Ցանկանում են գնալ, բայց «հրավիրված» չեն. հայ փրկարարները դեռևս չեն մեկնել Հայիթի
Հայ փրկարարների թիմը պատրաստ սպասում է «ՄԱԿ-ի հրավերին»՝ մեկնելու Հաիթի: Անցյալ հինգշաբթի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարեց, որ 52 հոգուց կազմված փրկարարական ջոկատը բերված է պատրաստականության վիճակի ու պատրաստ է մեկնելու և օգնության ձեռք մեկնելու Կարիբյան ավազանի կղզու վրա գտնվող աղետից տուժած երկրին: Փորձագետները նախապես ասել էին, թե Պորտ օ Պրենսում փլատակների տակ ողջ մնացած մարդկանց գտնելու հավանականություն գրեթե չկա: Սակայն շաբաթավերջին արդեն ավերված շենքերի տակ մնացած 70 մարդու կյանք էր հաջողվել փրկել: Այսօր (հունվարի 18-ին) նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանն «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց, որ թեև հայ փրկարարները շատ են ցանկանում օգնել (և ինչ-որ առումով վարձահատույց լինել 1988 թվականին Հայաստանին ցուցաբերած օգնության համար), Հայաստանը դեռևս կանչ չի ստացել ՄԱԿ-ից, որը Հայիթիին օգնություն տրամադրելու հարցերով զբաղվող պաշտոնական կազմակերպությունն է: Այն հարցին, թե ինչո՞ւ է նախարարությունը, նախքան պաշտոնական թույլտվությունը, հայտարարել, որ փրկարարական ջոկատը մեկնում է, Աբրահամյանը պատասխանեց, որ, թեև ժամկետները դեռևս հստակեցված չէին, նախարարությունը հայտնել է փրկարարական ջոկատ ուղարկելու իր պատրաստակամության մասին: Հայաստանից օգնության մեկնող ջոկատի կազմում ընդգրկված են փրկարարներ, բժիշկներ և թարգմանիչներ: Հայ փրկարարներն իրենց հետ ունեն նաև հատուկ վարժեցրած շուն, որը կօգնի նրանց գտնելու փլատակների տակ ողջ մնացածներին, ինչպես նաև զոհվածների մարմինները: 1988 թ. Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ վերականգնողական աշխատանքներն անհրաժեշտ են անգամ երկրաշարժից շաբաթներ անց, երբ դեռ անհրաժեշտ է զոհվածների մարմինները դուրս բերել փլատակների տակից: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ տեղյակ չեն` արդյոք ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում (Նյու Յորքում) Հայաստանի փրկարարական ջոկատի առնչությամբ որոշում ընդունվե՞լ է, թե՞ ոչ:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.