Հակակրա՞նք, թե՞ պայմանագրի խախտում. Գյումրու բնապահպանական կենտրոնը բախման մեջ է մարզպետի հետ
Ապօրինի ծառահատում Շիրակի մարզում Հիմնադրման պահից` 2007 թ.-ից, կենտրոնում որպես համակարգող աշխատող Գևորգ Պետրոսյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ անցյալ տարի իրենց կենտրոնը զեկուցել է Գյումրու կենտրոնի կանաչ տարածքում Շիրակի մարզպետի իրականացրած ապօրինի ծառահատումների մասին: «Օրհուսը» զեկուցել է նաև ապօրինի շինարարության մասին: Կենտրոնը փակվել է դեռ անցյալ շաբաթ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հանձնարարականով` այն պատճառաբանությամբ, որ ավարտվել է համակարգող Պետրոսյանի հետ կնքված պայմանագիրը: Ըստ Պետրոսյանի` պայմանագրով ՀՀ Շիրակի մարզպետարանը պատասխանատվություն է կրում կենտրոնի գույքի համար, ի պահ է վերցնում այն, մինչև նոր պայմանագրի կնքումը: Կենտրոնը ստեղծվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ բնապահպանության նախարարության և Շիրակի մարզպետարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Ինչպես «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց Պետրոսյանը, անցյալ տարի նույն ժամանակատվածում, երբ լրացել էր իր պայմանագրի ժամկետը, մարզպետարանը նման քայլի չէր դիմել, և ինքն առանց պայմանագրի աշխատել էր երկու ամիս: Կենտրոնը նաև վարչական դատարան հայց է ներկայացրել Շիրակի մարզպետի դեմ` Արթիկ քաղաքում ջրագծի անցկացման նպատակով տրամադրած շինարարության թույլտվության համար, որը տրվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության: «Այսօր մարզպետարանը վրեժ է լուծում Գյումրու «Օրհուս» կենտրոնից` իր աշխատանքը պարտաճանաչ և բարեխիղճ կատարելու համար»,- ասում է Պետրոսյանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակից «ԱրմենիաՆաուին» տեղեկացրին, որ շուտով կենտրոնի համակարգողի հետ նոր պայմանագիր կկնքվի, և այն կշարունակի իր գործունեությունը: Շիրակի մարզպետարանի լրատվության պատասխանատուն ասաց, որ ինքը տեղեկություններ չունի կենտրոնի փակման վերաբերյալ, իսկ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը չէր պատասխանում հեռախոսազանգին:
Other Articles in Բնապահպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.