Ակնարկներ | 27.11.09 | 16:00

Արդիական փոխադրամիջո՞ց. սեգվեյը ժամանակից շուտ է Հայաստան մուտք գործում

Սեգվեյը դեռևս հազվադեպ երևույթ է Երևանի փողոցներում


Սեգվեյը դեռևս հազվադեպ երևույթ է Երևանի փողոցներում

Կարինե Իոնեսյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Մի քաղաքում, որտեղ հեծանիվով երթևեկելը դեռևս ընդունված չէ, իսկ փողոցն անցնելը` վտանգավոր փորձություն, սեգվեյ կոչվող փոխադրամիջոցի գաղափարը խորթ է Երևանին, որտեղ հազվադեպ կարելի է տեսնել այն: Մինչդեռ, ինչպես գրեթե ցանկացած արևմտյան նորամուծություն կամ նորաձևություն, որը, ի վերջո, հայտնվում է այստեղ, Հայաստան «եկավ» նաև սեգվեյը, որը հիշեցնում է մեր հին, բարի ինքնագլորը` միայն թե էլեկտրական:

Այս գարնանը մայրաքաղաքում` Սարյան փողոցում, բացվեց սեգվեյի ներկայացուցչությունը և շուտով, զարմացած հայացքների ներքո, փողոցներով անցնում էին սեգվեյ վարողները` խույս տալով անցորդներից, որոնք կարծես ուրվական էին տեսել:
Մի քաղաքում, որտեղ հեծանիվով երթևեկելը դեռևս ընդունված չէ, իսկ փողոցն անցնելը` վտանգավոր փորձություն, սեգվեյ կոչվող փոխադրամիջոցի գաղափարը խորթ է Երևանին, որտեղ հազվադեպ կարելի է տեսնել այն: Մինչդեռ, ինչպես գրեթե ցանկացած արևմտյան նորամուծություն կամ նորաձևություն, որը, ի վերջո, հայտնվում է այստեղ, Հայաստան «եկավ» նաև սեգվեյը, որը հիշեցնում է մեր հին, բարի ինքնագլորը` միայն թե էլեկտրական:

Այս գարնանը մայրաքաղաքում` Սարյան փողոցում, բացվեց սեգվեյի ներկայացուցչությունը և շուտով, զարմացած հայացքների ներքո, փողոցներով անցնում էին սեգվեյ վարողները` խույս տալով անցորդներից, որոնք կարծես ուրվական էին տեսել:

Ինն ամիս անց էլ սեգվեյը դեռ հեռու է օրինաչափություն լինելուց, քանի որ Հայաստանում այն նույնքան կամ նույնիսկ ավելին արժե, քան միջին կարգի մեքենան` 10000-12000 դոլար:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Գալստյանը սեգվեյի սպառման համար փոքր շուկա է գտել այն հայերի շրջանում, ովքեր հաճույքի համար ծախսելու բավական գումար ունեն:

«Մի քանի տարի առաջ, երբ ամառային հանգստի հիմնական վայրերից հայերի համար դարձան Վրաստանի ծովափնյա քաղաքները, մենք նկատեցինք, որ այնտեղ սեգվեյից հիմնականում օգտվում են հայերը, ու մտածեցինք, որ կարելի է դրանք ներմուծել նաև Հայաստան, և դա կարող է շահավետ բիզնես դառնալ»,- ասում է Գալստյանը:

Գալստյանը 30 երկանիվ փոխադրամիջոց է ներմուծել, որից յոթը վաճառվել են:

Մի քանի էլեկտրական երկանիվ փոխադրամիջոց է բերվել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան, որտեղ, ինչպես Սև ծովի ափին, հանգստյան օրերի հաճույքներին են տրվում հանգստացողները:

Ըստ Գալստյանի` մի գործարար սեգվեյ է գնել իր 63-ամյա պապի համար, որ նա կարողանա ամեն օր տեղաշարժվել իր 73 հա հողատարածքում:

21-ամյա Արման Հարությունյանը սեգվեյ է քշում աշխատանքի ժամանակ մի վայրից մյուսը գնալու համար: Նա չի վճարում քշելավարձը, քանի որ Գալստյանն իր բարեկամն է: Հարությունյանն ասում է, որ արդեն սովորական է դարձել հանդիպել մարդկանց, որոնք հետաքրքրվում են, թե սեգվեյն ի՞նչ է, ի՞նչ արժե, ինչպե՞ս են վարում:
«Մի անգամ նույնիսկ 60-ն անց մի տատիկ եկավ: Զրուցեցինք. պարզվեց, որ ժամանակին լողով է զբաղվել, վերջում էլ կանգնեց սեգվեյի վրա և հանգիստ վարեց»,- ասաց Հարությունյանը:

Սեգվեյը վարձակալության տալն ամենահամեստ գործն է: Սակայն դա ևս թանկ հաճույք է` 15 րոպե վարելն արժե 8 դոլար, իսկ մեկ ժամը` 27 դոլար: Եվ զարմանալի չէ, որ սեգվեյ օրը մեկ կամ մի քանի անգամ են վարձում, իսկ օրեր են լինում, որ չեն էլ վերցնում: Սեգվեյ կարելի է քշել Գալստյանի գրասենյակի մոտ` Մոսկովյան 28 հասցեում:

Գալստյանը չի ժխտում, որ սեգվեյը թանկ նորույթ է, որից օգտվում են մեծահարուստները: Եվ չնայած դրան` նա ձգտում է, որ Հայաստանը դառնա սեգվեյով երթևեկող երկրներից մեկը:

«Հիշում եմ, երբ առաջին անգամ «Հաղթանակ» զբոսայգուց մինչև քաղաքի կենտրոն իջա սեգվեյով: Վարորդներն արգելակում էին մեքենաները, զարմացած նայում, շատերը գինն էին հարցնում: Իմանալով սեգվեյի արժեքը` նրանք ինձ խորհուրդ էին տալիս փոխարենը մեքենա գնել: Բայց, դե, սա չես համեմատի մեքենայի հետ, քանի որ ավելի ձեռնտու է սեգվեյ վարելը»,- կարծում է Գալստյանը:

Տարբեր երկրներում սեգվեյը դարձել է սուրհանդակների, փոստատարների և անգամ ոստիկանների նախընտրած փոխադրամիջոցը:

Երբ վերջերս Հյուսիսային պողոտայում ցուցադրվում էին սեգվեյի հնարավորությունները, ուշադիր հետևող ոստիկանության երկու սպայի հարց տվեցին, թե արդյոք կգերադասեն սեգվե՞յ վարել, թե՞ իրենց ոստիկանական տեղամաս ոտքով հասնել:

«Չենք կարծում, որ սա մեր քաղաքի երթևեկության համար է»,- պատասխանեցին իրավապահները:

Հաջորդ տարի նախատեսվում է Հայաստան ներմուծել General Motors-ի արտադրած նոր սեգվեյի երկտեղանի մոդելը: Այն կարժենա 30000 դոլար:


Source URL: http://www.armenianow.com/hy/features/19370/upward_mobility_segway_rolls_into


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.