Ամուսնություն և ամուսնալուծություն. երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ազդում է ընտանեկան կարգավիճակի վրա

Ամուսնություն և ամուսնալուծություն. երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ազդում է ընտանեկան կարգավիճակի վրա

Ֆոտոլուր

Մասնագետների (Ադիբեկյան, Կույումջյան) հավաստմամբ՝ թեև ամուսնությունների թիվն աճել է, ծնելիությունը, ընդհակառակը, նվազել է:

Վերջին տարիներին, 1990-ական թվականների հետ համեմատած, Հայաստանում ավելացել է ամուսնությունների թիվը: Այդ մասին այսօր (փետրվարի 3-ին) հայտարարեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը` ավելացնելով, որ վիճակագրական տվյալների հավաքումը հիմնված է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակից վերցված տվյալների, այսինքն`միայն գրանցված ամուսնությունների վրա:

«1990 թ. մենք ունեցել ենք 28 հազար ամուսնություն, 2000-ին դրանց թիվն արդեն հասել է 11 հազարի, իսկ անցյալ տարի Հայաստանում գրանցվել է 18 773 ամուսնություն, այսինքն`դրանք սկսել են աստիճանաբար ավելանալ»,- ասում է ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ըստ Կույումջյանի` 2000 թ. համեմատ (մոտ 1000 ամուսնալուծություն) 2009-ին ավելացել է նաև ամուսնալուծությունների թիվը (2929 ամուսնալուծություն):

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ 90-ականներին ամուսնալուծությունների նվազումը պայմանավորված է եղել բնակչության սոցիալական պայմաններով:

«Մարդիկ ինչքան վատ են ապրում, այնքան քիչ են ամուսնալուծվում, որովհետև առանձին ապրելու հնարավորություն չունեն»,- ասում է Ադիբեկյանը, ով ավելի շատ մտահոգված է վերջին տարիներին ծնողների` ավելի քիչ երեխա ունենալու միտումով:

«Մեր հաշվարկներով` մինչև 2050 թ. Հայաստանն ունենալու է 2 մլն բնակչություն: Կարծում եմ` Ղարաբաղի կամ Արևմտյան Հայաստանի հողերի հարցը լուծելուց առաջ իշխանությունները պետք է մտահոգվեն ծնունդների նվազումով: Ո՞ւմ են պետք այդ հողերը, եթե մարդ չի լինելու, որ բնակվի այնտեղ»,- հարցնում է Ադիբեկյանը` ավելացնելով, որ այժմ գյուղական բնակավայրերում ծնողները նախընտրում են ունենալ 2-3, իսկ քաղաքներում` 1-2 երեխա` համապատասխանաբար նախկին 3-4 և 2-3 երեխայի փոխարեն:

Ադիբեկյանը նաև նշում է, որ պաշտոնական վիճակագրությունը չի տալիս իրավիճակի ճշգրիտ պատկերը, քանի որ «Հայաստանում շատ են «թաքնված» ամուսնություններն ու ամուսնալուծությունները, այսինքն` դրանք չեն գրանցվում»:
ԱրմենիաՆաուի էջերում