնին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հիմնական չափորոշիչը կարող են դառնալ կուսակցությունների տնտեսական ծրագրերը:

Ի՞նչ տնտեսական բարեփոխումներ կառաջարկեն ՀՀ կուսակցությունները նախընտրական քարոզարշավի ժամանակ և նրանք արդյոք դա կարևո՞ր են համարում նախընտրական պայքարում: Չէ՞ որ մինչ օրս ընտրություններում վճռորոշը ոչ թե կուսակցությունների ծրագրերն էին, այլ վարչական, ֆինանսական և ուժային ռեսուրսները, և առանց հստակ տնտեսական ծրագրի, սակայն ռեսուրսներ ունեցող կուսակցությունը կարող էր հայտնվել խորհրդարանում: Եվ այժմ նույնիսկ տնտեսագետի համար է դժվար բնորոշել, թե ինչ տնտեսական քայլեր և ուղղություններ են առաջարկում կուսակցությունները:

Իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայիս խորհրդարանի ժամկետի ավարտին առաջարկել է մի քանի խիստ որոշակի քայլեր: Փետրվարի 2-ին կառավարության նիստի ժամանակ հավանություն է տրվել երկրում առաջին ազատ տնտեսական գոտի ստեղծելու որոշմանը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար հարկերի կրճատմանը: Սա արտահանմանը միտված տնտեսության զարգացման ծրագրի մասն է, որը, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, պետք է կառուցվի տեխնոլոգիական ոլորտների զարգացման վրա: Սակայն առայժմ կառավարությունը հասցրել է զարգացնել հանքարդյունաբերությունը, որն էլ ապահովում է արտահանումը: Բացի այդ, ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականությունը աճի էական ցուցանիշներ չի բերել սոցիալական քաղաքականությունում:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ ՀՀ տնտեսությունը մենաշնորհային է և օլիգարխիկ, և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մշակել է «100 տնտեսական քայլեր» ծրագիրը, որը կօգնի վերադառնալու ազատ շուկայի հիմքերին: Կոնգրեսի առաջարկած քայլերը ենթադրում են քաղաքական որոշումներ և նույնիսկ սեփականության վերափոխում: Կոնգրեսը նաև հավանություն չի տալիս կառավարության քայլերին, որը արտագաղթը հանրային եկամուտների լավ աղբյուր է համարում: Անցյալ տարի արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստան են ուղարկել ավելի քան 1,2 մլրդ դոլար, և կառավարությունը չի թաքցնում, որ ուրախ է դրա համար:

Երկու տարի առաջ ընդդիմություն դարձած ՀՅԴ-ն սուր քննադատում է կառավարության քաղաքականությունը` սոցիալական ուղղվածության բացակայության համար: ՀՅԴ-ն, որն, ըստ էության, սոցիալիստական կուսակցություն է, արդեն վաղուց է առաջարկում բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները, բյուջետային միջոցներն ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը: Նա լուրջ հաշվարկներ է անում` ապացուցելով, որ նույնիսկ առկա միջոցներով հնարավոր է բարձրացնել կենսաթոշակները, աշխատավարձերը:

«Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունն ակտիվ զբաղվում է բարեգործությամբ` չհայտարարելով կոնկրետ տնտեսական առաջարկների մասին: Թե ստույգ ինչի´ է ուզում հասնել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` տնտեսության սոցիալականացմա՞նը, բարեգործությամբ զբաղվող «բարի օլիգարխների» էլ ավելի հարստացմա՞նը, թե՞ Եվրասիական տնտեսական միություն մտնելուն` դեռևս պարզ չէ: Իսկ այն բանից հետո, ինչ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ կուսակցությունը 2013 թ. նախագահական ընտրություններում կսատարի գործող նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին, պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն կրկին հույսը դնում է իշխանության հետ գործարքի վրա, ինչը հնարավորություն կտա նրան օգտագործելու որոշ վարչական ռեսուրսներ և այլևս կարիք չի ունենա որոշակի տնտեսական ծրագրեր մեկնաբանելու:

Իսկ Հայաստանում ապրելն ավելի է դժվարանում: Չնայած կառավարության հավաստիացումներին, թե աճում են մակրոտնտեսական ցուցանիշները, և նվազում կոռուպցիոն ռիսկերը, այդուհանդերձ պարզվել է, որ այս տարվա հունվարին, 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, սննդամթերքը թանկացել է ավելի քան 20%-ով, իսկ 2011 թ. դեկտեմբերի համեմատությամբ` 6,2%-ով:
ԱրմենիաՆաուի էջերում