Ակնարկներ | 21.10.05 | 16:00

«Անբարոյականության քարոզչությո՞ւն», թե՞ «պարզապես խանութ». Երևանում բացվում է սեքս-խանութ

Սուրեն Դեհերյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Երևանի կենտրոնում բացվել է սեքս-խանութ. ոմանք դա համարում են ազատամտություն, իսկ ոմանք էլ` բացահայտ անառակություն:

«Սեքս և կյանքը» «չափահասների համար նախատեսված պարագաների» առաջին խանութը չէ հանրապետությունում, բայց այժմ միակն է: Դեռ 90-ականներին, մի կարճ միջոց, գործել են երկու այլ սեքս-խանութներ, սակայն հասարակայնության` հիմնականում տարեց քաղաքացիների բողոքների հետևանքով փակվել են:

Երևանի կենտրոնում բացվել է սեքս-խանութ. ոմանք դա համարում են ազատամտություն, իսկ ոմանք էլ` բացահայտ անառակություն:

«Սեքս և կյանքը» «չափահասների համար նախատեսված պարագաների» առաջին խանութը չէ հանրապետությունում, բայց այժմ միակն է: Դեռ 90-ականներին, մի կարճ միջոց, գործել են երկու այլ սեքս-խանութներ, սակայն հասարակայնության` հիմնականում տարեց քաղաքացիների բողոքների հետևանքով փակվել են:

Սակայն սեքս-պարագաների առևտրի ջատագով, խանութի տնօրեն 28-ամյա Պետրոս Մովսիսյանը հուսով է, որ ժամանակներն այնքան են փոխվել, որ այս ամսվա սկզբին Կասկադի մոտ բացված իր նոր խանութը շահույթով կաշխատի:

«Խանութն այժմ որպես թանգարան է ծառայում,- ծիծաղելով ասում է Մովսիսյանը: - Մարդիկ գալիս են այստեղ որպես թանգարան: Մտնում են խմբով, միասին զվարճանում են այս կամ այն պարագայի վրա, բայց հետո առանձին-առանձին գալիս են գնումներ անելու: Կանայք են եղել` զանգել-իմացել են, որ խանութում մարդ չկա, արագ մտել ու դուրս են եկել»:

Բացի կանանց և տղամարդկանց «հաճույքի խաղալիքներից», «սեքս-թանգարանում» ներկայացված են նաև կանացի հատուկ ներքնազգեստ և օծանելիք, ինչպես նաև սեքսի հետ առնչվող տարբեր հուշանվերներ: Իսկ թանգարանի թագուհին պատին թիկնած փչովի տիկնիկն է` 17000 դրամ (40 դոլար) արժողությամբ:

10-70 դոլարանոց սեքս-խաղալիքները ներկրվում են ԱՄՆ-ից, Գերմանիայից և Չինաստանից:

«Սա կարելի է փորձնական խանութ համարել, սակայն արդեն ունենք տարբեր պատվերներ, որոնք ներմուծելու ենք Հայաստան: Իսկ դա մեզ հնարավորություն է տալիս մի փոքր պատկերացում կազմելու այստեղի պահանջարկի մասին,- ասում է Մովսիսյանը: - Առայժմ ընդամենը մոտ հարյուր նմուշ է ներկայացված, որն այդքան էլ հարուստ տեսք չի տալիս խանութին, բայց առաջիկայում տեսականին կընդլայվի»:

Մի հասարակության մեջ, որի մի զգալի մասը ականջօղ կամ այծամորուք կրող տղամարդկանց համարում է միասեռական, իսկ կարճ փեշ հագնող աղջիկներին` պոռնիկ (տես` «Ավանդույթներին անհարիր» հոդվածը), սեքս-պարագաների առևտուրը, անշուշտ, համարձակ ձեռնարկում է:

Իսկ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` նման խանութի առկայությունը հանրապետությունում անհրաժեշտ է: Ըստ Ադիբեկյանի` կենտրոնի կատարած հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում 40-ից բարձր կանանց և տղամարդկանց մոտ 80 %-ն անբավարար սեռական կյանքով է ապրում:

«Դրա հետևանքով ոմանք կտրուկ գիրանում են, ոմանք` խիստ նիհարում: Մյուս կողմից խանգարվում է նյարդահոգեբանական համակարգը, ինչը հանգեցնում է ընտանեկան վեճերի»,- ասում է Ադիբեկյանը:

«Սակայն ես չեմ կարծում, որ այն մատչելի կլինի բոլորին, քանի որ դա թանկ հաճույք է: Հերթեր չեն լինի, բայց խանութը կունենա իր հաճախորդը,- ասում է սոցիոլոգը: - Կարևորն այն է, որ խանութը ճիշտ ներկայացվի, քանի որ Հայաստանում սեռական կյանքի մշակույթը դեռ ձևավորված չէ»:

Մովսիսյանն ասում է, որ Երևանում սեքս-խանութ բացելու գաղափարը գայթակղիչ էր, քանի որ այն պետք է լիներ առաջինն իր յուրահատուկ տեսականիով:

Հայտնեք ձեր կարծիքը ԱրմենիաՆաուի ֆորումում

«Չնայած բացելուց հետո իմացանք, որ նման բան արդեն եղել է: Ասում են` տարեց մարդկանց բողոքների պատճառով է փակվել,- մտահոգված ասում է Մովսեսյանը և ավելացնում. – Բայց, թո’ւ-թո’ւ-թո’ւ, կարծես վերջին շրջանում ժողովուրդն առաջընթաց է ապրում»:

Բայց ոչ մեծ:

«Հայ արիական միաբանություն» կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը (որն ուխտ էր արել մաքրել կառավարությունը միասեռականներից) ասում է, որ նման չարիքներին թույլ չի տա Երևանը դարձնել մեղքի քաղաք:

«Մենք միանշանակ դեմ ենք նման վարք ու բարքին,- «ԱրմենիաՆաուին» ասաց Ավետիսյանը: - Դա անբարոյականության գաղափարախոսության քարոզ է, որը կսովորեցնի մարդկանց բնախոսականից անցնել արհեստական գործողությունների»:

Եվ դեռ ավելին...

«Նույն ձևով կարելի է քարոզել բավարարվել վարունգի կամ կաղամբի միջոցով, որը կբերի միայն սեռական մոլագարության: Մենք ամեն ինչ կանենք, որ այդ խանութը փակվի»,- ասաց նա:

Անչափահասների մուտքը խանութ արգելված է: Սակայն այն գտնվում է մի վայրում, որտեղ ամեն ամիս բացօթյա միջոցառումներ են անցկացվում հիմնականում երիտասարդության համար: Սակայն տնօրինության հավաստմամբ` խանութի հիմնական հաճախորդները 30-ից բարձր տարիքի են:

«Սեքս և կյանք» խանութն աշխատում է օրական 12 ժամ` մինչև կեսգիշեր, և շարժն սկսվում է երեկոյան ժամերին:

25-ամյա վաճառողուհի Յանային խանութում վաճառվող զանազան պարագաներն ու «մեծերի խաղալիքները» բնավ չեն շփոթեցնում:

«Այստեղ նորմալ մթնոլորտ է, և ես մեծ բավականություն եմ ստանում աշխատելուց,- ասում է մասնագիտությամբ դիզայներ-ձևավորող Յանան: - Ես մի քանի տարի սովորել եմ Ֆրանսիայում, իսկ այնտեղ սեքս-շոփերը սովորական երևույթ են: Այն փողոցում, որտեղ ապրում էի, երեք սեքս-շոփ կար, և մարդիկ այնտեղ գնումներ էին անում այնպես, ինչպես մթերային խանութից` առանց կաշկանդվելու»:



Source URL: http://www.armenianow.com/hy/features/5937/immoral_propaganda_or_just


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.