Ցերեկային խնամքի կենտրոն Դարբնիկում. ՀԿ-ները թեթևացրել են մանկապարտեզ չունեցող, փախստականներով բնակեցված գյուղի ծնողների հոգսը

Ցերեկային խնամքի կենտրոն Դարբնիկում. ՀԿ-ները թեթևացրել են մանկապարտեզ չունեցող, փախստականներով բնակեցված գյուղի ծնողների հոգսը

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Դարբնիկ «փախստականների գյուղում» բացված նոր մանկական կենտրոնը:

Հայաստանի Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բնակություն հաստատած ադրբեջանահայ և իրաքահայ փախստականների երեխաների համար այսուհետ կգործի ցերեկային խնամքի կենտրոն: Տեղացիների խոսքով` կենտրոնը կթեթևացնի ծնողների հոգսը, ինչպես նաև հավելյալ աշխատատեղեր կստեղծի գյուղացիների համար:

Մանկական կենտրոնը հիմնվել է «Մշակութային ադապտացում կրթության միջոցով-2» ծրագրի շրջանակներում, որն իրականացրել են «Սեյվ դը չիլդրեն» («Փրկեք երեխաներին») և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ները` ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի վարչության ֆինանսավորմամբ:

Ծրագրի պատասխանատուների և Դարբնիկի գյուղապետի խոսքով` մանկական կենտրոնը կարևոր նշանակություն կունենա գյուղի համար, քանի որ գյուղում մանկապարտեզի բացակայության պայմաններում այն եզակի հնարավորություն է ընձեռում երեխաներին` իրենց տարիքին համապատասխան կրթություն և խնամք ստանալու համար: Մանկական կենտրոնի հիմնադրման համար ԱՄՆ պետդեպարտամենտը տրամադրել է 17 հազար դոլար, իսկ Դարբնիկի գյուղապետարանը`1 մլն 700 հազար դրամ (մոտ 5000 դոլար):

Դարբնիկ (գտնվում է Արարատի մարզում` Երևանից 8 կմ հեռավորության վրա) գյուղը 1130 բնակիչ ունի, որի 90 տոկոսից ավելին փախստականներ են: Խորհրդային տարիներին գյուղը բնակեցված էր ադրբեջանցիներով, որոնք 1988-ի նոյեմբերին հեռացան Հայաստանից` իրենց գյուղը թողնելով Ադրբեջանից Հայաստան եկած հայերին: Այժմ գյուղում կա 315 տնտեսություն, որից 26-ը 2009-ի ապրիլից գյուղում բնակություն հաստատած իրաքահայ փախստականներ են:

Հունվարի 13-ի առավոտյան իր դռները բացած մանկական կենտրոնում արդեն 26 երեխա է գրանցվել: Կենտրոնը նախատեսված է 40 երեխայի համար: Այն կաշխատի երկու հերթափոխով. առաջինը` ժամը 9-13-ը և երկրորդը`13-17-ը: Կենտրոնն ունի 4 աշխատակից, որոնք Դարբնիկի բնակիչ են, և տեղակայված է քառահարկ հանրակացարանի առաջին հարկում: Մյուս երեք հարկերում 1988-1990-ականներին Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներ են բնակվում:

«Սեյվ դը չիլդրն» ՀԿ նախագահ Իրինա Սաղոյանն ասում է, որ կենտրոնի վերանորոգման մեջ հանրային կարգով ներգրավված են եղել գյուղի բնակիչները, որոնք վճարվել են իրենց աշխատանքի դիմաց:

«Առայժմ երեխաները սնունդ չեն ստանա, բայց մոտ ապագայում մենք խոհանոցային կահույք կտրամադրենք ու կսկսենք աշխատել կրթության և գիտության նախարարության հետ, որպեսզի ցերեկային կենտրոնը վերածվի մանկապարտեզի: Համայնքը շատ պատրաստակամ է այս հարցում: Առայժմ ծախսերը մենք կհոգանք, մինչև կենտրոնը կպետականացվի»,- ասում է Սաղոյանը:

Կենտրոնում երեխաներն արդեն խաղում էին իրենց նոր խաղալիքներով` առանց ուշադրություն դարձնելու բարձրաստիճան հյուրերին:

«Շատ եմ ուրախացել, որ այս կենտրոնը բացեցին: Ե´վ երեխաս կզբաղվի ու կզարգանա, և´ ես մի քիչ ազատ ժամանակ կունենամ»,- ասում է 26-ամյա Արմինե Խաչատրյանը, որը 3-ամյա դուստր ունի:

Իսկ Անահիտ Պետրոսյանը, որ Իրաքում հեռախոսավարուհի է աշխատել, ասում է, որ շատ երջանիկ է նման աշխատանք ձեռք բերելու համար:

«Շատ եմ սիրում երեխաների հետ աշխատել»,- խոստովանում է նա:



ԱրմենիաՆաուի էջերում