Հին մեթոդներ, նոր օրե՞նք. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքը ջուր է լցնում իշխանության ջրաղացին

Հին մեթոդներ, նոր օրե՞նք. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքը ջուր է լցնում իշխանության ջրաղացին

Photo: Photolure archives

Ոստիկանությունն ու ռազմական ստորաբաժանումները ճնշեցին ընդդիմության բողոքի ակցիան 2008-ի մարտի 1-ին, որից հետո 20 օրով արտակարգ դրություն հայտարարվեց:

Խորհրդարանում քննարկվում է կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի նախագիծը, որով սահմանավելու է, թե ինչպիսի պայմաններում հնարավոր կլինի երկրում մտցնել արտակարգ դրություն:

Քննարկվում է այն տեսակետը, որ խորհրդարանական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ կառավարությունը նման օրինագիծ է ներկայացնում օրենսդրին` մտավախություն ունենալով, որ կկրկնվեն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, երբ իրավապահ մարմինների և ընդդիմադիրների միջև հետընտրական բախումներին զոհ գնաց 10 մարդ:

2008 թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն հայտարարեց, ինչը վիճարկում էր ընդդիմությունը` հայտարարելով, որ նախագահի քայլն անօրինական է, քան որ Հայաստանը չուներ արտակարգ դրության մասին օրենք:

Խորհրդարանականներին օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը օրինագիծն ուշացած է համարում և ասում, որ օրենքը բերվել է, որպեսզի բոլոր հարաբերությունները հստակ և որոշակի կարգավորված լինեն:

Անդրադառնալով քննադատություններին` նախարարն ասել է, որ ընդդիմությունը, միևնույն է, կքննադատեր, անկախ այն բանից, թե երբ առաջ կքաշվեր օրինագիծը:

Ըստ օրինագծի` երկրում արտակարգ դրություն հայտարարվելու է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու փորձի, իշխանությունը գրավելու կամ յուրացնելու ժամանակ:

Թովմասյանը նշում է, որ արտակարգ դրություն հայտարարել նախատեսվում է նաև զինված խռովությունների, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական գրոհների, օկուպացիայի կամ հատուկ նշանակության օբյեկտների գրավման կամ շրջափակման դեպքում:

«Զինված ուժերի միջամտությունը թույլատրելի կլինի այն դեպքում, երբ ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների ուժերը չեն բավականացնի»,- ասում է Թովմասյանը:

Ընդդիմադիր պատգամավորները դեմ են բանակի օգտագործմանը, ինչը պայմանավորում են ներքաղաքական գործընթացներին բանակի միջամտության վտանգով:

«Օրենքի ընդունման ելակետը 2008-ի մարտի 1-ն է: Որքանո՞վ է տեղին իշխանությանը բանակ օգտագործելու հնարավորություն ընձեռել Հայաստանում հայտնի որակով ընտրությունների անցկացման պարագայում: Իշխանությունը, որ պետք է հեռանա` չի հեռանա, կպահի իշխանությունը` հնարավորություն ունենալով օգտագործել բանակը»,- ասում է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
ԱրմենիաՆաուի էջերում