Առողջապահություն | 13.11.09 | 16:00
Խոզի գրիպ. Հայաստանում հայտնաբերված H1N1 վարակի դեպքերը դեռ պետք է հաստատվեն
Երեկ առողջապահության ոլորտի պատասխանատուները հաստատեցին, որ Հայաստանում գրանցվել է աշխարհում «խոզի գրիպ» անունով հայտնի H1N1 վիրուսի 3 դեպք: Այդուամենայնիվ, վերջնական եզրակացությունը պետք է տա Առողջապահության համաշխարհային կազմակերպության Լոնդոնում գտնվող ռեֆերենտ լաբորատորիան:
Վիրուսը կրողներից մեկը ազգությամբ պարսիկ է, որը Հայաստան էր ժամանել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքից: (Խոզի գրիպը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մեծ թափով տարածվել է Ուկրաինայում, որտեղ արդեն ավելի քան 90 մարդ է մահացել):Երեկ առողջապահության ոլորտի պատասխանատուները հաստատեցին, որ Հայաստանում գրանցվել է աշխարհում «խոզի գրիպ» անունով հայտնի H1N1 վիրուսի 3 դեպք: Այդուամենայնիվ, վերջնական եզրակացությունը պետք է տա Առողջապահության համաշխարհային կազմակերպության Լոնդոնում գտնվող ռեֆերենտ լաբորատորիան:
Վիրուսը կրողներից մեկը ազգությամբ պարսիկ է, որը Հայաստան էր ժամանել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքից: (Խոզի գրիպը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մեծ թափով տարածվել է Ուկրաինայում, որտեղ արդեն ավելի քան 90 մարդ է մահացել):
Մյուս երկուսը Մոսկվայից ժամանած էջմիածնեցի (Արմավիրի մարզ) երիտասարդներ են, որոնք այժմ բուժում են ստանում Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Իսկ Իրանի քաղաքացին, որ մի քանի օր առաջ էր տեղափոխվել նույն հիվանդանոց, ըստ առողջապահության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի, արդեն առողջացել և վերադարձել է հայրենիք: Էջմիածնեցի երիտասարդները հավանաբար 3 օրից դուրս կգրվեն հիվանդանոցից:
Անալիզների արդյունքներն արդեն ուղարկվել են Լոնդոն, և վերջնական պատասխանները պատրաստ կլինեն մի քանի օրից: Նոյեմբերի 10-ի տվյալներով` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքէջում (www.who.int) Հայաստանը դեռ չի ընդգրկվել խոզի գրիպ ունեցող երկրների շարքում:
Չնայած ոլորտի պատասխանատուների բազմակի հավաստիացումներին, որ Հայաստանում համաճարակային իրավիճակը կայուն է և ամբողջովին վերահսկելի, շատերի մոտ տագնապային տրամադրություն նկատվեց: Մասնավորապես, Երևանում լուրեր են տարածվել, որ դեղատներում հնարավոր չէ բժշկական դիմակներ գտնել:
Դեղատներում դիմակների առկայությունը պարզելու համար «ԱրմենիաՆաուն» այցելեց 5 տարբեր դեղատներ: Դիմակներ վաճառվում էին բոլոր դեղատներում, սակայն դրանցից ոչ բոլորն էին որակյալ: Դիմակների գինը տատանվում է 40-100 դրամի (մոտ 1-3 սենթ) սահմաններում: Օրինակ` «Նատալի ֆարմ» դեղատների ցանցում դիմակները նախկինում վաճառվել են 50 դրամով (1 սենթ), սակայն երեկվանից դրանց գինը դարձել է 100 դրամ (3 սենթ): Բոլոր դեղատների աշխատակիցները փաստեցին, որ դիմակների պահանջարկի կտրուկ ավելացում դեռ չեն նկատել: