Սոցիալական | 25.11.09 | 16:00
Բողոք. Երևանում ուսանողները, հոգևորականները պահանջում են հարգել հայ ժողովրդի մշակութային արժեքները Վրաստանում
Թբիլիսիում Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցու փլուզումը սրել է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված խնդիրները հարևան երկրում
Անցյալ շաբաթ Թբիլիսիում փլվեց միջնադարյան հայկական եկեղեցիներից մեկը, ինչն առիթ հանդիսացավ, որ ուսանողները և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները Երևանում բողոքի ակցիա կազմակերպեն` արտահայտելու իրենց վրդովմունքը Վրաստանի իշխանությունների հանդեպ` պահանջելով ուշադրություն դարձնել Վրաստանում հայ ժողովրդի մշակութային արժեքների պահպանության խնդրին:Անցյալ շաբաթ Թբիլիսիում փլվեց միջնադարյան հայկական եկեղեցիներից մեկը, ինչն առիթ հանդիսացավ, որ ուսանողները և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները Երևանում բողոքի ակցիա կազմակերպեն` արտահայտելու իրենց վրդովմունքը Վրաստանի իշխանությունների հանդեպ` պահանջելով ուշադրություն դարձնել Վրաստանում հայ ժողովրդի մշակութային արժեքների պահպանության խնդրին:
Երեքշաբթի կեսօրին հարյուրավոր ուսանողներ և եկեղեցու սպասավորներ բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանում Վրաստանի դեսպանության առջև: Այնուհետև ցույցի մասնակիցներից կազմված պատվիրակությունն ուղղվեց դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Վրաստանում հայ ժողովրդի մշակութային արժեքների պահպանության խնդիրներին:
Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել էր 1356 թ., այն հինգ վիճահարույց եկեղեցիներից է, որը Հայաստանյայց Առաքելական և վրաց եկեղեցիների միջև տարաձայնությունների պատճառ էր դարձել:
Վիրահայոց թեմի ներկայացուցիչներն ասում են, որ եկեղեցու փլուզման պատասխանատուները Վրաստանի իշխանություններն են: Նրանք ասում են, որ Վիրահայոց թեմին վերադարձնելու նպատակով Սուրբ Էջմիածինը և թեմը բազմաթիվ դիմումներ են գրել Վրաստանի ղեկավարությանը, որոնք մնացել են անպատասխան:
(Խորհրդային շրջանում` մինչև 1980-ական թվականների կեսը, եկեղեցին փակվելով վերածվել էր ազգագրական թանգարանի, ապա` պահեստի, իսկ 1990 թվականին` որակվելով որպես վթարային և ոչ ենթակա վերանորոգման, վերջնականապես փակվեց: Հետո եկեղեցին վերջնականապես հայտնվեց անմխիթար վիճակում:)
Երեքշաբթի ցույցի մասնակիցները Վրաստանի իշխանություններից և եկեղեցուց պահանջեցին իրավական կարգավիճակ տալ Վիրահայոց թեմին, վերադարձնել հայկական եկեղեցիները և հարգել ու պահպանել Վրաստանի ներկայիս տարածքում գտնվող հայ ժողովրդի մշակութային արժեքները:
Վրաստանի դեսպանն ընդունեց հինգ ուսանողներից բաղկացած պատվիրակությանը, որոնք իրենց պահանջները ներկայացնող նամակ հանձնեցին դեսպանին:
Հանդիպումից հետո մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց, որ Վրաստանի դեսպանը խոստացել է նամակը փոխանցել իր երկրի իշխանություններին և խոստացել, որ հաջորդ տարվա սկզբին կսկսվի եկեղեցու վերականգնման աշխատանքները:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին դիմել է Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարին` խնդրելով պարզաբանել նախարարության դիրքորոշումը և տեղեկացնել ձեռնարկվող միջոցների մասին:
Վրաստանի նախարարը հավաստել է, որ եկեղեցին, իրոք, գտնվում էր անմխիթար վիճակում, և նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկել վերականգնման աշխատանքների ուղղությամբ: Վրացական կողմն ասել է, որ արդեն իրականացվում են եկեղեցու ամրացման աշխատանքներ, որոնց հաջորդող նախագծային աշխատանքները կիրականացնի «Արքիտեքս» վերականգնողական ճարտարապետական արվեստանոցը: Այսօր ՀՀ մշակույթի նախարարության վերականգնող ճարտարագետը կմեկնի Վրաստան` մասնակցելու նախագծման աշխատանքներին: