Գրիպից մինչև ձանձրույթ. մանկապարտեզները շարունակում են մնալ փակ, իսկ երեխաները` տանը

Գրիպից մինչև ձանձրույթ. մանկապարտեզները շարունակում են մնալ փակ, իսկ երեխաները` տանը

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Վերջին անգամ երեխաները մանկապարտեզ են այցելել դեկտեմբերի սկզբին:

Վերջերս հայկական մամուլում և հասարակության մեջ շատ են շրջանառվում այն լուրերը, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանկապարտեզների հաշվին խնայողություն անել: Երևանի 162 մանկապարտեզներից միայն 56-ը ունեն կենտրոնական ջեռուցման համակարգ: Մնացածը տաքացվում են էլեկտրական սալիկներով:

Սեզոնային գրիպի և խոզի գրիպի համաճարակի պատճառով անցյալ տարվա դեկտեմբերի 8-ից փակված մանկապարեզները կբացվեն միայն 2010-ի փետրվարի 1-ից, ի տարբերություն դպրոցների, որոնք վերաբացվեցին հունվարի 11-ին:

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ խնայողության մասին խոսք լինել չի կարող:

«Մենք գրություններ ենք ստացել շատ ծնողներից ու չջեռուցվող մանկապարտեզներից, որ դրանք փակվեն: Որոշվել է բոլոր մանկապարտեզները փակել (անկախ նրանից` ջեռուցվո՞ւմ են, թե՞ ոչ), որպեսզի միասնականություն լինի: Եթե բոլորը չփակեինք, դժգոհություններ կլինեին, թե ինչո՞ւ մի մանկապարտեզը գործում է, մյուսը` ոչ»,- ասում է Աչոյանը` ավելացնելով, որ մանկապարտեզների ջեռուցումը լուրջ խնդիր է, և առաջիկա 2-3 տարիներին քաղաքապետարանը նախատեսել է լուծել այդ հարցը:

ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց, որ նախարարության ամենօրյա մոնիթորինգի տվյալների համաձայն` սուր շնչառական վիրուսային հիվանդացության դեպքերը վերջին շրջանում պակասել են հինգ անգամ: Վերջին տվյալներով` հանրապետությունում գրանցվել է խոզի գրիպի 119 լաբորատոր հաստատված դեպք, որից 3-ը` մահվան ելքով:

Փակ մանկապարտեզները մեծ դժվարություններ են ստեղծել մանկահասակ երեխաներ ունեցող ծնողների համար: Այս երկու ամիսների ընթացքում աշխատող ծնողները ստիպված են երեխաներին պահելու այլընտրանքային միջոցներ փնտրել, օրինակ` հանձնել տատիկ-պապիկների խնամքին կամ էլ դայակ վարձել, ինչը չնախատեսված լրացուցիչ ծախս է շատ ընտանիքների համար:

29-ամյա Ֆրիդա Ղազարյանը, որի երեքամյա դստերը խնամում են տատիկն ու պապիկը, թեև արդարացված է համարում համաճարակի պատճառով մանկապարտեզները փակելը, սակայն կարծում է, որ այս դադարը հատկապես վատ է անդրադառնում երեխայի վրա:

«Տատիկն ու պապիկը չեն կարող ամբողջ օրը երեխայի հետ խաղալ, տանը երեխան ձանձրանում է: Քանի որ երեխան չի կարող իր եռանդը վատնել, նյարդային վիճակի մեջ է ընկնում»,- ասում է Ղազարյանը:

Այդուհանդերձ, ավելի քան 50 մասնավոր մանկապարտեզներ շարունակում են գործել (ամսավճարը` 300 դոլար): Պետական մանկապարտեզների մի մասն անվճար է, մյուսները` ամսական 15-30 դոլար, որը կապված է քաղաքապետարանի որոշման հետ:
ԱրմենիաՆաուի էջերում