Լուրեր | 12.01.07 | 16:00

Գայլային հարձակում. մեկ գայլ, յոթ տուժած

Marianna Grigoryan and Sara Khojoyan
ArmeniaNow reporters
Բռնակոթ գյուղի իր տան առաջ Արթուր Սարգսյանի վրա է հարձակվել մի գորշ գայլ և վնասել նրա դեմքը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ին, երբ 30-ամյա Սարգսյանը դուրս է եկել շան անհանգիստ հաչոցի վրա: Արթուրին վնասելուց հետո գայլը հարձակվել է գյուղի մեկ այլ բնակչի` 55-ամյա Արմիդա Գրիգորյանի, և նրան օգնության հասած որդու վրա, որը ճիչեր լսելով` դուրս է եկել մորն օգնելու:

Բռնակոթ գյուղի իր տան առաջ Արթուր Սարգսյանի վրա է հարձակվել մի գորշ գայլ և վնասել նրա դեմքը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ին, երբ 30-ամյա Սարգսյանը դուրս է եկել շան անհանգիստ հաչոցի վրա: Արթուրին վնասելուց հետո գայլը հարձակվել է գյուղի մեկ այլ բնակչի` 55-ամյա Արմիդա Գրիգորյանի, և նրան օգնության հասած որդու վրա, որը ճիչեր լսելով` դուրս է եկել մորն օգնելու:

Այնուհետև գայլը հարձակվել է փողոցում զրույցի բռնված երկու երիտասարդների վրա` պատճառելով նրանց մարմնական վնասվածքներ:

Բռնակոթը Սյունիքի մարզի գյուղերից է, որը գտնվում է Երևանից մոտ 220 կմ հարավ: Գյուղացիներն ասում են, որ մարդու վրա գայլի հարձակման ուրիշ դեպք չեն հիշում:

«50 տարեկան մարդ եմ, բայց նման դեպք չեմ հիշում: Պատահել է, որ գայլերը անասունի վրա հարձակվեն, բայց մարդկանց վրա` երբեք»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Բռնակոթի գյուղապետ Ատոմ Առաքելյանը:

«Գայլ շատ ենք տեսել, սակայն նման գազանի երբեք չենք հանդիպել: Ընդհանրապես, գայլերը զգուշավոր են, քիչ են մոտենում մարդկանց կամ տներին: Երևի կամ կատաղած է եղել, կամ էլ շատ սոված»:

Բռնակոթում գյուղացիների վրա հարձակվելուց հետո գիշատիչն անցել է հարևան բնակավայրեր: Ըստ պաշտոնական տեղեկատվության` նույն օրը կեսգիշերին գայլի կծած վերքերով մոտակա Աղիտու գյուղի հոսպիտալ են տեղափոխվել Սյունիքի մարզի Ույծ գյուղի երկու բնակիչներ:

Տեղի ունեցածի առնչությամբ ստեղծված ոստիկանության օպերատիվ խումբը գայլին փնտրելու և վնասազերծելու նպատակով աշխատանքներին ներգրավել է նաև Ույծ և Բռնակոթ գյուղերի որսորդներին, սակայն այդ ընթացքում կատաղած գիշատիչն արդեն գյուղերից հասել է Սիսիան քաղաք և, մտնելով քաղաքի տներից մեկը, հարձակվել 24-ամյա Մհեր Պողոսյանի վրա:

Պողոսյանի հայրը սպանել է գազանին` որսորդական հրացանի կոթով մի քանի հարված հասցնելով նրա գլխին: Մհեր Պողոսյանը ձեռքի և դեմքի վերքերով տեղափոխվել է Աղիտու գյուղի հոսպիտալ` համալրելով գայլի զոհերի թիվը:

«Վերջին 3-4 տարիների ընթացքում հանրապետությունում գայլի հարձակման նման դեպքեր առհասարակ չեն արձանագրվել,- «ԱրմենիաՆաուին» ասաց Հայաստանի փրկարարական ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը: - Տեղի ունեցածի պատճառները դեռևս չեն պարզվել »:

Ըստ փրկարարական ծառայության տեղեկատվության` 7 վիրավորներից 2-ը բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են տուն, իսկ 5 տուժողներ տեղափոխվել են Սիսիանի կենտրոնական հիվանդանոց և գտնվում են բժիշկների հսկողության տակ: Գայլի բոլոր զոհերը պատվաստում են ստացել կատաղության դեմ:



Source URL: http://www.armenianow.com/hy/news/6918/beast_at_large_wolf_attacks_bring


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.