Ակնարկներ | 28.12.07 | 16:00

Տոհմածառով հմայված. Ծագումնաբանությունը` որպես պատմության հետազոտման մեթոդ

Գայանե Մկրտչյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Մասնագիտությամբ պատմաբան ու իրավաբան Արմեն Աֆրիկյանը բացատրում է, թե ինչ նշանակություն ունի տոհմածառը հայերի համար, ու ցույց է տալիս իր հեղինակած` Աֆրիկյանների հայտնի գերդաստանի տոհմածառը:

«Տոհմածառ ունենալը բնորոշ է հայերիս: Ու նաև պատահական չէ, որ երբ հավաքվում ենք սեղանի շուրջը, չենք մոռանում խմել մեր պապերի կենացը: Կարծում եմ` լավ է, երբ մարդիկ գիտեն իրենց ընտանիքի պատմությունը»,- ասում է նա:

Մասնագիտությամբ պատմաբան ու իրավաբան Արմեն Աֆրիկյանը բացատրում է, թե ինչ նշանակություն ունի տոհմածառը հայերի համար, ու ցույց է տալիս իր հեղինակած` Աֆրիկյանների հայտնի գերդաստանի տոհմածառը:

«Տոհմածառ ունենալը բնորոշ է հայերիս: Ու նաև պատահական չէ, որ երբ հավաքվում ենք սեղանի շուրջը, չենք մոռանում խմել մեր պապերի կենացը: Կարծում եմ` լավ է, երբ մարդիկ գիտեն իրենց ընտանիքի պատմությունը»,- ասում է նա:

Արմենը Աֆրիկյանների հայտնի տոհմից է: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նրա նախնիները 1829 թվականին Բայազետից ու Ալաշկերտից գաղթել են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Սևանի ափին` հիմնելով Նոր Բայազետ գյուղը:

«Մեր նախապապը եղել է Աբրահամը, որն ամուսնացել է Խանումի հետ և ունեցել 10 տղա ու մեկ աղջիկ: Իմ պապերի ճյուղը 1830 թվականին Գավառից տեղափոխվել է Երևան»,- պատմում է Արմենը:

Ու դեռևս անցյալ դարի սկզբին Աֆրիկյանները Երևանում մեծ գործեր են կատարել առևտրի ու արդյունաբերության ասպարեզում: Նրանց էին պատկանում ճոթեղենի խանութը, բամբակամամլիչ, գինու և կոնյակի գործարանները: Մեծ է լինում Աֆրիկյանների ներդրումը (բարեգործական հիմունքներով) Երևան քաղաքի ջրմուղի կառուցման գործում:

«Աֆրիկյան» ազգանվան հետ կապված Արմենն ասում է, որ 1842 թվականին չափաբերական մատյանում Աբրահամի անունը փոխվել է Ափրիկի: Նրա երեխաները սկսում են գրվել «Ափրիկյանց», իսկ 1870 թվականից`«Աֆրիկյան»: Աֆրիկյաններն ապրել ու գործել են ոչ միայն Հայաստանում, այլև Թիֆլիսում, Բաքվում, սևծովյան քաղաքներում: Ինչպես իրենք են կատակով ասում` Սևանի ափերից հասել են մինչև Աֆրիկայի ափերը:

Արմեն Աֆրիկյանը հավատացած է, որ յուրաքանչյուր մարդու մեջ նիրհում է մի գեն, որը հարկավոր է միայն արթնացնել:

«Ինձ վրա ազդեցին ընտանիքիս հին լուսանկարները, ու ես սկսեցի զբաղվել ընտանիքիս պատմությամբ, հետաքրքրվել մեր տոհմով: Խորհրդային տարիներին երկար ժամանակ չէր խոսվում մեր ընտանիքի մասին, որովհետև 1922 թվականին իմ պապերին կուլակաթափ էին արել ու նրանց ողջ ունեցվածքը ազգայնացրել»,- պատմում է Արմենը:

2002 թվականին Արմենը սկսում է իրենց ընտանիքի վերաբերյալ փաստաթղթեր հավաքել: Պարզում է, որ Մամիկոնյանների ու Բագրատունիների հետ մեկտեղ Գավառում իշխանի կոչում է ստացել Աֆրիկյանների Գավառի ճյուղից Մաթող աղան: Ռուսաստանում Առաքել աղայի տղան ստացել է ազնվականի կոչում:

«Ունենք այդ բոլոր վկայականները: Ու հիմա ես համարում եմ, որ իշխանական ծագում ունեմ»,- ասում է նա:

Հավաքված փաստաթղթերի հիման վրա նա կազմել է Աֆրիկյանների տոհմի ընտանեկան ալբոմն ու տոհմածառը: Ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել մեկ տարի առաջ Աֆրիկյանների նորաբաց պանդոկում:

«Աֆրիկյաններից ինն ընտանիք ցանկություն հայտնեց ունենալ այդ ընտանեկան ալբոմը: Սկսեցի նրանց համար էլ պատրաստել: Հետո հասկացա, որ պարզապես հարկավոր է ստեղծել մի ծառայություն, որը ցանկության դեպքում կարող է օգնել մարդկանց` ճանաչելու սեփական արմատները»,- պատմում է Արմենը:

2006 թվականին ստեղծվում է «Աֆրիկյան ու Բիանջյան գրուպ» ընկերությունը, որը վերականգնում է պատվիրատուների տոհմի, գերդաստանի և ընտանիքի պատմությունը: Որոնողական աշխատանքներ կատարելիս ընկերությունն աշխատում է Երևան քաղաքի ու արտերկրի արխիվներում, տեղեկանքների ձեռք բերման համար դիմում պետական մարմիններին ու հասարակական կազմակերպություններին:

«Ծավալուն աշխատանքներ ենք կատարում տվյալ տոհմի ներկայացուցիչների հետ` հիշողությունների հավաքում, հարցազրույցների սղագրում, նկարահանումներ, ծանոթություն արխիվների հետ»,- բացատրում է Արմենը:

Տոհմի ընտանեկան արխիվները կանոնակարգվում են և դասավորվում «Տոհմային գիրք», «Լուսանկարների գիրք», «Փաստաթղթերի գիրք» և «Ընտանեկան մասունքների գիրք» բաժիններում:

Աֆրիկյանն ասում է, որ իրենց ծառայությունը թանկ հաճույք է:

«Սովորաբար, երբ հարցնում են, թե ի՞նչ արժե, չենք կարողանում պատասխանել: Վերջնական գումարը կախված է տոհմի մեծությունից»,- ասում է նա:

Այս տարվա ամենամեծ պատվերը Երևանի կոնյակի գործարանի 130-ամյակին նվիրված գործարանի պատմության ալբոմի ստեղծումն է, որի վրա ծախսվել է 6000-7000 դոլար:

«Սկսվում է 1877 թվականից Թաիրյանով, հետո այն գնում է ռուս վաճառական Շուստովը, հետո գործարանը ազգայնացվում է և վերանվանվում «Արարատ» տրեստ, իսկ հիմա արդեն` «Նոյ»: 130 էջանոց ալբոմի աշխատանքը տևեց կես տարի,- ասում է Արմենը: - Այն ամբողջովին արծաթից ու բրոնզից է: Սկսվում է առաջին սեփականատիրոջ` Թաիրյանի տոհմածառով և ավարտվում այսօրվա սեփականատեր Գագիկ Ծառուկյանի տոհմածառով»:

Այսօր կազմակերպությունը բարեգործական հիմունքներով աշխատում է նշանավոր դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի ընտանեկան արխիվի վրա: Նախատեսում են, որ ալբոմի շնորհանդեսը կլինի փետրվարին, և դրանք կնվիրեն Գյումրու Ֆրունզիկ Մկրտչյանի անվան թանգարանին, դերասանի` Արգենտինայում ապրող թոռնուհուն և ՌԴ կինեմատոգրաֆիայի կոմիտեին:

Աֆրիկյանների տոհմածառը զարդարում է Աֆրիկյանների պանդոկի պատերից մեկը: Այստեղ ասես ամբողջանում են հին «էրիվանյան» պատառիկները` պատմական վաղեմություն ունեցող կահ-կարասի, փաստաթղթեր, հին թերթեր ու լուսանկարներ, կենցաղային իրեր: Արմենն ասում է, որ մի մասն իր ընտանիքին է պատկանում, մնացածն էլ ձեռք է բերել տարբեր վայրերից:

Նրա պանդոկի մուտքը զարդարում է մի հին փայտե պատշգամբ, որը նա հասցրել է փրկել այն պահին, երբ քանդում էին Երևանի հին կենտրոնը` Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար:

«Մարդիկ իրենց իրերը հուսահատ դեն էին նետում: Մենք հավաքում էինք նրանց համար անպետք, իսկ մեզ համար արժեքավոր այդ իրերը»,- ասում է Արմենն ու ցույց տալիս պանդոկի մուտքի մոտ դրված է Տեր-Ավետիքյանների անցյալ դարի մեխանիկական գործարանի թուջե սալիկը:

Աֆրիկյանների պանդոկը մի վայր է, որտեղ զգացվում է հին Էրիվանի շունչը: Զգացողություններն այստեղ մի տեսակ ջերմ են ու հարազատ: Ասես` իրար են բախվում անցյալն ու ներկան ու ստիպում, որ յուրաքանչյուրը մի պահ մտածի իր նախնիների մասին:



Source URL: http://www.armenianow.com/hy/features/8008/history_captured_genealogy_service


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.