
Սեֆիլյանը ղարաբաղյան պատերազմի հայտնի մասնակիցներից է, «Շուշի» գումարտակի հրամանատարը, մի շարք մարտական շքանշանների ասպետ: Նրա ձերբակալությունը զարմանք է առաջացրել Հայաստանի հասարակության շրջանում նաև այն պատճառով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով ներկայացված մեղադրանքը բավական ծանր է` պետական հեղաշրջում:
Հայաստանի նորանկախ պետականության պատմության մեջ նման օրինակներն այնքան էլ շատ չեն: Բացի Նաիրի Հունանյանի ղեկավարությամբ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչություն իրականացրած խմբից` նման մեղադրանք է ներկայացվել նաև 1994 թ. դեկտեմբերին, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կասեցրեց Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը «Հայաստանում կուսակցության անօրինական գործունեության և հեղաշրջում նախապատրաստելու պատճառով»:
Հատուկ կետով նշվել էր կուսակցության «արտասահմանում գտնվելու» հանգամանքը: Ավելի վաղ` 1992 թվականին, կուսակցության փաստացի առաջնորդ, ՀՅԴ Աթենքի բյուրոյի ղեկավար Հրայր Մարուխյանը վտարվել էր Հայաստանից Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ցուցումով:
Եվս մեկ դեպք արձանագրվել էր 2000 թվականին, երբ «պետական կամ հասարակական կարգի բռնի տապալման կոչերի համար» մեղադրանք էր ներկայացվել «21-րդ դար» անկախ ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի քաղաքացի Արկադի Վարդանյանին: Նա Երևանում կազմակերպել էր բազմահազարանոց հանրահավաք` նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով: Նույն օրը նա ձերբակալվել էր և 10 օր պահվել կալանքի տակ: Այդ միջադեպը լայն հասարակական արձագանք չունեցավ, քանի որ շատերը միանշանակ չէին ընկալում Արկադի Վարդանյանին:
Սեֆիլյանի ձերբակալության պատճառների թվում նշվում է նրա հասարակական ու քաղաքական գործունեությունը որպես «Ազատագրված տարածքների պաշտպանություն» շարժման առաջնորդ: Այս կազմակերպությունը հիմնվել էր ի պատասխան «փոխադարձ զիջումների» հիմքի վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման` պաշտոնական Երևանի հայտարարած քաղաքականության: Ղարաբաղյան պատերազմի շատ վետերաններ կտրականապես դեմ են, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը որոշ գրավյալ տարածքներ վերադարձնեն Ադրբեջանին:
Կոշտ դիրքորոշման կողմնակիցների և իշխանությունների միջև ծագած տարաձայնությունների էությունն ու բնույթն ավելի ամբողջական ըմբռնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ հակամարտության բուն առարկային: Նախկին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության յոթ շրջաններ` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի և Լաչինի, գտնվում են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ: Նշված շրջանների ընդհանուր տարածքը 8810 քառակուսի կիլոմետր է կամ նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքի 10 տոկոսից մի քիչ ավելի.
Քելբաջար` 1936 քառակուսի կիլոմետր
Լաչին` 1835 քառակուսի կիլոմետր
Ղուբաթլի` 802 քառակուսի կիլոմետր
Ջեբրայիլ` 1050 քառակուսի կիլոմետր
Զանգելան` 707 քառակուսի կիլոմետր
Աղդամ` 1094 քառակուսի կիլոմետր
Ֆիզուլի` 1386 քառակուսի կիլոմետր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման և միջազգային ճանաչման, ինչպես նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային սահմանի անխուսափելիության հարցերը հայաստանյան հասարակությունում գործնականում բանավեճի թեմա չեն: Այս ենթատեքստում հատուկ ուշադրություն է դարձվում Լաչինի և Քելբաջարի միջանցքներին, որոնք կապում են ԼՂՀ-ը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերին:
Պաշտոնական Երևանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում այժմ ներկայացնում է նաև ԼՂՀ շահերը, հետամուտ է երեք հիմնարար սկզբունքների իրականացմանը.
1. Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել:
2. Լեռնային Ղարաբաղը չի կարող գոյատևել որպես անկլավ և պետք է ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ:
3. Պետք է ապահովվեն ԼՂՀ անվտանգության հստակ միջազգային երաշխիքներ:
Այս առումով հայաստանյան հասարակությունը, ընդհանուր առմամբ, սատարում է պաշտոնական Երևանին: Սակայն կան որոշակի տարաձայնություններ մյուս հարցի` ԼՂՀ շուրջը այսպես կոչված «անվտանգության գոտու»` յոթ շրջանների քաղաքական կարգավիճակի մասին: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպության և իշխանությունների միջև հակամարտությունը պայմանավորված է այս հարցը «փոխզիջումների» միջոցով հարթելու իշխանությունների պատրաստակամությամբ:
Իրավիճակը սրվեց 2005 թ. մարտի 30-31-ին խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանավեճից հետո: Բաց քննարկումների ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը կրկնեց երեք հիմնարար սկզբունքները որպես հարցի ցանկացած լուծման հիմք, սակայն ավելացրեց, որ «Աղդամը մեր հայրենի հողը չէ»:
Մեկ շաբաթ անց Սեֆիլյանը հրապարակեց իր ղեկավարած կազմակերպության հայտարարությունը` ուղղված «Հայաստանի պաշտպանության նախարարին և Հայաստանի իշխանությունների մյուս ներկայացուցիչներին»:
«Իմ անունից և այսօր բանակում ծառայող մի խումբ զինվորականների անունից, պատերազմի հազարավոր մասնակիցների և, ես ինձ վերապահում եմ այդ իրավունքը, մարտի դաշտում ընկածների անունից դիմում եմ Սերժ Սարգսյանին և իշխանության ղեկի մոտ կանգնած մյուս գործիչներին: Պարոնա'յք, այսօրվա ձեր գործողությունները դավաճանություն են: Կոչ եմ անում ձեզ կանգ առնել, այլապես ձեզ դաժան պատիժ է սպասում: Զիջումները, որոնք արվում են ոչ միայն խոսքով, այլև գործով, մոլորության են մատնում
ա) նախ` միջազգային հանրությանը, որն աստիճանաբար խստացնում է Հայաստանին ներկայացվող պահանջները,
բ) երկրորդ` Ադրբեջանին, որը դառնում է ավելի կոշտ ու ինքնավստահ,
գ) և երրորդ` մեր ժողովրդին, որն այլևս չի հավատում ոչ մի քաղաքական գործչի:
Ազատագրված տարածքները տեր ունեն: Դա ոչ միայն ես, այլև ամբողջ հայ ժողովուրդն է»:
Անցյալ տարվա հուլիսին Համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարն ասաց. «Նրանք` ամերիկացիները, ֆրանսիացիներն ու ռուսները [ԵԱՀԿ Մինսկի խումբը], կարող են ոչինչ չասել, ինչքան էլ ես ջանամ բացատրել, որ Աղդամը մեր Հայրենիքն է: Սակայն այդ դեպքում ես կարող եմ կորցնել նրանց վստահությունը որպես բանակցություններ վարող և խնդիրներ լուծող անձ»:
2005 թ. հուլիսի 12-ին Սեֆիլյանը հայտարարեց. «Չկա ղարաբաղյան պրոբլեմ, այդ հարցը վաղուց է լուծվել: Հայաստանի իշխանությունների տեսակետը չի համընկնում հասարակության զգացմունքների հետ: Եթե իշխանությունները փորձեն զիջել այդ տարածքներն Ադրբեջանին, ապա հասարակությունը կարձագանքի և թույլ չի տա, որ դա տեղի ունենա»:
Դեկտեմբերի 11-ին նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը խորհուրդ տվեց ԶԼՄ-ներին չափից ավելի չտարվել Սեֆիլյանի ձերբակալության գործով: «Սեֆիլյանի ձերբակալությունը բացառապես իրավապահ մարմիններին վերաբերող հարց է, դրան պետք է շատ զգուշորեն վերաբերվել, ոչ մեկը չպետք է միջամտի ուրիշի գործերին: ԶԼՄ-ները պետք է զբաղվեն իրենց գործով, իսկ իրավապահ մարմինները` իրենց: Պետք չէ գերագնահատել սեփական լիազորությունները»:
Նույն օրը Սեֆիլյանի փաստաբան Վահե Գրիգորյանը հայտնեց, որ «նախատեսվում է Սեֆիլյանին վտարել այսօրվա Հալեպի չվերթով»: Գրիգորյանը պնդում է, որ իրավապահ մարմինների գործողությունները, մասնավորապես` ձերբակալությունն ու վտարումը, հակասում են դիվանագետներին և նրանց ընտանիքները պաշտպանող Վենետիկի կոնվենցիային: Նա հայտնել է լրագրողներին, որ Սեֆիլյանի կինը Հայաստանում Լիբանանի դեսպանի օգնականն է, և, այդպիսով, կոնվենցիան լիովին կիրառելի է Սեֆիլյանի նկատմամբ: «Այս առումով Սեֆիլյանի ձերբակալության հետ առնչվող ներքին վիճաբանությունները կարող են վերաճել դիվանագիտական սկանդալի»:
Առայժմ Հայաստանում Լիբանանի դեսպանատունը Սեֆիլյանի ձերբակալության առնչությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել: Դեկտեմբերի 12-ին հրապարակված դեսպանության հայտարարության մեջ նշված է, որ «դիվանագիտական առաքելությունը պատրաստվում է սպասել մինչև օրենքով նախատեսված ձերբակալության 72-ժամյա ժամկետի ավարտը»:
Դեսպանությունը հերքել է Գրիգորյանի հայտարարությունը` նշելով, որ «Սեֆիլյանը դիվանագետի ընտանիքի անդամ չէ, քանի որ նրա կինն ընդամենը Լիբանանի դեսպանի օգնականն է, և, հետևաբար, դիվանագետներին և նրանց ընտանիքները պաշտպանող Վենետիկի կոնվենցիան տարածվում է միայն նրա կնոջ վրա»:
Դեկտեմբերի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը լսեց Ժիրայր Սեֆիլյանի գործը: Նրան մեղադրանք էր ներկայացվել քրեական օրենսգրքի ոչ միայն 301, այլև 235 հոդվածով` ապօրինաբար զենք ձեռք բերելու և պահելու համար: Յոթուկես ժամից ավելի տևած նիստի արդյունքում դատարանը որոշում կայացրեց Ժիրայր Սեֆիլյանին 2 ամսով կալանավորելու մասին: