Քաղաքականություն | 21.01.10 | 11:54

Նախարարները զեկուցում են. վարչապետ Սարգսյանը լսում է կառավարության անդամների հաշվետվությունները 2009 թ. արդյունքների մասին

Վարչապետը հորդորեց նախարարներին դասեր քաղել անցյալ տարվա բացթողումներից:

Ֆոտոլուր

Վարչապետը հորդորեց նախարարներին դասեր քաղել անցյալ տարվա բացթողումներից:

Գայանե Մկրտչյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Այս շաբաթ ՀՀ կառավարությունում նախարարները վարչապետ Տիգրան Սարգսյանին են ներկայացնում տարեկան հաշվետվությունները` 2009 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու բացթողումների մասին:

«Հանձնարարություն կա բոլոր նախարարներին, որ կենտրոնանան հետևյալ հարցերի վրա. առաջինը`որո՞նք են եղել հիմնական բացթողումները և պրոբլեմները 2009 թ., որ խոչընդոտել են բարեփոխումների ընթացքը և բացասաբար անդրադարձել տնտեսական աճի ցուցանիշի վրա, երկրորդ`որո՞նք են 2009-ի դասերը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ պետք է ընդգծեն 2010 թվականի գերակա խնդիրները, որոնք գտնվելու են նախարարների անմիջական հսկողության տակ, և որի համար նախարարները տարեվերջին հաշվետվություն են տալու, թե այդ խնդիրներում ինչ դրական փոփոխություններ են կատարվել 2010 թ.:

Հաշվետվություններով երկրի վարչապետին արդեն իսկ ներկայացել են ֆինանսների, էկոնոմիկայի, կրթության, բնապահպանության և սփյուռքի նախարարները:

Ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն` հարկաբյուջետային քաղաքականությամբ փորձ է արվել մեղմելու համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա` խուսափելով մի շարք ցնցումներից: Նախարարությանը դա հաջողվել է «խնայողական ռեժիմի» շնորհիվ, որի մասին դեռ կառավարությունը հայտարարել էր 2009 թվականի սկզբին:

Ըստ էկոնոմիկայի նախարարության` պայքարելով ճգնաժամի դեմ, ձեռնարկվել են նաև մի շարք ծրագրեր: Դրանց շարքում կարևորվել են` ֆիզիկայի ինստիտուտում միջուկային բժշկական կենտրոնի ստեղծումը, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների մասին օրենքի նախագիծը, որի ընդունումը կխթանի տնտեսության հետագա զարգացումը:

Կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվետվությունում ամենակարևոր ու հիմնական ձեռքբերումը համարվել է կրթության մասին նոր օրենքի ընդունումը: 2009 թ. նաև ավարտին է հասցվել 12-ամյա կրթակարգի վերջնական փուլը, մշակվել են առարկայական չափորոշիչները, հրատարակվել առաջին դասագրքերը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել է, որ իրենց գլխավոր խնդիրն է Սևանա լճի կենսառեսուրսների պահպանումը և տեսչական աշխատանքի բարեփոխումը: 2010-ին կազմակերպվելու է կենսաբազմազանության հաշվառում, 14 համայնքներում ծրագրեր են իրականացվելու խմելու ջրի ապահովման ուղղությամբ:

«Անցյալ տարվա մեր ձեռքբերումներից է պահպանվող տարածքների ավելացումը: Այդ ազգային պարկերն են` Արփի և Արևիկ լճերը, ինչպես նաև «Ջերմուկ» և «Հանքավան» ջրաբանական և «Զանգեզուր» պետական արգելավայրերը: Այս գործողությունների արդյունքում ՀՀ պահպանվող տարածքների թիվը հասել է շուրջ 12 տոկոսի, ինչը մոտ է միջազգային չափանիշներին»,- ասել է նախարար Հարությունյանը:

Սփյուռքի նախարարությունն էլ նախատեսված 100-ից հավաքել է 96 միավոր:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը 4 միավորի բացակայությունը վերագրում է իրենց նորաստեղծ նախարարության անփորձությանը:

«2009 թվականին պետական կառավարման համակարգում կայացավ սփյուռքի նախարարությունը: Ոչ թե ստեղծվեց, այլ կայացավ: Կարծում եմ` սա ամենամեծ արդյունքն է»,- ասել է Հակոբյանը:


Source URL: http://www.armenianow.com/hy/news/politics/20473/armenian_ministries_report_on_2009_results


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.