Ակնարկներ | 09.10.09 | 16:00
«Լույս հայի աչքերին». Տեսողության համաշխարհային օրն ակնաբույժներն այցելում են Աբովյանի ՔԿՀ կալանավորներին
ՀԱՆ-ի շնորհիվ 102 կին կալանավոր բժշկական ստուգում անցան
Աբովյանի քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) ամենածեր կալանավոր Զոյա Սարգսյանը վերջին չորս ամիսներին ակնոցի կարիք ուներ, քանի որ ընկել էր` կոտրելով ձեռքն ու ակնոցը:
Հոկտեմբերի 8-ին` Տեսողության համաշխարհային օրը, որն այս տարի նվիրված էր գենդերային առողջության ու ակնաբուժության հարցերին, «Հայկական ակնաբուժության նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական հիմնադրամը պարգևեց երկար սպասված նվերը:Աբովյանի քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) ամենածեր կալանավոր Զոյա Սարգսյանը վերջին չորս ամիսներին ակնոցի կարիք ուներ, քանի որ ընկել էր` կոտրելով ձեռքն ու ակնոցը:
Հոկտեմբերի 8-ին` Տեսողության համաշխարհային օրը, որն այս տարի նվիրված էր գենդերային առողջության ու ակնաբուժության հարցերին, «Հայկական ակնաբուժության նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական հիմնադրամը պարգևեց երկար սպասված նվերը:
Կալանավայրում գտնվող ևս 102 կին անցան բժշկական ստուգում և ստացան համապատասխան նշանակումներ, երբ ՀԱՆ-ի բժիշկներն այցելեցին մայրաքաղաք Երևանից մոտ 20 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող Աբովյանի կալանավայրը:
1992 թ. ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի հիմնած «Հայկական ակնաբուժության նախագիծը» ԱՄՆ-ում գտնվող բարեգործական կազմակերպություն է, որը Հայաստանում զբաղվում է կանխելի կուրության բուժմամբ:
Այդ ժամանակից էլ նախագիծը սկսել է գործել Հայաստանում` տրամադրելով բարձրակարգ բուժօգնություն, բժշկական ուսուցում, վերապատրաստում, իրազեկում և այլն:
2003 թվականից ՀԱՆ-ն իրականացնում է «Լույս հայի աչքերին» 7-ամյա ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում 240.000 մարդ ակնաբուժական ստուգումներ են անցել: ՀԱՆ-ի արդիական շրջիկ ակնաբուժարանն այցելում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններ` տեղում բարձրակարգ բուժօգնություն ցույց տալով մարդկանց: Մոտ 10.000 մարդ արդեն վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել այդ ծրագրի շրջանակներում:
Անցալ տարի էլ ստուգայցեր են կատարվել տարբեր կալանավայրեր, ստուգվել է 1000-ից ավելի կալանավոր և տրամադրվել 782 ակնոց:
Այս տարի Տեսողության համաշխարհային օրը որոշվեց նշել հենց կանանց գաղութում, քանի որ աշխարհում 45 միլիոն կույր և 269 մլն տեսողական խնդիր ունեցող մարդկանց գրեթե երկու երրորդը կանայք ու աղջիկներ են:
«Քանի որ կալանավայրերում մարդիկ գտնվում են ավելի վատ վիճակում, ուստի շատ կարևոր է առաջինը հենց նրանց օգնության ձեռք մեկնել»,- ասաց նախագծի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նունե Եղիազարյանը:
Այցի ընթացքում ՀԱՆ-ի մասնագետներն Աբովյանի ՔԿՀ-ում ստուգել են մոտ 200 կանանց ու աղջիկների տեսողությունը, նշանակել համապատասխան բուժում, ակնոցներ տրամադրել և կալանավորների համար հատուկ դասընթաց անցկացրել աչքի հիվանդությունների ու դրանց ախտանշանների մասին: Նաև բաժանվել են աչքի հիվանդություններին ու աչքի հիգիենային նվիրված տեղեկատվական գրքույկներ:
Հանրապետության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը տարբեր կալանավայրերում ստուգայցեր է անցկացրել և տեղյակ է, որ այստեղ շատ լուրջ տեսողական խնդիրներ չեն լինում, միայն` կարճատեսություն ու հեռատեսություն:
Կալանավայրի պետի տեղակալ Արայիկ Ջամալյանի խոսքով` ամեն տարի իրենց հիմնարկ է այցելում 5-6 նման բարեգործական կազմակերպություն, բայց հիվանդները հիմնականում բուժում են ստանում կալանավայրի բժիշկներից:
Կալանավայրի բուժօգնության բաժնի պետ Սամվել Պողոսյանի խոսքով` կալանավորների 30 տոկոսը պարբերաբար բուժօգնություն է ստանում, որոնց 3 տոկոսն է միայն տեսողական խնդիրներ ունենում:
Կալանավոր Զոյա Սարգսյանը 72 տարեկան է: Նրա մի աչքը կույր է, մյուսն էլ վիրահատության կարիք ունի: Բժիշկ Մալայանն առաջարկում է վիրահատել, բայց կինը մերժում է. «Արդեն մեռնելուս ժամանակն է, էլ ի՞նչ վիրահատություն»:
Սարգսյանը պատմում է, որ երազում էր վիրաբույժ դառնալ, երբ ապագա ամուսինը փախցրեց իրեն` դեռ 20 տարեկան (սովորույթ, որ դեռ լիովին չի վերացել կովկասյան մշակույթներում): Սարգսյանն ասում է, որ քրեական աշխարհի մարդ լինելով` ամուսինն իրեն էլ է ներգրավել քրեական շրջաններ, ինչի հետևանքով արդեն չորրորդ անգամ բանտում է հայտնվել: Վերջին անգամ դեռ խորհրդային տարիներին դատապարտվել է երկարատև ազատազրկման թմրամիջոցներ վաճառելու համար:
«Ազատվելու եմ 2013 թ. մարտի 22-ին, գնալու եմ մի 3 ամիս ազատությունս վայելեմ ու հանգիստ հեռանամ կյանքից»,- ասում է Սարգսյանը, ում համար ճաղերից այն կողմ ոչ մի բարեկամ չկա Հայաստանում:
Աբովյանի ՔԿՀ կալանավորները 20-72 տարեկան են, բայց հիմնականում միջին տարիքի կանայք են, որոնք բանտում են հայտնվել թրաֆիքինգով զբաղվելու և կոռուպցիայի մեղադրանքով:
55-ամյա Լաուրա Խաչատրյանի ժամկետը, ով կոռուպցիայի համար է այստեղ հայտնվել, կլրանա 5 տարի հետո: Բայց նա հաճելի զբաղմունք է գտել անազատության մեջ` փաստավավերագրական էսսեներ է գրում:
«Արդեն չորս հրատարակված գիրք ունեմ: Գրել եմ կյանքի, սիրո մասին: Պատրաստվում եմ գրել նաև հինգերորդը` այս անգամ արդեն բանտի կյանքի մասին»,- ասում է Խաչատրյանը:
Տեսողության համաշխարհային օրվան նվիրված 2009 թ. ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ի շրջիկ ակնաբուժարանը հոկտեմբերի 6-ին սկսեց իր աշխատանքներն Արագածոտնի մարզում: ՀԱՆ ակնաբույժների խումբը կմնա մարզում մինչև հոկտեմբերի 26-ը` ամեն օր ստուգելով 60-80 հիվանդների: