Լուրեր | 14.03.09 | 16:00

Մայրաքաղաքային ընտրություններ. քաղաքապետը հայտնի կդառնա մայիսի 31-ին

Գայանե Մկրտչյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Մինչ թեժանում են քննարկումները համաշխարհային տնտեսական ճգնաժամի շուրջ, հայաստանյան քաղաքական ուժերը պատրաստվում են Երևանի քաղաքապետի մայիսի 31-ի ընտրություններին:

Առաջին անգամ Երևանի քաղաքապետը կընտրվի և ոչ թե կնշանակվի Հայաստանի նախագահի կողմից: Ըստ «Երևանի մասին» փոփոխված օրենքի` քաղաքապետն ընտրվելու է ավագանու ընտրությունների արդյունքով. եթե ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է Երևանի ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը համարվում է ընտրված քաղաքապետ:Մինչ թեժանում են քննարկումները համաշխարհային տնտեսական ճգնաժամի շուրջ, հայաստանյան քաղաքական ուժերը պատրաստվում են Երևանի քաղաքապետի մայիսի 31-ի ընտրություններին:

Առաջին անգամ Երևանի քաղաքապետը կընտրվի և ոչ թե կնշանակվի Հայաստանի նախագահի կողմից: Ըստ «Երևանի մասին» փոփոխված օրենքի` քաղաքապետն ընտրվելու է ավագանու ընտրությունների արդյունքով. եթե ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է Երևանի ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը համարվում է ընտրված քաղաքապետ:

Մարտի 17-22-ը կուսակցությունները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը: Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կկազմավորվեն մինչև ապրիլի 16-ը:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 2-ին, կավարտվի 29-ին:

Ակնկալվում է, որ հավակնորդների թվում կլինեն անցյալ շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այդ պաշտոնում նշանակված Գագիկ Բեգլարյանը իշխող Հանրապետական կուսակցությունից և առողջապահության ներկայիս նախարար Հարություն Քուշկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Փոխքաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է ներկայումս Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, ով նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է: Հանրապետականները միայնակ են մասնակցելու ընտրություններին` առանց կոալիցիոն գործընկերների:

Այս շաբաթ նոր քաղաքապետի նշանակմանն իր բացասական վերաբերմունքն արտահայտեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը:

«Քաղաքապետի ներկայիս փոփոխության փաստի սահմանադրականությունն ու օրինականությունը այժմ լուրջ ուսումնասիրում ենք և համարում ենք, որ այդ փոփոխությունը ամենևին պատահական չէր, և իշխանությունը գուցե այդպիսով փորձում է ցույց տալ, որ Բեգլարյանի ընտրությունը կանխորոշված է` նրա տրամադրության տակ դնելով քաղաքի վարչական ամբողջ ռեսուրսը»,- ասում է «Ժառանգությունը» ներկայացնող Լարիսա Ալավերդյանը:

Ըստ կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանի` քաղաքապետի նշանակումը ընտրությունների ընթացքը կեղծելու միջոց է:

«Սահմանադրության ոչ մի խախտում չկա: Օրենքը թույլատրում է, ոչ մի հակասություն չկա: Իսկ վարչական ռեսուրսի հետ կապված պետք է ասել, որ Բեգլարյանն այդ ռեսուրսն արդեն ուներ,- ասում է հանրապետական Ռազմիկ Զոհրաբյանը: - Ինչո՞ւ են հակասություն տեսնում, իսկ ո՞ւմ նշանակեին, ինչո՞ւ ոչ մեր թեկնածուին: Մենք նախագահական երկիր ենք, նախագահն իրավունք ունի միանձնյա որոշումներ կայացնելու»:

Ի պատասխան` «Ժառանգությունը» տարածել է հայտարարություն. «Անհրաժեշտ է Երևանի քաղաքապետի ընտրություններում և դրան նախորդող նախընտրական շրջանում վերջապես ապահովել օրինականություն, ազատություն, արդարություն և թափանցիկություն` կայացնելով ընտրական համակարգերի հանդեպ հանրային վստահությունը, ինչը հնարավոր չէ առանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու 2008 թ. նախագահական և ՏԻՄ ընտրությունների կեղծարարներին, մարտի 1-ի մարդասպաններին, սադրիչներին ու նրանց ուղղորդողներին»:

Ընդդիմադիր քաղաքական ուժերը դեռևս չեն հրապարակել իրենց թեկնածուների անունները: «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ շարունակվում են բանակցությունները Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ, որպեսզի հանդես գան միասնական ցուցակով:

Այս շաբաթ հանրապետական Արմեն Աշոտյանը կանխատեսում է արել, որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը միասին կարող են ստանալ 25-30 տոկոս ձայն:

«Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ պետք է տարբերել ընտրությունների իրական արդյունքները` հավելելով, որ եթե ընտրություններն անցկացվեին այժմ, ապա «Ժառանգության» և ՀԱԿ-ի գումարային իրական ցուցանիշը կանցներ 60 տոկոսից:

Ամեն դեպքում, Երևանի նորընտիր ավագանին իր պարտականությունների կատարումը կստանձնի հունիսի 7-ին և կազմված կլինի 65 անդամից` ընտրված 4 տարի ժամկետով:




Source URL: http://www.armenianow.com/hy/news/9571/capital_mayor_yerevan_chief_to_be


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.