Ընտրություններ 2012. լրագրողները դառնում են քաղաքական գործիչնե՞ր

Ընտրություններ 2012. լրագրողները դառնում են քաղաքական գործիչնե՞ր

Ֆոտոլուր

Մենուա Հարությունյան, Պետրոս Ղազարյան, Արամ Սաֆարյան, Նաիրա Զոհրաբյան

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մի քանի հայտնի լրագրողներ չեն հերքել, որ կարող են ընդգրկվել այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակում:

Իշխող հանրապետական կուսակցությունը բազմիցս վստահեցրել է, որ հաջորդ խորհրդարանում իրենց ցուցակում այլևս չեն ընդգրկվի հայտնի գործարարներ, որոնց ներկայությունն օրենքով արգելված է: Որոշ հանրապետականներ էլ հայտարարել էին, որ իրենց ցուցակում ընդգրկված են լինելու ավելի երիտասարդ և ավելի բարետես թեկնածուներ: Լրագրողների ներգրավումը այս ցուցակում ընկալվում է հենց այս համատեքստում, այսինքն` իշխող կուսակցությունները փորձում են ունենալ ավելի բանիմաց, ավելի գրագետ, հանրությանը ծանոթ ու համակրելի պատգամավորներ:

Գործող խորհրդարանում նախկին լրագրող պատգամավորներ կան «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում` «Հայկական ժամանակի» լրագրող Նաիրա Զոհրաբյանը և Հ2-ի մեկնաբան Արամ Սաֆարյանը, ով խմբակցության քարտուղարն է: Այս երկուսը, ի դեպ, խմբակցության ամենաակտիվ անդամներից են:

Ներկայումս կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկվելու լուրերը հաստատել է «Կենտրոն» հեռուստաընկերության (պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին) մեկնաբան Պետրոս Ղազարյանը: Նա, «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում, բացատրելով իր որոշումը, ասել է, որ Հայաստանը մարտահրավերների առաջ է կանգնած, և այդ իրավիճակում Ազգային ժողովի դերն ուղղակի բացառիկ է:

«ԲՀԿ-ն, իմ կարծիքով, ներքին բարեփոխման ամենամեծ պոտենցիալը ունեցող կուսակցությունն է այսօր, և այդ պատճառով ես իմ որոշումը կայացրել եմ ԲՀԿ-ի օգտին»,- ասել է Ղազարյանը:

Մամուլում շրջանառվում են նաև «Արմնյուզի» նախկին հեռուստամեկնաբան Մենուա Հարությունյանի, «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանի, արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի, «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանի, Հայաստանի նախագահի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանի` Հանրապետականի համամասնական ցուցակում ընդգրկվելու լուրերը:

«Հայացք» օրաթերթը գրել էր, որ իր աղբյուրների համաձայն` «Առավոտի» լրագրող Մարգարիտ Եսայանն անպայման ընդգրկվելու է ՀՀԿ ցուցակում: Վետերան լրագրողը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի և ճիշտ չի համարում այլ լրատվամիջոցների գրածները մեկնաբանելը:

Մենուա Հարությունյանը և Սամվել Ֆարմանյանն ասել են, որ եթե կուսակցությունը որոշի, ապա իրենք պատրաստ են ընդգրկվելու ցուցակում: Մյուսները նախընտրել են մեկնաբանություններ չտալ այս հարցի շուրջ: Չի բացառվում, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ցուցակում ընդգրկվի նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
ԱրմենիաՆաուի էջերում