Անօթևան` նոր տարվա շեմին. մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Բուզանդի բնակիչներին վտարեցին տնից

Անօթևան` նոր տարվա շեմին. մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Բուզանդի բնակիչներին վտարեցին տնից

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

«…մեզ ծեծ ու ջարդով տնից հանեցին ու արագ քանդեցին»,- ասում է Աբրահամյանը:

Երևանի կենտրոնում դեռ շարունակվում են «պետական կարիքների» անվան տակ քաղաքացիների վտարումները սեփական տներից` առանց համարժեք փոխհատուցման:
Համբարձումյանները սարսափով են սպասում այն օրվան, երբ իրենց տունն էլ, մյուսների պես, կքանդեն:


Դեկտեմբերի 10-ին` հենց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Բուզանդի փողոցի 83 հասցեի բնակչուհի Նաիրա Աբրահամյանին իր 4 անչափահաս երեխաների հետ վտարեց իր տնից, իսկ հայրական տունը քանդեցին, քանի որ քաղաքապետարանը այդ տարածքը` ճանաչելով «հանրային գերակա շահ», վաճառել էր հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր, բենզինի և դիզվառելիքի ներմուծման շուկայում գերիշխող դիրք ունեցող Բարսեղ Բեգլարյանի որդուն` Հայկ Բեգլարյանին:

«Էդ ո՞նց օլիգարխի շահը դարձավ հանրային գերակա շահ, ինչո՞վ է նրա շահը գերակա իմ շահից, որ շենք կառուցեն ու Հյուսիսային պողոտայի նման ուրվականների դատարկ փողոց սարքեն»,- հարցնում է Աբրահամյանը:

Կռվախնձոր դարձած Բուզանդի փողոցը Հանրապետության հրապարակից մինչև Մաշտոցի պողոտա ձգվող փոքրիկ փողոցն է, որի տներն օտարվում էին դեռևս 2002 թ. ի վեր, և Աբրահամյանների ընտանիքն այս փողոցի վերջին մոհիկաններից էր, որոնց ևս վտարման ճակատագիրը բաժին ընկավ:

«Այդ օրը (Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը) հենց մարդու իրավունքների պաշտպանը գնաց, սկսեցին մեզ վտարել: Մի մեքենա կարմիր բերետավորների էին բերել. ծեծ ու ջարդով մեզ տնից հանեցին ու արագ քանդեցին, որ հանկարծ տուն չմտնենք,- «ԱրմենիաՆաուին» ասում է 37-ամյա Աբրահամյանը: - Երկու տարեկան երեխաս դիվանին քնած էր, ըտենց հանել են երեխուս դուրս. ես էս ձմեռով ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ»:

Աբրահամյանների գերդաստանի տունը, որն ըստ փաստաթղթերի կառուցվել է 1915-70-ականներին, տարիներ առաջ բաժանվել է մասերի, և այժմ այստեղ ապրում են 3 առանձին ընտանիքներ`10 անդամներով, որոնց ընդհանուր տրվել է 37 մլն դրամ (94 000 դոլար):

Անշարժ գույքի գործակալներն ասում են, որ գրեթե անհնար է հաշվարկել փոխհատուցման համարժեք գումարը` հաշվի առնելով նման տների (սովորաբար` անմխիթար) վիճակը, տեղը և անշարժ գույքի` տարեցտարի տատանվող գները: (Որոշ դեպքերում նաև վախենում են գնահատել իրացվող տարածքների տները, քանի որ հետագայում դատարանում խնդիրներ կունենան տարածքը գնած օլիգարխների հետ:) Ինչևէ, գրեթե բոլորը համակարծիք են, որ ընդհանուր 10 անդամ ունեցող երեք ընտանիքները չեն կարող իրենց տրված գումարով համապատասխան բնակարան գնել:

Հիմնական բողոքն այն է, որ Աբրահամյաններին փոխհատուցել են տան (որում ապրում էին) ընդամենը մի մասի համար:

«Նրանք հաշվել են միայն 65 քմ, մինչդեռ մեր ողջ տունը 135 քմ է, և պետք է փոխհատուցեին այդ 135-ի դիմաց, այդ դեպքում կստանայինք այնքան գումար, որ հնարավոր կլիներ բնակարան գնել գոնե (Երևանի) ծայրամասերում, իսկ հիմա ուղղակի դրսում ենք մնալու»,- ասում է Նաիրան: (Վտարման օրից ընտանիքը ապրում է մի օր մի բարեկամի տանը, մի օր` մի ընկերոջ:)

Տան այն հատվածը, որը չի սեփականաշնորհվել և որի դիմաց չի տրվել փոխհատուցում, ապրում է Նունե Համբարձումյանի ընտանիքը` երկու անչափահասներով:

Նրանց զբաղեցրած տարածքը համարվում է ինքնակամ շինություն, որը տարիներ շարունակ չի սեփականաշնորհվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից` գնահատվելով 4-րդ աստիճանի վթարային շինություն (1-4 սանդղակով` 4-րդն ամենաանապահովն է):

«Հատուկ չէին սեփականաշնորհում, որ անտերի նման էսպես դուրս շպրտեն»,- ասում է Համբարձումյանը:

Մինչդեռ, սեփականության օտարման մասին օրենքով պահանջվում է փոխհատուցել նաև չսեփականաշնորհված շինություններ, եթե դրանք կառուցվել են մինչև 2001 թ. մայիսի 15-ը:

Թեև Համբարձումյանի բնակարանը կառուցվել է 30 տարի առաջ, և նա ունի դեռևս 1998 թ. քաղաքապետարանի կողմից տրված երկու տեղեկանք և հաստատված հատակագիծ, որտեղ նշված է նաև իր տան հատվածը: Քաղաքապետարանը պնդում է, որ նրա տունը կառուցվել է 2005 թ.: Համբարձումյանի` «ԱրմենիաՆաուին» տրամադրած փաստաթղթերից ոչ մեկը չեն համապատասխանում քաղաքապետարանի վերոնշյալ տվյալի հետ:

«Այս թղթերը դատարանը հաշվի չի առել: Հատակագիծը կա, պարտավոր են փոխհատուցում տալ, սակայն չեն ուզում: Մեր տան 1 քառակուսին գնում են 700 դոլարով: Տեղում սարքելու են 12 հարկանի շենք ու ամեն քառակուսին վաճառեն 1200 դոլարով, չեն ուզում անգամ իրենց շենքի մի հարկի գումարը ծախսել նորմալ փոխհատուցման համար»,- ասում է Համբարձումյանը:

2001 թվականից Հյուսիսային պողոտայի կառուցման գործընթացում օտարվեցին մոտ 5000 ընտանիքների տներ: Ըստ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի` ուսումնասիրության մոտ 50 տոկոսը դժգոհ է եղել և չի ստացել համարժեք փոխհատուցում, իսկ 15 քաղաքացիների գործեր այժմ գտնվում են Եվրոպական դատարանում:
ԱրմենիաՆաուի էջերում