Ակնարկներ | 01.06.07 | 16:00

Այսօր և ամեն օր. հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության օրն է

Գայանե Աբրահամյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Երեխաների պաշտպանության օրը 13-ամյա Երանուհի Խաչատրյանը լավ գիտի, սակայն հենց այդ օրը, երբ ուսուցիչները շնորհավորում են և մաղթում, որ միշտ պաշտպանված լինեն, ամենից շատ է վերհիշում իր փոքր կյանքի սև օրերը, որոնք բազում սպիներ են թողել դեմքի ու մարմնի վրա:

«Ծնողն ա երեխայի պաշտպանը, բայց ես իմ հորից եմ փախել: Պապան որ խմում ա, ահավոր ծեծում ա: Մի անգամ երկրորդ հարկից դուրս էր քցել, գլուխս կարեցին: Գիշերներն էլ ա դուրս քցում, էնքան ա ծեծում, ուշքս գնում ա»,- աչքերը լցնելով պատմում է Երանուհին:

Երեխաների պաշտպանության օրը 13-ամյա Երանուհի Խաչատրյանը լավ գիտի, սակայն հենց այդ օրը, երբ ուսուցիչները շնորհավորում են և մաղթում, որ միշտ պաշտպանված լինեն, ամենից շատ է վերհիշում իր փոքր կյանքի սև օրերը, որոնք բազում սպիներ են թողել դեմքի ու մարմնի վրա:

«Ծնողն ա երեխայի պաշտպանը, բայց ես իմ հորից եմ փախել: Պապան որ խմում ա, ահավոր ծեծում ա: Մի անգամ երկրորդ հարկից դուրս էր քցել, գլուխս կարեցին: Գիշերներն էլ ա դուրս քցում, էնքան ա ծեծում, ուշքս գնում ա»,- աչքերը լցնելով պատմում է Երանուհին:

Նա սովորում է Երևանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 3 հատուկ դպրոցում: Չնայած տխուր հիշողություններին, նաև հիշում է, որ մի անգամ հունիսի 1-ին դպրոցը Հաղթանակի զբոսայգի տարավ, և այնտեղ ինքն առաջին անգամ կարուսել նստեց:

Պաշտպանվա՞ծ են երեխաները Հայաստանում, թե՞ ոչ` օրենքով դա նախատեսված է: Հայաստանը միացել է երեխաների պաշտպանության միջազգային գրեթե բոլոր կոնվենցիաներին ու համաձայնագրերին, բայց դրանք հիմնականում մնացել են թղթի վրա:

«Միֆ է, թե Հայաստանում երեխան սուրբ է: Նրանք շատ հաճախ են բռնության ենթարկվում: Պետությունը պետք է հստակ քայլեր անի այդ ուղղությամբ, քանի որ շատ ընտանիքներում երեխային դաժանաբար ծեծելը կարծես դաստիարակչական մեթոդ է համարվում»,- ասում է Հայաստանի մանկական ասոցիացիայի ղեկավար Վարուժան Սեդրակյանը:

Երանուհու դեպքը եզակի չէ: Ծնողական խնամքից զրկված երեխաների Երևանի 12 հատուկ դպրոցների մոտ 1000 աշակերտներից շատերը ոչ միայն սոցիալական խնդիրների պատճառով, այլև ընտանիքից փախչելու հետևանքով են հայտնվել նման դպրոցում:

«Երեխայի իրավունքը ոտնահարվում է, երբ նա ստիպված է ապրել այլ միջավայրում, քան ընտանիքն է, իսկ Հայաստանի մանկատներում ապրող 800-ից ավելի երեխաների 80 տոկոսը ծնող ունի »,- ասում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Շելդոն Յեթը:

Նա նշում է, որ երեխայի կարևոր իրավունքներից մեկը հանրակրթությունն է: Պաշտոնական տվյալներով` Հայաստանում դպրոց է հաճախում երեխաների մոտ 90 տոկոսը, սակայն իրականում թիվն ավելի ցածր է:

«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երեխաները պարզապես գրանցված են դպրոցներում, բայց պարտադիր դպրոցահասակ երեխաների 10 տոկոսը չի հաճախում դպրոց` հիմնականում սոցիալական խնդիրների, աշխատելու պատճառով»,- ասում է Յեթը:

Ըստ Սեդրակյանի տվյալների` դպրոցից դուրս մնացած երեխաների թիվը վերջին հինգ տարում գրեթե կրկնապատկվել է: Խնդիրը լուրջ է հատկապես գյուղական համայնքներում:

«Հայաստանում դպրոցների ընդգրկվածությունը որոշ երկրների համեմատությամբ լավ ցուցանիշ ունի, բայց մտահոգիչ է այն, որ խնդիրը լուրջ ուշադրության չի արժանանում: Թվերը թաքցնում են, ինչպես նախկինում թաքցնում էին մահացության թվերը, իսկ երեխաների դպրոցից դուրս մնալը աճի միտում ունի, և եթե այսպես շարունակվի, մի քանի տարուց ցուցանիշները կնվազեն»,- ասում է Սեդրակյանը:

Թե Հայաստանում քանի դեռահաս է աշխատում և ինչ պայմաններում` դեռ ուսումնասիրված չէ, սակայն Յեթը նշում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շուտով մեծ հետազոտություն պետք է իրականացնի` պարզելու, թե որքանով են ոտնահարվում երեխաների իրավունքները Հայաստանում:

Նա երեխաների ուսման իրավունքի ոտնահարում է համարում մանկապարտեզների կրճատումը և երեխաների քիչ ընդգրկվածությունն այդ նախադպրոցական կրթարաններում:

«Անկախությունից հետո մոտ 50 տոկոսով կրճատվեց մանկապարտեզների թիվը, վաճառեցին շենքերը, երեխաների միայն 20 տոկոսն է հաճախում մանկապարտեզ, ինչը նշանակում է, որ երեխան հիմնականում հոգեբանորեն և մտավոր անպատրաստ է գնում դպրոց»,- ասում է Յեթը:

Սեդրակյանը վստահ է, որ օրինախախտ կամ հանցագործ են դառնում այն երեխաները, որոնց իրավունքները պարբերաբար ոտնահարվում են կամ ովքեր անտեսվում են:

«Հայաստանին հարկավոր են առանձին երեխաների օմբուդսմեն, հատուկ դատավորներ երեխաների համար: Երբ մեր երեխան հիվանդանում է, տանում ենք մանկաբույժի մոտ, այլ ոչ ընդհանուր բժշկի: Նույնը դատական համակարգին է վերաբերում, երեխաներին հատուկ ուշադրություն է անհրաժեշտ»,- ասում է Սեդրակյանը:

Երեխաների կարևոր իրավունքներից է նաև սնվելը, որն առողջության իրավունքի կարևոր գործոն է: Չնայած վերջին տարիների տնտեսական երկնիշ աճին` Հայաստանը դեռևս դասվում է Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ այն պետությունների շարքին, որտեղ բնակչության մի զգալի մասը թերսնվում է:

ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Համաշխարհային պարենային հետազոտության ծրագրի հրապարակած զեկույցի համաձայն` Հայաստանում փոքր երեխաների 13 տոկոսը տառապում է քրոնիկական թերսնուցումից, իսկ գյուղաբնակ երեխաների մոտ 33 տոկոսը՝ թերսնուցման հետևանքով զարգացող սակավարյունությունից:



Source URL: http://www.armenianow.com/hy/features/7393/this_and_every_day_june_1_raises_a


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.