Լուրեր | 29.01.10 | 16:16
Աղի բլիթներն ու Սուրբը. հայ երիտասարդները կանխատեսումներ են անում Սբ Սարգսի օրհնյալ գիշերը
Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից
Վաղը՝ հունվարի 30-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է երիտասարդների ամենասիրված տոներից մեկը՝ Սբ Սարգիսը:
Այս գիշեր հայ երիտասարդներն իրենց համար աղի բլիթ պատրաստող այրի կամ նոր ամուսնացած կին են փնտրում, որպեսզի ուտեն բլիթն ու երազում տեսնեն իրենց ապագա կողակցին: Սա Սուրբ Սարգսի տոնի ավանդույթներից մեկն է:
Սակայն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին հայտարարում է, որ Սբ Սարգսի ու եկեղեցու օրհնությանն արժանանալու ու երջանիկ լինելու համար աղի բլիթ ուտելը պարտադիր չէ:
Հունվարի 30-ին Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին տոնելու է Սբ Սարգսի տոնը, բոլոր եկեղեցիներում մատուցվելու է պատարագ:
Մինչ այդ, հունվարի 29-ի գիշերը հայ երիտասարդները (ավելի շատ աղջիկները, քան տղաները) պատրաստվում են աղի բլիթ ուտել` գիշերը երազում իրենց սիրեցյալին տեսնելու հույսով:
Հայերի կողմից շատ սիրված սրբերից մեկը`Սբ Սարգիսը (4-րդ դար) հրաշագործ էր, որի 40 հոգանոց բանակը պարտության մատնեց թշնամու 10 հազարանոց բանակին: Ավանդությունը պատմում է, որ երբ նրա բոլոր զինվորները դավադրության պատճառով սպանվեցին, նա Աստծո օգնությամբ փրկվեց, հետո փոթորիկ բարձրացավ, և նրան հաջողվեց իր ձիով փախչել:
Ժողովրդական ավանդությունն ասում է` Սբ Սարգսի տոնի նախօրեին աղի բլիթ ուտելու ու մինչև քնելը ջուր չխմելու դեպքում եթե երիտասարդը երազում հակառակ սեռի կողմից ջուր ստանա, ուրեմն նրան ծարավից փրկողն էլ լինելու է իր ապագա կինը կամ ամուսինը:
Եկեղեցին, սակայն, այս ամենը Սբ Սարգսի տոնի իսկական խորհրդի հետ չի կապում: Ըստ Սբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի.
«Սբ Սարգիսը գաղափարախոսություն է, որը հորդորում է նվիրվածություն ու սեր Աստծո և կրոնի հանդեպ: Մենք Սբ Սարգսից պիտի սովորենք սիրել մեր Աստծուն ու դիմացինին ու նախևառաջ դիմացինին, քանի որ այդ դեպքում միայն կարող ենք անվերապահորեն սիրել նաև Աստծուն, որը չի երևում»:
Տեր հայրը նշում է, որ եկեղեցին չի խրախուսում աղի բլիթ ուտելը, բայց նաև չի արգելում. «Սակայն եկեղեցին չի արգելում, որ իր զավակները երջանիկ լինեն: Եթե պիտի աղի բլիթ ուտեք ու երջանիկ լինեք, կերե´ք»: