
Երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) այս անթոլոգիան հրատարակել է «Պարանտեզ» (Parentheses) հրատարակչությունը 2000 տպաքանակով, ֆինանսապես աջակցել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության գրքերի հանձնախումբը, որը ֆինանսավորում է արժեքավոր այնպիսի գրքեր, որոնք եկամուտ չեն կարող բերել:
Ֆրանսիայում վերջերս հրատարակվեց «Փնտրվում է» (Avis de recherche) վերնագրով ժամանակակից հայ բանաստեղծության անթոլոգիա, որտեղ ընդգրկված են 20 հայաստանցի և սփյուռքահայ բանաստեղծների ստեղծագործություններ: Այս առիթով Ֆրանսիայում անթոլոգիայի հեղինակներից չորսը հոկտեմբերի 6-11-ը հանդիպումներ ունեցան մի քանի քաղաքներում ֆրանսիացի ընթերցողների հետ:Երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) այս անթոլոգիան հրատարակել է «Պարանտեզ» (Parentheses) հրատարակչությունը 2000 տպաքանակով, ֆինանսապես աջակցել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության գրքերի հանձնախումբը, որը ֆինանսավորում է արժեքավոր այնպիսի գրքեր, որոնք եկամուտ չեն կարող բերել:
Երևանում այն կարելի է ձեռք բերել «Արտբրիջ» գրախանութում:
Ի տարբերություն ֆրանսերեն հրատարակված նախկին անթոլոգիաների, որոնք որևէ բանաստեղծի սուբյեկտիվ ճաշակով էին կազմված, և թարգմանությունը դառնում էր այդ բանաստեղծի ստեղծագործության մի մասը, «Փնտրվում է» անթոլոգիան կոլեկտիվ աշխատանք է, ստեղծագործություններն ընտրել են հայաստանցի բանաստեղծների թարգմանիչ Նունե Աբրահամյանը, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը և Սորբոնի համալսարանի դասախոս, գրող Գրիգոր Պլտյանը, իսկ բանաստեղծական թարգմանությունն արել է ֆրանսիացի բանաստեղծ Ստեֆան Ժուրանիքսը:
Ժուրանիքսի նախաբանում ասված է. «Չվայելելով այլևս պետական աջակցություն` այս բանաստեղծները վայելում են ստեղծագործական կատարյալ ազատություն, որը դրսևորվում է ամենատարբեր ուղղություններով և փորձարարությամբ: Հիմնովին վերանայելով գրական տեքստ հասկացությունը` նրանք դիմում են, Մարինե Պետրոսյանի արտահայտությամբ, ոչ նորմատիվ լեզվի, այսինքն` մի լեզվի, որ թե’ գրական, թե’ բանավոր հին նորմերը խախտում է, բայց նոր նորմեր հաստատելու նպատակ էլ չունի, այն վայելում է իր` նորմայից դուրս վիճակը իբրև գրական խնդիր»:
Գրիգոր Պլտյանն ասել է, որ անթոլոգիան կազմելիս նկատի է առնվել, որ հեղինակները ծնված լինեն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Եթե 20 տարի առաջ նման անթոլոգիա հրատարակվեր, ապա հավանաբար սփյուռքահայ բանաստեղծությունը առավել բողոք կարտահայտեր (կապված ցեղասպանության հետ), իսկ հայ պոեզիան լավատեսական հայրենասիրություն կարտահայտեր կամ կլիներ ենթատեքստային` այլաբանություններով հագեցած: Այժմ պատկերը հակառակն է:
Հայաստանցի բանաստեղծների ստեղծագործություններն առավել սոցիալական են, հուսահատության ու դիսկոմֆորտի տրամադրություններով, որ մեկ առաջացնում է նախկին սովետական իրականությունը, մեկ` ներկա անկախ Հայաստանի հակասությունները: Դրանք երբեմն արտահայտվում են հումորով, ինչպես ամենատարեց հեղինակ, 61-ամյա Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծություններում, որոնցից մեկից վերցված է գրքի վերնագիրը («Փնտրվում է»-ն ֆրանսերեն համարժեքն է «Ոստիկանական լրատու» վերնագրի, որի մեջ հեղինակը գրում է. «Քսաներորդ դարի վերջին, ժամը 16-անց 15 րոպեին/ հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից և չի վերադարձել… / տեսնողներին խնդրում ենք/ շտապ հայտնել պառլամենտ,/ որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր/ նոր ընտրությունների համար), երբեմն` սիրային զգացմունքը խաղարկելով, ինչպես Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծությունում. «Այս քաղաքում, սեր իմ/ թիթեռներն անգամ էլ չեն մեռնում լույսի համար,/ նրանք միշտ էլ դուրս են պրծնում թեթև այրվածքներով»: Եվ, ի վերջո, սկսում է միայն հետաքրքրել, ինչպես Աշոտ Խաչատրյանին. «Եվ ով ինձ հերձողին կվճարի»: Իսկ սփյուռքահայերինը առավել լեզվի հետ խաղարկվող, նորարարական կամ անձնական, ապասոցիալական վերապրումների պոեզիա է: Եվ եթե կրկին իրականության հետ անհաշտություն կա, ապա կապված է Հայաստանի հետ, ինչպես Վեհանուշ Թեքյանի տողերում. «Իմ երկիրս տխուր է, քանի որ ես այդտեղ չեմ»:
Մարսելի միջազգային պոեզիայի կենտրոնը (CIPM), որ պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում տարբեր երկրների բանաստեղծների հետ, անթոլոգիայի լուսընծայման առիթով հրավիրել էր բանաստեղծներ Մարինե Պետրոսյանին, Արմեն Շեկոյանին, Վիոլետ Գրիգորյանին Հայաստանից և Գրիգոր Պլտյանին Փարիզից, որոնք Մարսելում և մի քանի քաղաքներում ներկայացրին իրենց բանաստեղծությունները:
«Ինձ համար հետաքրքիր վիճակ էր, որ պոեզիան թողնելուց հետո պոետի դերում էի,- ասում է Արմեն Շեկոյանը, որ հինգ տարի այլևս բանաստեղծություն չի գրում և անցել է արձակի: - Առաջ կամ չէի արտասանում գրածներս, կամ որ շատ էին ստիպում, արտասանելիս հուզվում էի: Այժմ շատ ազատ էի արտասանում, ինչպես դերասանը, երբ ուրիշի գործերն է կարդում»:
Վիոլետ Գրիգորյանն ասում է, որ ի տարբերություն նախկին արտասահմանյան գրական շրջագայությունների, երբ հայ գրողներն ու բանաստեղծները հանդիպում էին սփյուռքի միջավայրին, որտեղ քննարկվում էին ազգապահպանման և այլ ազգային խնդիրներ, ապա այժմ շփումներ եղան ֆրանսիական գրական միջավայրի հետ, որտեղ հետաքրքրված էին գրական խնդիրներով:
«Ֆրանս կուլտուր» ռադիոյին բանաստեղծների տված հարցազրույցը եթեր կհեռարձակվի նոյեմբերի 12-ին: