Լուրեր | 13.06.08 | 16:00
Եվրոպայի վճիռը. փակված հեռուստաընկերությունը շահում է Հայաստանի դեմ հայցը Ստրասբուրգի դատարանում
Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել, որ Հայաստանը խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը` խոսքի ազատության իրավունքը, մերժելով լիցենզիա տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությանը:
Դատարանը վճռել է «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի օգտին պետությունից գանձել 20.000 եվրո` որպես «բարոյական վնասի հատուցում»: Եվս 10.000 եվրո պետությունը պետք է վճարի դատական ծախսերի համար: Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել, որ Հայաստանը խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը` խոսքի ազատության իրավունքը, մերժելով լիցենզիա տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությանը:
Դատարանը վճռել է «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի օգտին պետությունից գանձել 20.000 եվրո` որպես «բարոյական վնասի հատուցում»: Եվս 10.000 եվրո պետությունը պետք է վճարի դատական ծախսերի համար:
Գործը վերաբերում էր հայցվորի բողոքին, որը 2002 թ. մայիսից մինչև 2003 թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատված 7 անգամ արտոնագիր ստանալու մերժում էր ստացել: Ընդհանուր առմամբ, առ այսօր «Ա1+»-ը 12 նման դիմում է ներկայացրել:
«Ա1+»-ը, որը, թերևս, իշխանությունների կողմից չվերահսկվող միակ հեռուստաընկերությունն էր, եթերազրկվեց 2002 թ. ապրիլին այն բանից հետո, երբ ՀՀ նախագահի նշանակած Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) մրցույթի արդյունքում մերժեց նրան հաճախականություն տրամադրել:
ՀՌԱՀ-ը հստակ չհիմնավորեց «Ա1+»-ին արտոնագիր չտրամադրելու իր որոշման պատճառները և հետագայում մերժեց նոր արտոնագիր ստանալու ընկերության բոլոր փորձերը` կրկին առանց հիմնավորելու իր որոշումները:
2004 թ. օգոստոսին«Ա1+»-ը հայցով դիմեց Եվրոպական դատարան, որն այս շաբաթ վճիռ կայացրեց` որակելով ՀՌԱՀ-ի գործողությունները «որպես «միջամտություն» անաչառ տեղեկատվություն ստանալու ազատությանը:
«Դատարանը որոշել է, որ այն ընթացակարգը, որ չի պարտադրում արտոնագրող մարմնին հիմնավորել իր որոշումները, չի կարող արտահայտման ազատության հիմնարար իրավունքը բավարար չափով պաշտպանել հանրային մարմնի ինքնակամ միջամտությունից: Ուստի դատարանը որոշում է կայացրել, որ անաչառ տեղեկատվություն տրամադրելու «Մելտեքսի» ազատությանը միջամտելը, մասնավորապես, 7 անգամ մերժելով նրան հեռարձակման արտոնագիր տրամադրել, չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի պահանջներին` խախտելով դրա 10-րդ հոդվածը»:
Մեկնաբանելով վճիռը`«Arni Legal AID» փաստաբանական ընկերության փաստաբան Արա Ղազարյանն ասում է, որ Հայաստանը պետք է կատարի անհատական բնույթի փոխհատուցում` վերականգնելով խախտված իրավունքները, վերադարձնելով եթեր «Ա1+»-ին (նոր մրցույթով արտոնագիր տրամադրելով կամ այլ ձևով) և դրամական փոխհատուցում տալով: Փաստաբանի հավաստմամբ`պետությունը նաև պետք է լուծի ընդհանուր բնույթի խնդիրներ` բարեփոխելով հաճախականություն տրամադրելու օրենսդրությունը և ընթացակարգը:
Միևնույն ժամանակ վճիռը որպես նոր հանգամանք օգտագործելով` «Մելտեքս» ՍՊԸ-ն կարող է կրկին դիմել դատարան և վիճարկել մրցույթների արդյունքները:
«Վճիռը կայացվել է, բայց այն փակված չէ: Եվրախորհրդի նախարարների կոմիտեն վճռի կատարման վրա վերահսկողություն է սահմանելու, և Հայաստանը այս խնդրով կգտնվի մոնիթորինգի տակ,- ասում է Ղազարյանը: - Փորձը ցույց է տալիս, որ նախարարների կոմիտեն գնալու է մինչև վերջ, մինչև կվերականգնվեն [խախտված] իրավունքները: Դա կարող է տևել 1-3 տարի»:
Սա եվրադատարանի 6-րդ վճիռն է ընդդեմ Հայաստանի: