
Տարբեր տարիքի ու մասնագիտությունների կամավորներ Հայաստանից ու ԱՄՆ-ից հատուկ եկել են գյուղ, որպեսզի օգնեն գյուղական ընտանիքներին կառուցելու իրենց տունը: Նրանք ներկայացնում են «Հաբիթաթ» միջազգային կազմակերպությունը, որը երկարաժամկետ անտոկոս վարկեր է տրամադրում տուն կառուցելու համար: Մինչ կազմակերպությունը զբաղվում է իրավական հարցերով, կամավորները սեփական ձեռքերով կառուցում են տունը:
Գարունը Հայաստանի գյուղերում ազդարարում է ոչ միայն գյուղատնտեսական, այլև շինարարական աշխատանքների սկիզբը: Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղը դրանցից մեկն է, որտեղ ներկայումս առնվազն երեք տուն է կառուցվում: Այստեղ կառուցվող տներն իրենց տեսքով առանձնապես չեն տարբերվում մյուս գյուղերում կառուցվողներից, իսկ, այ, «շինարարները» միանգամից աչքի են զարնում:Տարբեր տարիքի ու մասնագիտությունների կամավորներ Հայաստանից ու ԱՄՆ-ից հատուկ եկել են գյուղ, որպեսզի օգնեն գյուղական ընտանիքներին կառուցելու իրենց տունը: Նրանք ներկայացնում են «Հաբիթաթ» միջազգային կազմակերպությունը, որը երկարաժամկետ անտոկոս վարկեր է տրամադրում տուն կառուցելու համար: Մինչ կազմակերպությունը զբաղվում է իրավական հարցերով, կամավորները սեփական ձեռքերով կառուցում են տունը:
Արոնյանները մեկն են Խոր Վիրապի այն երեք ընտանիքներից, որոնց օգնում է «Հաբիթաթը»: Հայաստանում կազմակերպությունն արդեն օգնել է 297 ընտանիքների: Արոնյաններին այն հատկացրել է 3 միլիոն դրամ (8500 դոլար) մոտ 10 տարի առաջ սկսված տան շինարարությունն ավարտելու համար:
«Տասը տարվա ընթացքում ամեն տարի մի քիչ առաջ էինք գնում»,- ասում է հինգ հոգանոց ընտանիքի հայրը` Սահակ Արոնյանը:
«Առաջին տարիներին հիմքը գցեցինք, հաջորդ տարիներին պատերը բարձրացրինք: Հետո ամեն ինչ կանգնեց, փող չկար»:
«Արդեն հուսահատվել էինք, երբ իմացանք, որ կա մի կազմակերպություն, որ 20 տարով վարկ է տալիս: Դիմեցինք, ու ստացվեց: Հույս ունենք ավարտել մինչև օգոստոս»,- ասում է Արոնյանը, որը ներկայումս ընտանիքով ապրում է ազգականներից մեկի տան նկուղում:
«Հայկական Հաբիթաթի» գրասենյակը նպաստում է համայնքների զարգացմանը` աջակցություն ցույց տալով պարզ ու մատչելի տների կառուցմանն ու նորոգմանը: Շահառուներին ընտրում է Ընտանիքների ընտրության հանձնաժողովը` ելնելով նրանց կարիքավորության աստիճանից և վարկը վերադարձնելու ունակությունից:
«Հաբիթաթը» տրամադրում է ոչ միայն վարկեր, այլև կամավորական աշխատուժ: Կամավորների խմբերը պարբերաբար այցելում են Հայաստանի տարբեր շրջաններ ու մասնակցում շինարարական աշխատանքներին:
Արոնյանի տան շինարարությանը մասնակցում է ԱՄՆ Տեխասի նահանգից ժամանած ինը հոգիանոց խումբը, որը ներկայացնում է «Հաբիթաթի» հետ համագործակցող “Thrivent Builds” կազմակերպությունը:
Խմբի անդամ Մարթա Ուիլքինզն ասում է, որ իրենց դուր է գալիս աշխատել Հայաստանում, թեև շինանյութերն ու մեթոդները տարբերվում են ամերիկյանից:
«Մեզ ցույց տվեցին, թե ինչ է պետք անել, և դա բավական էր,- ասում է Ուիլքինզը: - Արդեն երկու շաբաթ այստեղ ենք և այդ ընթացքում մի քիչ հայերեն ենք սովորել: Մեզ դուր է գալիս աշխատել միջազգային խմբի կազմում»:
Կամավորներ է տրամադրել նաև «Հայաստանի երիտասարդ կանայք» ՀԿ-ն, որը «Կառուցում են կանայք» կարգախոսի տակ հավաքագրել է կանանց տարբեր կազմակերպություններից: Նրանցից մեկը լրագրող Հեղինե Հովհաննիսյանն է:
«Հաբիթաթի» մասին շատ էի լսել, բայց մասնակցում եմ առաջին անգամ: Երբ մտածում եմ, որ մի ամբողջ ընտանիք է ապրելու այն տանը, որի շինարարությանը ես էլ եմ մասնակցել, դա ինձ ուժ ու ավելի լավ ապագայի հույս է տալիս»,- ասում է Հովհաննիսյանը` դույլի մեջ ցեմենտ լցնելով:
Տանտերը` Սահակ Արոնյանը, գրկաբաց ընդունում է այցելուներին ու ներս հրավիրում:
«Բարով եք եկել, ներս համեցեք: Այստեղ ննջարանն է լինելու, այստեղ` ճաշասենյակը: Տեսեք, թե ինչ տեսարան է, Երևանում այսպիսի բան չեք տեսնի»,- հպարտությամբ ասում է Արոնյանը` ցույց տալով պատուհանից բացվող Արարատի հիասքանչ համայնապատկերը: Թվում է, թե ձյունածածկ լեռը կառուցվող ճաշասենյակից մի քանի մետրի վրա է:
«Հաբիթաթի» հայաստանյան գրասենյակը հիմնվել է 2000 թվականին: Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում առնվազն 40.000 ընտանիք սեփական կացարան չունի, ևս 60.000 ընտանիք ապրում է վնասված տներում: