Ղարաբաղ | 20.11.09 | 16:00
Քարտեզ ու քարոզչություն. «Գնենք հայկականը» գովազդային վահանակները շփոթություն են առաջացնում ԼՂՀ ներկայիս սահմանների շուրջ
Հայրենական արտադրության ապրանքների սպառումն ավելացնելու նպատակով անցկացվող նախաձեռնության գովազդն ակամա կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ներկայիս սահմանները:
«Գնենք հայկականը» ակցիայի շրջանակներում այս շաբաթ Երևանի փողոցներում հայտնված գովազդային վահանակների վրա խորհրդային տարիներին գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) քարտեզն է, որը մինչև 1988-ը գտնվում էր Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզումից հետո դուրս եկավ Բաքվի վերահսկողությունից:Հայրենական արտադրության ապրանքների սպառումն ավելացնելու նպատակով անցկացվող նախաձեռնության գովազդն ակամա կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ներկայիս սահմանները:
«Գնենք հայկականը» ակցիայի շրջանակներում այս շաբաթ Երևանի փողոցներում հայտնված գովազդային վահանակների վրա խորհրդային տարիներին գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) քարտեզն է, որը մինչև 1988-ը գտնվում էր Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզումից հետո դուրս եկավ Բաքվի վերահսկողությունից:
Ո´չ պետական, ո´չ մասնավոր մարմիններից «ԱրմենիաՆաուին» չհաջողվեց պարզել նախաձեռնության կազմակերպիչներին: Երևանի քաղաքապետարանում խոստացել են «ԱրմենիաՆաուի» հարցերին պատասխանել «առաջիկա օրերին»:
Գրեթե մեկ տարի առաջ` 2008-ի դեկտեմբերին, Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները նամակ էին ուղարկել Հայաստանի նախագահ Սարգսյանին, որում խնդրում էին նրան օգտագործել իր ազդեցությունը` հանելու հայկական հեռուստաալիքներով եղանակի տեսության ընթացքում ցուցադրվող քարտեզները:
Դրանցում Հայաստանն ու Արցախը պատկերված են 1988 թ. սահմաններով, այսինքն` Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում է (որը գտնվում էր Ադրբեջանի կազմում), իսկ Լաչինի միջանցքը (Հայաստանն ու ԼՂՀ-ն իրար միացնող) ընդհանրապես բացակայում է:
ԼՂՀ ներկայիս քարտեզի կիրառման խնդիրներով զբաղվող Տիգրան Քոչարյանը պնդում է, որ այդ քարտեզի տպագրությամբ կազմակերպիչները խախտում են ԼՂՀ սահմանադրությունն ու ազատագրված տարածքներում բնակվող մարդկանց իրավունքները: (1994 թ. Ադրբեջանի հետ զինադադար կնքվեց, որով վերջ դրվեց երեք տարի տևած պատերազմին: Մինչ այդ Ղարաբաղի հայկական ուժերն արդեն կարողացել էին իրենց վերահսկողության տակ վերցնել բուն Ադրբեջանի յոթ շրջաններ, որոնք մինչև այսօր գտնվում են այդ ուժերի վերահսկողության տակ:)
«Սա ի՞նչ է, նշանակում է, որ եթե Բերձորում կամ Քարվաճառում բնակվող մարդիկ մեղր են արտադրել, ուրեմն այն չպետք է գնել, որովհետև ԼՂԻՄ-ի քարտեզում այդ տարածքները չկան»,- ասում է Քոչարյանը:
«Այլատյացության դեմ նախաձեռնության» անդամ Քոչարյանը համոզված է` ակցիայի կազմակերպիչները Լեռնային Ղարաբաղի հին քարտեզը տպագրելով` «ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին»:
«Մենք արդեն մեկ տարի պայքարում ենք, որ հեռուստաընկերությունները չցուցադրեն ԼՂԻՄ-ի քարտեզը, ու արդեն երեք հեռուստաընկերություն հրաժարվել են դրանից, իսկ նրանք նոր նախաձեռնություն են սկսում նույն քարտեզով: Փաստորեն, կազմակերպիչներն ավելի վաղ են ղարաբաղյան հակամարտությունը կարգավորում, քան, ասենք` նախագահը, քանի որ Սերժ Սարգսյանը տարածքներ հանձնելու մասին ակնհայտ չի հայտարարում»,- ասում է Քոչարյանը: