
Նա մշակել է ձայնային ազդանշանների նոր մեթոդ, որի շնորհիվ, ինչպես ինքն է ասում, կարողանում է «տեսնել» ականջներով, ձայնի ու դրա արձագանքի միջոցով հասկանում է, թե տեղանքում ինչ կա, ճիշտ այնպես, ինչպես չղջիկները:
Լրիվ կույր Դանիել Քիշը Երևանի խորդուբորդ ու անծանոթ փողոցներում քայլում է ազատ, ձեռնափայտով շոշափում դարուփոսերով լի մայթերն ու մերթընդմերթ բերանով կտկտացնում, որն էլ օգնում է նրան հասկանալ, թե շրջապատում ինչ կա, թե որքան հեռու են ծառերն ու սյուները, շենքերո՞վ է շրջապատված, թե՞ բաց տարածության մեջ է:Նա մշակել է ձայնային ազդանշանների նոր մեթոդ, որի շնորհիվ, ինչպես ինքն է ասում, կարողանում է «տեսնել» ականջներով, ձայնի ու դրա արձագանքի միջոցով հասկանում է, թե տեղանքում ինչ կա, ճիշտ այնպես, ինչպես չղջիկները:
«Էխոլոկացիան մի մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ձայնի օգնությամբ մտովի պատկերացնել շրջապատող տարածությունը, ստեղծել դրա քարտեզը` տեսողությունը փոխարինել լսողությամբ»,- ասում է Քիշը:
41-ամյա ամերիկացի Քիշը` Չղջիկ-մարդ մականունով, Երևան է եկել, որպեսզի այստեղ ապրող կույրերի համար էլ բացի ազատ տեղաշարժվելու և անկախ ապրելու հնարավորությունները:
«Համաշխարհային հասանելիություն կույրերի համար» ՀԿ (www.worldaccessfortheblind.org) գործադիր տնօրեն Քիշը Հայաստան է եկել «Հայկական ակնաբուժության նախագծի» (ՀԱՆ) միջոցով, որը կազմակերպելու է Քիշի ներկայացրած էխոլոկացիայի մեթոդի ուսուցումը Հայաստանում:
Մեթոդի հիմքում ընկած է այն միտքը, որ կույր մարդու մոտ առավել զգայուն են դառնում լսողությունն ու շոշափելիքի զգայարանը, բայց Քիշն ընդգծում է, որ այդ զգայարանները չեն կարող ինքնին զարգանալ, եթե կույրն անընդհատ տեղաշարժվի ուրիշի օգնությամբ: Այդ զգայարանների զարգացմանը նպաստում են ոչ միայն հստակ մշակված մեթոդը, այլև անկախ ապրելակերպը:
«Եթե կույրին ինչ-որ մեկը միշտ օգնում է, ձեռքը բռնած տանում այս ու այն կողմ, նրա զգայարանները երբեք չեն զարգանա, կմնան այնպես, ինչպես սովորական մարդունը, իսկ երբ երկար ժամանակ կույրը հույսը դնի միայն իր վրա, ապա նրա համար ձայնի նշույլը նշանակություն կունենա, և նա կկարողանա ինքնուրույն կողմնորոշվել տարածության մեջ»,- ասում է Քիշը:
Նա պատմում է, որ մեկ տարեկանից, երբ աշխարհն այլևս տեսանելի չէր իր համար, ծնողները դաստիարակել են սովորական երեխայի նման ոչինչ չարգելելով, ազատ թողնելով, որ ինքնուրույն գտնի անվնաս տեղաշարժվելու միջոցները:
Կազմակերպության մեկ այլ անդամ` 25-ամյա Բրայան Բուշվեյը, համոզված է, որ կույրը սահմանափակ հնարավորություններով մարդ չէ, նա կարող է ունենալ ցանկացած մասնագիտություն, զբաղվել ցանկացած գործով:
«Ես, օրինակ, շատ եմ սիրում լեռնային հեծանվասպորտ (mountain biking): Այո, դա գրեթե անհնար էր թվում, բայց ամեն ինչ կախված է ցանկությունից: Մեր հեծանիվների անիվներին ամրացված է հատուկ ձայնային սարք, որի կտկտոցը լսելով մենք հասկանում ենք, թե որտեղ փոս, ծառ կամ պատ կա»,- ասում է Բուշվեյը, որը կորցրել է տեսողությունը 14 տարեկանում, բայց էխոլոկացիայի մեթոդի շնորհիվ իրեն լիովին ազատ ու լիարժեք մարդ է զգում:
Հեծանիվով ճանապարհորդությունների մասին Բրայանի պատմություններն առաջ են բերում 18-ամյա Սիփան Ասատրյանի թերահավատ ծիծաղը, որը դժվարանում է փողոցով մենակ քայլել ու տեղաշարժվում է հիմնականում մոր ուղեկցությամբ:
«Մի տեսակ անհնար է թվում, բայց ամեն ինչ իսկապես կախված է մեր ցանկությունից: Դանիել Քիշն ու Բրայանը մեզ հույս ներշնչեցին ու բացեցին մեր առաջ հնարավորությունների նոր հորիզոններ, այսինքն` ես արդեն մեծ հույս ունեմ, որ կգա մի օր, երբ մենակ դուրս կգամ ու կգնամ իմ գործերով»,- ասում է Երևանի պետական համալսարանի ուսանող Սիփանը:
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Հայաստանում կա մոտ 36.000 կույր, որոնց զգալի մասը գործազուրկ է: Փողոցում հազվադեպ կարելի է տեսնել մենակ քայլող կույրի:
«Այս մեթոդը լայն հնարավորություններ կստեղծի կույրերի համար ապրելու սեփական կյանքով, հույս չդնելու այլ մարդկանց վրա, լինելու անկախ: Նայում եմ Քիշին ու Բրայանին և ոգևորվում եմ, որ նրանք կարողանում են հաղթահարել բոլոր խնդիրներն ու ապրել ինչպես ուզում են: Եթե չլինի ձեռնափայտը, գուցե չհասկանաս էլ, որ նրանք կույր են: Այս մեթոդը սովորելու հնարավորություն պետք է ընձեռել նաև հայաստանցիներին»,- ասում է Հայկական ակնաբուժության նախագիծ (ՀԱՆ) ծրագրի հիմնադիր ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանը:
Օհանեսյանը հիմնել է ՀԱՆ-ը 1992 թվականին ԱՄՆ-ում, իսկ 2003-ին Հայաստան է բերվել աչքի շարժական հիվանդանոցը: Երկու վիրահատարանով ու զննման սենյակով, լազերային բուժման հնարավորությամբ 26 մետրանոց ավտոկցորդ-հիվանդանոցում Հայաստանի և Ղարաբաղի տարբեր շրջաններում հետազոտվել է 15000 մարդ, 6500-ը վիրահատվել կամ ենթարկվել է լազերային բուժման:
Օհանեսյանն ասում է, որ էխոլոկացիայի մեթոդի ուսուցման համար դրամահավաք կանցկացվի, և ինքը հույս ունի, որ մի քանի ամսից դրանից կկարողանան օգտվել նաև հայաստանցիները:
Տեսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի ուսուցչուհի Լենա Խոստիկյանի համոզմամբ` որպեսզի կույրերը ազատ դուրս գան փողոց, ոչ միայն փողոցներն ու մայթերը պետք է փոխվեն, այլև հասարակության վերաբերմունքը, քանի որ հասարակությունն այնքան էլ սովոր չէ փողոցում քայլող կույր մարդ տեսնել:
«Հայաստանում հեշտ չէ կույրերի և ընդհանրապես ֆիզիկական որևէ խնդիր ունեցողի համար: Ոչինչ հարմարեցված չէ, անգամ մեր դպրոցը, որը նման դպրոցներից լավագույնն է ողջ հանրապետությունում, գրքերը քիչ են ու մաշված, մնացել են խորհրդային տարիներից, նոր բրայլյան գրքեր չեն տպվում»,- ասում է Խոստիկյանը:
Քիշն ասում է, որ Երևանում, ճիշտ է, դժվար է, բայց անհնար չէ, անգամ եթե ոչինչ էլ չփոխվի, հնարավոր կլինի էխոլոկացիայի միջոցով սովորել ինքնուրույն տեղաշարժվել:
«Դժվար կլինի փողոց անցնելը. հայերը շատ բարեհամբույր են, բայց բոլորովին հակառակ պատկերն է, երբ մեքենա են վարում: Մենք պատրաստվում ենք հանդիպել տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ, որոնց միջոցով հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել»,- ասում է Քիշը:
Մարդկային ռեսուրսների բացահայտմանն ու զարգացմանը միտված այս մեթոդը բարձր է գնահատում 25-ամյա Արմինե Ղազարյանը:
«Չափազանց կարևոր ծրագիր է, և եթե այն իրականություն դառնա, ամբողջովին կփոխի մեր կյանքը: Ճիշտ է, ժամանակի ընթացքում սովորում ենք ինքնուրույն տեղաշարժվել, բայց անպայման ընկնում ենք, գլուխն ենք հարվածում այս ու այն կողմ: Սա հենց այն մշակված մեթոդն է, որը կօգնի հնարավորինս հեշտ ինքնուրույնություն ձեռք բերել»,- ասում է Արմինեն: