Քաղաքականություն | 14.01.10 | 16:27
ՌԴ արտգործնախարար. Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների արագ կարգավորմամբ
Ֆոտոլուր
Լավրովն ասում է՝ ինչքան շուտ, այնքան լավ:
Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների արագ կարգավորմամբ, և որքան արագ դա լինի, այնքան լավ տարածաշրջանի համար: Հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը պաշտոնական այցով Երևանում է հունվարի 13-ից և արդեն բանակցություններ է վարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրները:
Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ ներկա է եղել Ցյուրիխում (հոկտեմբերի 10) հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, և ընդգծեց, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ենթակառուցվածքային նախագծերի իրականացմամբ, մասնավորապես` երկաթուղային հաղորդակցության ոլորտում: «Մենք պատրաստ ենք աջակցել, երբ կողմերը պատրաստ կլինեն»,- ասաց Լավրովը:
Հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրական է ճանաչել, և այժմ վավերացնելու համար դրանք ներկայացվելու են Ազգային ժողով:
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, ասաց. «Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, քանի որ, չնայած Հայաստանի աշխարհագրական մեկուսացմանը Ռուսաստանից (հատկապես 2008 թ. օգոստոսի պատերազմից հետո), Ռուսաստանը մտադիր է ողջ աշխարհին ցուցադրել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում գլխավոր խաղացողներից մեկն է»: