Ինտերակտիվ վարչապետը. Տիգրան Սարգսյանը բլոգ է ստեղծել
Պարզաբանելով բլոգ ստեղծելու իր հիմնական դրդապատճառը` իր առաջին գրառման մեջ (http://tigransargsyan.livejournal.com/ ) 50-ամյա վարչապետը նշել է. «Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը`զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ մտքերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ կկարողանաք ուղղակիորեն գրել ձեր կարծիքը»: Հունվարի 14-ից ակտիվացված բլոգն արդեն ունի 153 ընկերներ և ստացել է նույնքան մեկնաբանություններ, որում հայաստանցի և արտասահմանցի հայ բլոգերները ողջունում և հաջողություն են մաղթում վարչապետին վիրտուալ աշխարհում: Վարչապետը հասցրել է նաև որոշ հարցեր ստանալ: Անանուն բլոգերներից մեկը` ողջունելով վարչապետի նախաձեռնությունը, գրել է. «Դուք, անշուշտ, խելացի մարդ եք: Այս բլոգի ստեղծումն էլ վկայում է դրա մասին: Բայց ձեր ղեկավարած կառավարության գործողություններում խելքն ու խելամտությունը, կներեք, 4-րդ կարգի ու հաճախ չօգտագործվող գործոն է,- գրել է բլոգերն ու հարցրել,- լավ եք խոսում, բայց ինչո՞ւ խոսքին կոնկրետ գործողություններ չեն հետևում»: Բլոգում առայժմ «երթևեկությունը» միակողմանի է, և հնչած մի շարք հարցերին վարչապետի կողմից պատասխաններ դեռ չկան, սակայն, ըստ հավաստիացումների` բլոգը պարբերաբար թարմացվելու է: «Բլոգը, անշուշտ, կթարմացվի, հարցերին պատասխաններ կտրվեն հստակ պարբերականությամբ, չեմ կարող ասել, թե որքան ժամանակը մեկ, սակայն բնականոն ընթացքով»,- «ԱրմենիաՆաուին» ասում է վարչապետի օգնական Արամ Անանյանը: Հայաստանի պաշտոնյաներից մինչև օրս բլոգ են բացել նախագահ Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, սակայն դրանք ունեցել են զուտ ձևական բնույթ, առանց պարբերական թարմացման: Նախագահ Սարգսյանն իր բլոգը բացել էր մարտիմեկյան դեպքերից հետո`2008 թ. մարտի 10-ին, սակայն վերջին գրառումը եղել է նույն տարվա մարտի 26-ին, և դրանից հետո այն չի թարմացվել: «Ըստ իմ ունեցած տեղեկությունների` վարչապետի բլոգն առավել ակտիվ է գործելու, և հուսով եմ` նախորդ պաշտոնյաների չգործող բլոգների ճակատագրին չի արժանանա»,- «ԱրմենիաՆաուին» ասում է հայտնի բլոգեր Արթուր Պապյանը, որի տվյալներով այսօր հայկական բլոգ միջավայրում գրանցված են 3000 բլոգերներ, սակայն ակտիվ գործում են միայն 300-ը:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.