Սոցիալական | 23.10.09 | 16:00
Երևան-Էջմիածին-սփյուռք. Ըստ Սարգսյանի` թեև եկեղեցին անջատ է պետությունից, սակայն կարևոր դերակատարություն ունի հայ ժողովրդի կյանքում
Նախագահ Սարգսյանն ասում է, որ եկեղեցի-պետություն հարաբերություններն այժմ մոտ են ոսկե միջինին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Թեմական ներկայացուցչական երրորդ ժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով եկեղեցի-պետություն հարաբերություններին, նշել է, որ դրանք հատկապես կարևոր են երկրի համար «ներկա պատմական փուլում»:
«Խոստովանենք, որ եկեղեցի-պետություն հարաբերությունների կարգավորումը հեշտ խնդիրներից չէ: Եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին: Այս պարզ բանաձևը դժվար է կիրառել կյանքում, որովհետև մեր` հայերիս դեպքում գրեթե անհնար է զատորոշել այն սահմանը, թե որտեղ է ավարտվում մեր հոգևոր մշակույթը և որտեղ է սկսվում աշխարհիկ, մասնավորապես` քաղաքական մշակույթը: Կարծում եմ, որ այսօր մենք մոտ ենք ոսկե միջինին…: Այս ասպարեզում իհարկե ժամանակը կանի իր անխուսափելի սրբագրումները, բայց, ըստ էության, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Պետական կառույցները պատրաստ են շարունակել և խորացնել այս համագործակցությունը, որ արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները»,- ասել է նախագահ Սարգսյանը:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Թեմական ներկայացուցչական երրորդ ժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով եկեղեցի-պետություն հարաբերություններին, նշել է, որ դրանք հատկապես կարևոր են երկրի համար «ներկա պատմական փուլում»:
«Խոստովանենք, որ եկեղեցի-պետություն հարաբերությունների կարգավորումը հեշտ խնդիրներից չէ: Եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին: Այս պարզ բանաձևը դժվար է կիրառել կյանքում, որովհետև մեր` հայերիս դեպքում գրեթե անհնար է զատորոշել այն սահմանը, թե որտեղ է ավարտվում մեր հոգևոր մշակույթը և որտեղ է սկսվում աշխարհիկ, մասնավորապես` քաղաքական մշակույթը: Կարծում եմ, որ այսօր մենք մոտ ենք ոսկե միջինին…: Այս ասպարեզում իհարկե ժամանակը կանի իր անխուսափելի սրբագրումները, բայց, ըստ էության, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Պետական կառույցները պատրաստ են շարունակել և խորացնել այս համագործակցությունը, որ արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկայացրել է ժողովի աշխատանքները` նվիրված Ընդհանուր կանոնադրության մաս կազմող` Թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթի քննարկմանն ու հաստատմանը:
«Թեմական և ծխական կանոնադրությունների ուղենշային փաստաթղթի ընդունումը մեր եկեղեցու համար հուսալի հեռանկարներ է ստեղծելու թեմերի կյանքն առավել կազմակերպված դարձնելու առումով,- ասել է Վեհափառ հայրապետը: - Այս փաստաթղթի ընդունմամբ մենք զգալի քայլ ենք կատարելու Հայ եկեղեցու կանոնադրության ընդունման գործընթացում`միաժամանակ արտացոլելով Հայոց եկեղեցու պատմականոնական դիմագիծը»:
Նախագահ Սարգսյանը խիստ կարևորել է Հայ եկեղեցու գործունեությունը սփյուռքում` նշելով, որ դա է հայությանը միավորող ամենահուսալի շաղախը:
«Միասնական արմատների, միասնական նպատակների, ընդհանուր մարտահրավերների և մանավանդ ընդհանուր ապագայի մասին եկեղեցու պատգամն ու հորդորը նոր ոգի են հաղորդում արտերկրի մեր քույրերին ու եղբայրներին և կարող են թևավորել նույնիսկ հուսահատվածներին: Ողջ հայության միասնական կեցվածքը ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական մեծ կապիտալ է: Անթույլատրելի է այդ կապիտալը մսխել ոչ սկզբունքային հարցերի շուրջ ծագած վեճերում»,- ընդգծել է նա:
Թեմական ժողովին ներկա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է Հայ եկեղեցու կարևոր մասնակցությունն ու դերակատարությունը ԼՂՀ կյանքում: Նա ներկայացրել է նաև Արցախի կյանքի տարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները, արցախահայության հիմնախնդիրները: Նախագահ Սահակյանը կարևորել է աշխարհասփյուռ հայության շարունակական զորակցությունը Արցախին:
Թեմական ժողովի ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:
Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ կերպ չի նշանակում հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերից:
«Հայաստանի Հանրապետությունը` որպես միջազգային հարաբերությունների համակարգի պատասխանատու դերակատար, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած հանձնառությունների կատարմանը և պատրաստ է առաջ շարժվել ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն համաձայն` առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Անդրադառնալով ներկաների հնչեցրած մտահոգությանը, թե թուրքական կողմը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, նախագահը կրկնել է, որ այդ երկու գործընթացները որևէ ձևով միմյանց հետ չեն կապվում: Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը գնում է այդ խնդիրներն առանձին-առանձին կարգավորելու ճանապարհով և հաստատակամ է իր այն տեսակետում, որ պետք է լինեն այնպիսի լուծումներ, որոնք տարածաշրջանում կապահովեն տևական կայուն խաղաղություն ու զարգացում:
Նախագահն ասել է, որ ստորագրված արձանագրությունների վավերացումը և առանց նախապայմանների ու ողջամիտ ժամկետներում հարաբերությունների հաստատումը պաշտպանում է նաև լայն միջազգային հանրությունը: Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր սցենարների առնչությամբ Հայաստանն ունի իր «ռազմավարական ու մարտավարական պատկերացումները, և, համապատասխան զարգացումներից ելնելով, կձեռնարկվեն համարժեք քայլեր»:
Թեմական ժողովին ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ շեշտել է Հայ Առաքելական եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում: Վարչապետը վստահություն է հայտնել, որ ժողովի արդյունքները կնպաստեն եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանը և ժամանակակից մարտահրավերների արդյունավետ դիմագրավմանը: