Լուրեր | 29.01.10 | 15:22
Սպառնում են դուրս գալ ԵԽԽՎ-ից. Հայաստանի պատվիրակությունը դժգոհ է թուրք նախագահի «կողմնակալ» դիրքորոշումից
Council of Europe
Չավուշօղլու խոսքով՝ «ամենը թյուրըմբռնման հետևանք է»:
Խորհրդարանական 3 կոալիցիոն խմբակցությունները սպառնում են սառեցնել իրենց մասնակցությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքներին, եթե այդ կառույցի նորընտիր թուրք նախագահ Մովլութ Չավուշօղլուն չդադարի «կողմնակալ» կարծիքներ հայտնելուց:
Այս բողոքը, որին հաջորդել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հեռախոսազրույցը Մովլութ Չավուշօղլուի հետ, սկիզբ է առել այն բանից հետո, երբ ԵԽԽՎ նախագահը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին` նշելով, որ «ԵԽԽՎ փաստաթղթերում արձանագրված է, որ Ղարաբաղն Ադրբեջանի սահմաններում է` որպես Ադրբեջանի տարածք, կա նաև ադրբեջանական տարածքների օկուպացման փաստը», և թե ղարաբաղյան չլուծված հակամարտության առկայությունը լրջորեն խոչընդոտ է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը:
Հայաստանյան պատվիրակության կոալիցիոն անդամներն այս հարցազրույցը որակում են, որպես «կողմնակալ» և շեշտում, որ խնդրի վերաբերյալ Չավուշօղլուի որոշ մեկնաբանություններ «հարցականի տակ են դնում նրա անկողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ընկալման հարցում»:
Հարցը պարզաբանելու նպատակով հունվարի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ`կոչ անելով նրան ԵԽԽՎ-ում նախագահության «երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ և հավասարակշռված դիրքորոշում տարածաշրջանին առնչվող հարցերում»:
Սակայն, Չավուշօղլուն հայտնել է ՀՀ ԱԺ խոսնակին, որ APA լրատվական գործակալության կողմից տարածված տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի արել:
«Այդ հայտարարությունները թերի թարգմանության և ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետևանք են»,- հավաստիացրել է ԵԽԽՎ թուրք նախագահը:
Մինչդեռ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամ «Ժառանգություն» կուսակցությունը վրդովված է ոչ այնքան Չավուշօղլուի հարցազրույցից, որքան հայ պատվիրակների «անհեռատես պահվածքից»:
Ըստ «Ժառանգության»` «կոալիցիոն խմբակցությունների հայրենասիրության պոռթկումն ուշացած և անպատեհ է»:
«Այն ժամանակ, երբ մենք ստորագրահավաք էինք անում թուրք նախագահի ընտրության դեմ, հայկական պատվիրակության կոալիցիոն ներկայացուցիչները հրաժարվեցին ստորագրել այդ նախաձեռնության տակ, իսկ այսօր նոր արթնացել են»,- ասում է ԵԽԽՎ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: