Ակնարկներ | 25.09.09 | 16:00

Բնապահպանական տագնապ. Հայաստանի կենդանական աշխարհը կրկին վտանգված է

Վտանգված կենդանատեսակներից է բեզոարյան այծը


Վտանգված կենդանատեսակներից է բեզոարյան այծը

Սիրանույշ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Երևանյան բնապահպանական կազմակերպություններից մեկը փորձում է կանխել Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը:

«Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության հաղորդմամբ` ռուսական «Այբեքս» որսորդական ակումբը Ուրծասարի լեռներում որս է կազմակերպում: Կազմակերպությունը բեզոարյան այծի որսը սահմանել է 3500 եվրո, հայկական մուֆլոնինը` 4000 եվրո, իսկ կովկասյան արջինը` 450 եվրո: Երևանյան բնապահպանական կազմակերպություններից մեկը փորձում է կանխել Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը:

«Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության հաղորդմամբ` ռուսական «Այբեքս» որսորդական ակումբը Ուրծասարի լեռներում որս է կազմակերպում: Կազմակերպությունը բեզոարյան այծի որսը սահմանել է 3500 եվրո, հայկական մուֆլոնինը` 4000 եվրո, իսկ կովկասյան արջինը` 450 եվրո:

«Հայկական մուֆլոնի որսը կազմակերպվում է Մեղրու սարերում (Իրանի սահմանի մոտ): Ողջ որսն անցկացվում է ծովի մակերևույթից 2000-2500 մ բարձրության վրա: Սովորաբար 3-5 օրվա որսորդությունը բավարար է լավ ավարի համար: Որսաշրջանն ամբողջ տարին է, իսկ ամենալավ ժամանակը` մարտ-նոյեմբեր ամիսները»,- ասվում է «Այբեքսի» կայքում (http://club-ibex.com/rus/tourdetail.php?t_id=570):

Այս կենդանիները գրանցված են Կարմիր գրքում, և նրանց որսի թույլտվությունը կարող է տալ միայն ՀՀ կառավարությունը, այն էլ` միայն հազվագյուտ դեպքերում` գիտահետազոտական նպատակներով: Բացի այդ, Հայաստանում օրինական որս կարելի է անել ոչ թե ամբողջ տարին կամ մարտից նոյեմբեր ամիսներին, այլ միայն որսաշրջանի ընթացքում` օգոստոսից-փետրվար ամիսներին:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (ՎԲՀՀ) հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Իգոր Խորոզյանն ասում է, որ բեզոարյան այծերն ու մուֆլոններն ապրում են հիմնականում հարավային Հայաստանում: Նա դժվարացավ ասել, թե նախկինում ինչքան է եղել այդ կենդանիների թվաքանակը, քանի որ որևէ ուսումնասիրություն չի եղել:

Ըստ Խորոզյանի` այժմ Հայաստանում կան մոտ 200-250 հայկական մուֆլոն և մոտ 2000 բեզոարյան այծ:

Այդ կենդանիները թվականակը կտրուկ նվազեց 90-ականներին, երբ մարդիկ անխնա որսում էին դրանց: Հիմա այս կենդանիներին որսացողները` բռնվելու դեպքում տուգանվում են 3 միլիոն դրամ (մոտ 7900 դոլար):

«Այս կենդանիների որսը չի կարող օրինական լինել, քանի որ երկուսն էլ գրանցված են և´ միջազգային, և´ Հայաստանի Կարմիր գրքերում: Իսկ պահպանվող կենդանիների որսը պարզապես անթույլատրելի է»,- ասում է Խորոզյանը:

Այդուհանդերձ, «Այբեքս» կազմակերպության գլխավոր տնօրեն Օլեգ Պոդտյաժկինը վստահեցնում է, որ այս երկու կենդանիների որսը Հայաստանում օրինական է համարվում:

«ԱրմենիաՆաուի» թղթակիցը, ներկայանալով որպես մեկը, ով ուզում է պատվիրել բեզոարյան այծի որս, Skype-ով այդ մասին հարցրեց Պոդտյաժկինին, ով «Այբեքսի» կայքում հեռախոսահամարից բացի թողել էր նաև Skype-ի իր ծսծկանունը:

Պոդտյաժկինը իր պոտենցիալ պատվիրատուին վստահեցրեց, որ կենդանիների որսն օրինական է:

«Մենք միայն օրինական որսորդություն ենք առաջարկում: Հայաստանում հնարավոր է որսալ հայկական մուֆլոն և բեզոարյան այծ»,- ասաց նա:

ՀՀ բնապահպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Պեպանյանն ասում է, որ ՀՀ բնապահպանական պետական տեսչությունը պատրաստվում է նամակ ուղարկել «Այբեքս» կազմակերպությանը, որով կտեղեկացնի կազմակերպությանը, որ Հայաստանում այդ կենդանիների որսն արգելված է:

«Թող նրանք նախ Հայաստանի օրենքներին ծանոթանան, հետո որսորդություն առաջարկեն»,- ասում է Պեպանյանը:

Թեև Հայաստանում այս կենդանիների որսն արգելված է, սակայն մամուլում հաճախ են տարածվում լուրեր այն մասին, որ հայ օլիգարխներն ու բարձրաստիճան պաշտոնյաները նույն այդ Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի մեծ սիրահար են:

Հայկական մուֆլոնի որսի մասին տեղեկություն նաև անցյալ տարի էր տարածվել (http://www.ecolur.org/hy/news/2008-11-21/127/): Լրատվամիջոցների հաղորդմամբ` որսը կազմակերպել էր հայ-իտալական «Սաֆարի ինթերնեշնլ» կազմակերպությունը, որի նախագահը Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանն է: ՀՀ կառավարության 2004 թ. որոշմամբ` Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճի և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի անտառային ֆոնդի տարածքները տրամադրվել են «Սաֆարի ինթերնեշնլ» ՍՊԸ-ին` վայրի կենդանիների տեսակների բնականոն վերարտադրության ապահովման, էկոտուրիզմի և որսորդական տուրիզմի զարգացման ծրագրի իրականացման նպատակով:

Այդ տեղեկությունը տարածվելուց հետո մարզպետ Մաթևոսյանը բազմիցս տարբեր լրատվամիջոցներին ասել է, որ այդ տարածքում որս չի թույլատրվում, սակայն նրա ղեկավարած կազմակերպության կայքում այսօր էլ կարելի է գտնել հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի որսի կազմակերպման մասին հայտարարությունը և սակագները
(http://www.safariinternational.com/en/p_Muflon-and-ibex-in-Armenia.htm):


Source URL: http://www.armenianow.com/hy/news/10523/eco_alarm_armenian_endangered_wild


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.