Ղարաբաղ | 20.11.09 | 16:00
Գիտակցության խաղեր. հոգեբանն ասում է, որ ռազմատենչ Ալիևի հայտարարությունը հայ հասարակության մեջ տագնապ սերմանելու նպատակով է արվել
Հայ ռազմական հոգեբանի կարծիքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Մյունխենում Հայաստանի նախագահին հանդիպելուց առաջ «ռազմամոլ հայտարարություն է արել հայ հասարակության մեջ տագնապ առաջացնելու նպատակով»:
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ հանդիպեցին նոյեմբերի 22-ին Մյունխենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցելու համար:Հայ ռազմական հոգեբանի կարծիքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Մյունխենում Հայաստանի նախագահին հանդիպելուց առաջ «ռազմամոլ հայտարարություն է արել հայ հասարակության մեջ տագնապ առաջացնելու նպատակով»:
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ հանդիպեցին նոյեմբերի 22-ին Մյունխենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցելու համար: Մյունխենյան հանդիպումից առաջ Ալիևն Ադրբեջանում հայտարարել էր, որ բանակցություններում առաջընթաց չգրանցելու դեպքում տարածաշրջանում պատերազմը կարող է վերսկսվել: Նա մասնավորապես ասել էր, թե «Ադրբեջանն իրավունք ունի ազատագրել ադրբեջանական հողերը ռազմական ճանապարհով»:
«Պարզ է, որ այդ պարզունակ հայտարարությամբ նախագահ Սարգսյանին վախեցնելը դժվար է, և հայտարարությունը շատ հստակ ուղղված է հայաստանյան հանրությանը»,- նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը` Ալիևի հայտարարությունը բնորոշելով որպես «ռևանշիստական հոխորտանք»:
Ըստ Ջամալյանի` Ալիևը հույս ուներ հերթական հանդիպումից առաջ պատերազմական վտանգի միջոցով «ներքին ճնշում» հրահրել Հայաստանում նախագահ Սարգսյանի դեմ` դրանով ստիպելով վերջինիս որոշակի զիջումների գնալ: Սակայն ռազմական հոգեբանը կարծում է, որ զիջումների գնալն ավելի կմեծացնի պատերազմի վտանգը, քանի որ զիջումների գնացող կողմը թուլանում է:
Ջամալյանի կարծիքով` վաղուց անցել են այն ժամանակները, երբ պատերզամը սկսվում էր այդ մասին հայտարարելով:
«Ներկայումս պատերազմի արդյունավետությունը հանկարծակիության մեջ է»,- ասաց հոգեբանը:
Ջամալյանը նշեց, որ Ալիևը տարիներ շարունակ պատրաստվում է պատերազմի, սակայն, ռազմական տարբեր փորձագետների պնդմամբ` Ադրբեջանը պատրաստ չէ ռազմական գործողությունների: Նա այս պահին անհնարին համարեց ռազմական գործողությունների վերսկսումը: Ըստ Ջամալյանի` պատերազմը կարող է վերսկսվել միայն երկու գործոնի առկայության դեպքում` եթե Հայաստանի պետականությունը ինչ-որ պատճառներով շեշտակիորեն թուլանա, և Հայաստանը խոցելի դառնա արտաքին ագրեսիայի համար, և եթե պատերազմը ձեռնտու լինի աշխարհի ուժային կենտրոններին:
Ջամալյանը նաև անդրադարձավ անցյալ շաբաթ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար թուրք աշակերտին պատժելու միջադեպին:
Նանսի քաղաքի դպրոցներից մեկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկման ժամանակ 13-ամյա Մուստաֆա Դողանը հայտարարել էր. «Եթե հայերին ցեղասպանության են ենթարկել, ուրեմն նրանք դրան արժանի են եղել»:
Դպրոցի ղեկավարությունն այդ հայտարարության համար Դողանին երկու օրով հեռացրել էր դպրոցից: Արդյունքում` աշակերտը գրավոր ներողություն էր խնդրել իր խոսքի համար: (Ֆրանսիան այն երկրներից է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:)
Ըստ Ջամալյանի` այս աշակերտի պահվածքն ապացույցն է այն բանի, որ նույնիսկ հանդուրժողականություն քարոզող Եվրոպայում թուրքը չի փոխվել, «առավել ևս չի փոխվել շովինիստական քեմալիզմի գաղափարախոսությամբ ապրող Թուրքիայում»:
«Թուրք տղայի հայտարարությունը թուրքական ծայրահեղ դիրքորոշումների մի պատառիկն է միայն»,- ասաց հոգեբանը` ավելացնելով, որ մասնագետները ծայրահեղական ու ազգայնական դիրքորոշում ունեցող թուրքական համայնքն ամենուր համարում են ամենադժվար ինտեգրվողը:
Ջամալյանը տարօրինակ է համարում, որ Եվրոպայում ծնված ու այնտեղ մեծացած թուրք երիտասարդը չի ընդունել եվրոպական քաղաքակրթության և հանդուրժողականության արժեքային համակարգը:
«Սա լուրջ մտորելու առիթ պետք է տա: Նույնիսկ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում թուրքերի հետ պետք է շփվել իրատեսորեն` ճանաչելով նրանց»,- ասաց հոգեբանը: