Օգնություն բնակարան ձեռք բերելու համա՞ր. հիփոթեքային ծրագիրը արդյունք կտա՞, թե՞ պարզապես փիար ակցիա է

Օգնություն բնակարան ձեռք բերելու համա՞ր. հիփոթեքային ծրագիրը արդյունք կտա՞, թե՞ պարզապես փիար ակցիա է

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Մասնագետները թերահավատորեն են վերաբերվում կառավարության բնակարանային նոր ծրագրին:

Հիփոթեքային ծրագիրը, որը նախատեսված է աջակցելու երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան ձեռք բերելու, քննադատության թիրախ է դարձել շատերի կողմից` դրված պահանջների և բարձր տոկոսադրույքների պատճառով:

Հունվարի 30-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդ ընտանիքներին կտրամադրվի հիփոթեքային արտոնյալ վարկ 8-10% տոկոսադրույքով:

Ծրագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ԿԲ կողմից ներդնել 3 մլրդ դրամ (շուրջ 8 մլն դոլար), որը կբավականացնի մոտ 300 ընտանիքի ֆինանսավորմանը, մինչդեռ, ըստ «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի» տվյալների` Հայաստանում հազարարավոր երիտասարդ ընտանիքներ բնակարան գնելու համար նման աջակցության կարիք ունեն:

Ըստ տնտեսագետ Միհրան Սիմոնյանի`մրցակցությունը մեծ է լինելու, ինչն էլ մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը:

«Սա նշանակում է` կշատանան ատկատները (ապօրինի միջնորդավճար), որը վարկ ստանալու համար մեզանում տարածված երևույթ է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սիմոնյանը` հավելելով, որ մտավախությունների տեղիք են տալիս նաև վարկի տրամադրման պայմանները:

Ըստ չափորոշիչների` ծրագրին կարող են մասնակցել այն ամուսնական զույգերը, որոնց գումարային տարիքը չի գերազանցում 65-ը:

Ձեռք բերվող բնակարանի գինը Երևանում չպետք է գերազանցի 16 մլն դրամը (42000 դոլար), իսկ մարզերում՝ 10 միլիոնը (26000 դոլար), իսկ պահանջվող կանխավճարը 30% է, այսինքն` երիտասարդ ընտանիքը նախնական պետք է ունենա ամենաքիչը 5 մլն դրամ (12000 դոլար) և ամսական առնվազն 300.000 դրամի եկամուտ (789 դոլար):

Գրեթե բոլոր առևտրային բանկերն առաջարկում են հիփոթեքային բնակարանային վարկեր, որտեղ ևս պահանջվում է կանխավճար բնակարանի արժեքի 20-50 տոկոսի չափով, իսկ տարեկան տոկոսադրույքը 12-18 է, մարման ժամկետը՝ 10-15 տարի:

«Ստացվում է, որ այս ծրագիրն առանձնապես չի տարբերվում առևտրային բանկերի պահանջներից, այսինքն` պետությունն օգնում է, ասենք, ամսական 25000 դրամով, և դա էլ հասանելի է միայն այն երիտասարդներին, որոնք իրականում դրա կարիքը չունեն,- ասում է երկու երեխաների հայր Մկրտիչ Կարախանյանը, ով վարձով է ապրում և մեծ հույսեր էր կապում այս ծրագրի հետ: - Ես հույս ունեի, որ գոնե կանխավճար չի լինի, քանի որ երիտասարդ ընտանիքների համար ամենամեծ խնդիրը հենց կանխավճարն է»:

Իսկ Ազգային նոր պահպանողական շարժման (ակտիվիստների խումբ, որը պայքարում է քաղաքացիական հասարակության զարգացման համար) նախագահ Էդգար Հելհելյանը համոզված է, որ ծրագիրն ավելի շատ փիար ակցիա է:

«Պատճառը ներկայացվող պահանջներն են, 5 մլն դրամ կանխավճարը, իսկ նման հնարավորություն Հայաստանում ունեն միայն մի քանի տասնյակ ընտանիքներ»,- ասում է Հելհելյանը:
ԱրմենիաՆաուի էջերում