Թեման` կրկին գործարարություն. օլիգարխները պատրաստվում են մասնակցելու ԱԺ ընտրություններին

Թեման` կրկին գործարարություն. օլիգարխները պատրաստվում են մասնակցելու ԱԺ ընտրություններին

Ֆոտոլուր

Հակոբ Հակոբյան

Խորհրդարանական ընտրություններից չորս ամիս առաջ շատ գործարարներ հայտարարում են, որ պատրաստվում են մասնակցելու 2012-ի Ազգային ժողովի ընտրություններին, թեև երկրի նախագահը, վարչապետը և մի շարք հանրապետականներ բազմիցս հայտարարել են, որ գործարարությունը տարանջատվելու է քաղաքականությունից:

Նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից: Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել և ապահովել յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի շահը:

Ըստ մամուլի հրապարակումների` իշխող Հանրապետական կուսակցության գործարարներն ու «օլիգարխները» հայտարարում են, որ մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով: Շրջանառվում են պատգամավորներ Գրիգորի Մարգարյանի, Սամվել Ալեքսանյանի, Աշոտ Աղաբաբյանի և այլոց անունները:

Ընտրություններին են պատրաստվում նաև այլ գործարարներ, որոնք չունեն ԱԺ պատգամավորի մանդատ:

ԱԺ նախկին պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Հակոբ Հակոբյանը (Էջմիածնից) պատրաստվում է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով: Հակոբյանին են պատկանում «Զվարթնոց» հյուրանոցային համալիրը, խաղատուն, գազալցակայան և այլն:

«Ես սեփականատեր եմ, բայց գործարարությամբ այլևս չեմ զբաղվում: Իմ յոթ ձեռնարկություններով զբաղվում են իմ երկու որդիները: Կարծում եմ` քաղաքականություն մտնելուց առաջ պետք է դադարեցնես գործարարությամբ զբաղվելը»,- ասում է Հակոբյանը «ԱրմենիաՆաուին»:

Ըստ նրա` երկար տարիների գործարարի գործունեությունը մասնագիտական հմտություններ է տալիս, որոնք հետագայում հնարավոր է օգտագործել օրենսդիր աշխատանքում:

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն ասում է, որ ԱԺ պատգամավորը պետք է լինի ազնիվ, սկզբունքային, հայրենասեր, մեծ գիտելիքների տեր և լայնախոհ:

«Այդ դեպքում չենք ունենա այն պատկերը, որն ունենք: Ներկա պահին ԱԺ-ն մի վերմակ է, որը յուրանչյուրն իր շահերը պահելու համար քաշում է դեպի իր կողմը: Եթե [ՀՀ] նախագահն ասում է, որ գործարարը և օլիգախը չպետք է լինեն ԱԺ-ում, ուրեմն գործարարները, որոնք հիմնականում ԲՀԿ-ում են, նրանց առաջադրման հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չպետք է ընդունի: Բայց խոսքս ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործարարների մասին է»,- ասում է Հակոբյանը:

Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասում է, որ գործարարները մտնում են խորհրդարան` առաջնորդվելով վերջին 20 տարվա կարծրատիպերով. «Կլինենք իշխանական թիմից, կողմ կքվեարկենք կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին, իսկ կառավարությունն էլ մեզ չի ճնշի հարկերով»:
ԱրմենիաՆաուի էջերում